«Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման մեղավորը նաև այն դատավորներն են, որոնք դեռ շարունակում են դատարանի նախագահին ու ԲԴԽ նախագահին «շեֆ»-ով դիմել ու կոնյակ-բոնբոներկայով գնալ վերջինիս մոտ». Կարինե Պետրոսյան

Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, այժմ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Կարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով տեղեկացրել էր՝ սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչական դատարանում քննվելու է իր հայցն ընդդեմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի՝ ԲԴԽ անդամ (ներկայումս արդեն ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դադարելու վերաբերյալ հայտարարություն տարածելու պահանջի մասին:

Վերջինս կարծում է՝ հնարավոր էր փրկել և թույլ չտալ դատական իշխանության երերումը, եթե Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իրականացներ «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետով իր վրա դրված պարտականությունը և հայտարարություն տարածեր տարիքը լրանալու կապակցությամբ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ:

«Այն անդամի, որ դատական իշխանություն էր եկել հատուկ առաքելությամբ և, օգտվելով իրեն ուղղորդած իշխանության վերարտադրությունից, փորձում է ապահովել դրա վերահսկողությունը դատականի նկատմամբ»,- գրել էր նախկին դատավորը:

Հիշեցնենք, որ 2021թ. հունվարի 15-ին 168.am-ի հետ զրույցում Կարինե Պետրոսյանն ասել էր, որ եթե Գագիկ Ջհանգիրյանը գար ԲԴԽ, տարիքը լրանալուց մեկ օր էլ անցներ, նույնն է թե՝ ԲԴԽ 120 տարեկան մեկը գա:

«Որևէ տարբերություն չկա, խախտումը նույնն է: Նրա՝ ԲԴԽ գալու դեպքում ԲԴԽ նախագահը պետք է նույն Սահմանադրության 160-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման կարգով հայտարարություն տարածի, որ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարել են»,- նշել էր նախկին դատավորը:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարություն այդպես էլ չտարածեց, և հենց սրա իրավաչափության հարցն է Կարինե Պետրոսյանը վիճարկում դատարանում:

«Երբ Գագիկ Ջհանգիրյանն ընտրվեց Ազգային ժողովի կողմից, այդ օրերին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նույնիսկ հայտարարում էր, որ նա օրենքի խախտմամբ է ընտրվել, իրավունք չուներ և այլն: Եվ չնայած դրան՝ ինքն այդպես էլ այդ հայտարարությունը չտարածեց»,- ասաց Կարինե Պետրոսյանը:

Վերջինս նշեց՝ դրանից հետո Գագիկ Ջհանգիրյանն իր՝ Կարինե Պետրոսյանի առնչությամբ կարգապահական վարույթի ժամանակ հանդես է եկել որպես կողմ, ԲԴԽ անդամ:

«Եվ չնայած որ իրենք իմ նկատմամբ պատիժ չսահմանեցին, ես պնդում էի, որ ԲԴԽ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտմամբ, որովհետև ԲԴԽ-ն հանդես չի եկել՝ որպես օրինական դատարան»,- նշեց նախկին դատավորը:

Իր խնդիրը, ըստ Կարինե Պետրոսյանի, այն է, որ սեպտեմբերի 20-ին կայանալիք դատական նիստի ժամանակ միջնորդի՝ դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ հասկանալու համար, թե արդյոք Ազգային ժողովի՝ այդ նորմի իրավակիրառ պրակտիկան համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ:

«ԲԴԽ-ում այսօրվա Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման մեղավորը ոչ միայն իշխանություններն են, այլև դատական իշխանությունում մնացած այն դատավորները, որոնք դեռ շարունակում են դատարանի նախագահին ու ԲԴԽ նախագահին «շեֆ»-ով դիմել, կոնյակ-բոնբոներկայով գնալ ԲԴԽ նախագահի մոտ ընդունելության, Գագիկ Ջհանգիրյանի համար հաճելի որոշման դիմաց տղային դատավոր դարձնելու խոստում ստանալ»,- ասաց Կարինե Պետրոսյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամը կարծում է՝ դատական իշխանությանը, այո, վեթինգ պետք է, բայց ոչ թե իշխանությունների պատկերացրած վեթինգը:

«Իսկապես անկախ մարմնի կողմից պետք է ընդունվեն չափորոշիչներ, ու նշված մարդիկ առհասարակ տեղ չպիտի ունենան դատական իշխանությունում»,- ասաց  նախկին դատավորը:

Հարցին՝ ինչ ակնկալիքներ ունի վարչական դատարանից, Կարինե Պետրոսյանը պատասխանեց՝ հաշվի առնելով վերջին շրջանում վարչական դատավարության մասով Գագիկ Ջհանգիրյանի հետ «ջերմ» հարաբերությունները, ինքն այս պահին որևէ կանխակալ կարծիք չի ուզում արտահայտել:

«Բայց ես ամենասկզբից խոստացել եմ՝ պայքարը մինչև վերջ եմ տանելու: Այստեղ խնդիրն ինստիտուցիոնալ է, ոչ թե կոնկրետ անձի հետ է պայմանավորված: Կոնկրետ որևէ մեկի դեմ ոչինչ չունեմ: ԲԴԽ նախագահի տեղում Գագիկ Հարությունյանն է եղել, խախտում եմ տեսել, նույն պայքարն եմ տարել, նույն հիմքով վաղը ուրիշ մարդ գա, էլի տանելու եմ այդ պայքարը: Եթե մարդու տարիքը լրացել է, ինքը չի կարող պաշտոնավարել: Հիմա եթե ՍԴ-ն այդ իրավակիրառ պրակտիկան ճիշտ կհամարի, մենք էլ կփակենք այդ հարցը, որ էլ երբեք դրան չանդրադառնանք»,- ասաց Կարինե Պետրոսյանը:

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք առիթ չի ունեցել Ռուբեն Վարդազարյանին անձամբ հարցնել, թե ինչու, ի վերջո, նա այդ հայտարարությունը չարեց:

«Մենք, իհարկե, շատ մոտ ընտանեկան հարաբերություններ ունենք միմյանց հետ, բայց երբեք չենք խառնում աշխատանքային և անձնական հարաբերությունները: Մենք էլի նույն կերպ շփվում ենք, մասնակցում միմյանց ընտանեկան միջոցառումներին, բայց երևի երկուսիս արժանիքն էլ այն է, որ երբեք աշխատանքն ու ընկերությունը չենք խառնել իրար»,- եզրափակեց Կարինե Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս