Կառավարության ծրագիրն առոչինչ է, եթե…

Առաջիկա 5 տարիների համար կառավարության ներկայացրած գործունեության ծրագիրը լավն է, թե վատը, ոչ մի նշանակություն չունի։ Երբ կառավարությունը չի կարողանում լուծել երկրի անվտանգության հետ կապված տարրական խնդիրները, ցանկացած ծրագիր անիմաստ է դառնում։

Ի վերջո, ծրագիր ներկայացնելը մի բան է, իրականացնելը՝ մեկ այլ բան։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած նախորդ կառավարությունների գործունեությունը ցույց է տվել, որ ներկայացրած ծրագրերը ոչինչ չարժեն։ Դրանք, այսպես թե այնպես, մնացել են թղթի վրա կամ արվել է ճիշտ հակառակը։

Այդ ծրագրերով Հայաստանի «հպարտ» քաղաքացուն խոստանում էին երջանիկ ու լուսավոր ապագա։ Այսօր ոչ միայն անիմաստ է խոսել երջանիկ ու լուսավոր ապագայի մասին, այլև ապագան ընդհանրապես վտանգված է։ Դա նույնիսկ կառավարության ղեկավարն է խոստովանում։

«Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրն անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի՝ դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակն արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը»,- Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելիս՝ իր խոսքն այսպիսի ծանր նախաբանով սկսեց Նիկոլ Փաշինյանը։ Այն Նիկոլ Փաշինյանը, որն իր գլխավորած նախորդ կառավարությունների ծրագրերում բոլորովին այլ ապագա էր խոստանում Հայաստանին ու Արցախին։

Ահա մի հատված այդ ծրագրերից՝ «Կառավարության արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է Հայաս­տանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությանը, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ և իրավահավասար հարա­բերությունների շարունակական զարգացմանը, միջազգային ու տարածաշրջա­նային գործընթացներին Հայաստանի ներգրավվածության ավելացմանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացմանը՝ Հայաստանի կայուն զարգացմանը և տնտեսության արդիականացմանը, նոր շուկաներ մուտքի ապահովմանը և դեպի Հայաստան ու Արցախ օտարերկրյա ներդրումների ավելացմանը։

Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը գործելու է՝

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։

Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»։

Թե ինչքանո՞վ են Նիկոլ Փաշինյանի գլխավորած նախորդ կառավարությունները կատարել իրենց առջև դրված այս խնդիրները, վկայում է Արցախում ու Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակը։ Ոչ միայն վտանգված է Արցախի, այլև Հայաստանի անվտանգությունը։

Ձախողումները միայն անվտանգության հետ չեն կապված։ Նույնը նաև մյուս ոլորտներում է՝ պետական կառավարում, տնտեսություն, սոցիալական հատված և այլն։

«Պետական կառավարման ուռճացված համակարգը՝ իր տեսանելի և անտեսանելի մարմինների չարդարացված ճոխությամբ, գործառույթների և ոլորտների կրկնողությամբ, դրա հետևանքով առաջացած անարդյունավետությամբ, պատասխանատվության մեխանիզմների անորոշությամբ, հիմնազուրկ բեռ է հարկ վճարողների համար և լրջագույն խոչընդոտ՝ Հայաստանի մրցունակության բարձրացման ճանապարհին»,- սա հատված է կառավարության նախորդ ծրագրից։ Եվ ի՞նչ ունենք արդյունքում՝ պետական կառավարման համակարգում այսօր ավելի շատ մարդ կա ընդգրկված, քան նախկինում էր, ու նրանք նստած են պետական բյուջեի վրա։ Ոչ միայն աշխատավարձ են ստանում, այլ պարգևավճարներ։

Նախորդ կառավարության ծրագրում ոչ մեծ՝ 5 տոկոս տնտեսական աճի հավակնություններ էին ներկայացրել, թեև հեղափոխական ու թռիչքային աճերից էին խոսում։ Բայց 5 տոկոս աճն էլ չկարողացան ապահովել։ Հիմա 7, նույնիսկ 9 տոկոսից են խոսում։ Կարող էին նաև ավելի մեծ նշաձող վերցնել։

Խնդիրը նշաձողի մեջ չէ, խնդիրը դրված ծրագրերի կատարման մեջ է։ Եթե դրանք չպիտի կատարվեն ու մնան թղթի վրա, ոչ մի նշանակություն չունի, թե ինչպիսին կլինի տնտեսական աճի նպատակադրումը։ Նախորդ ծրագրերը անգամ կիսով չափ կատարվելու դեպքում էլ հիմա մենք կարող էինք բոլորովին այլ տնտեսական ու սոցիալական իրավիճակ ունենալ։

Նիկոլ Փաշինյանը դժգոհում է, որ մեր տնտեսության արտադրողականությունը շատ ցածր է։ Բայց խուսափում է ասել, թե իր վարչապետության շրջանում որքանո՞վ է բարձրացել տնտեսության արտադրողականությունը կամ ընդհանրապես բարձրացե՞լ է, թե՞ նվազել։ Արտադրողականության մասին երկար-բարակ չխոսելու համար, ընդամենը արձանագրենք, որ այն բարձրացնելու համար հարկավոր են ներդրումներ, իսկ ներդրումներն այս իշխանության օրոք հասել են մինիմումի, չնայած կառավարության ծրագրերն այլ բան էին ազդարարում։

Սա է իրականությունը։

Ունենք այն, ինչ ունենք։ Ընդ որում, ինչպես տնտեսության ոլորտում, այնպես էլ՝ սոցիալական հատվածում։

Նախատեսել էին վերացնել ծայրահեղ աղքատությունը, հիմա կրկին նախատեսում են։ Պարզ է չէ՞, թե ինչու, որովհետև նախկին ծրագիրը նույնիսկ մասնակի չեն կարողացել կատարել։ Հիմա Հայաստանում ծայրահեղ աղքատության մակարդակը շատ ավելի բարձր է, քան այն ժամանակ, երբ կառավարությունը ծրագիր էր ներկայացնում ու խոստանում վերացնել ծայրահեղ աղքատությունը։

Կասկած չկա, որ եթե այս իշխանությունը կրկին վերարտադրվի, ծայրահեղ աղքատության վերացման խնդիրը դարձյալ արդիական է լինելու։

Նախկինում ասում էին՝ պարբերաբար կբարձրացնենք կենսաթոշակները՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ։ Այդ պարտավորությունը չկատարեցին, հիմա ուրիշ բան են մոգոնել. նախատեսում են նվազագույն և միջին կենսաթոշակի չափերը հավասարեցնել, համապատասխանաբար, պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, նվազագույն աշխատավարձն էլ դարձնել 85 հազար դրամ։

Ծրագրեր գրելը և ներկայացնելը դժվար բան չէ։ Կարևորը ոչ այնքան այդ ծրագրերն են, որքան դրանց իրականացումը։ Նույնիսկ ամենավատ ծրագրի իրականացումը շատ ավելի լավ է, քան ամենալավ ծրագրի ձախողումը։

Ոչ մի նշանակություն չունի, թե ինչ է գրված կառավարության ծրագրում, եթե այն չի իրականանալու։ Այնպես, ինչպես մինչև հիմա չեն իրականացել Նիկոլ Փաշինյանի գլխավորած նախորդ կառավարությունների ծրագրերը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս