Թուրքիան լուրջ խաղեր է խաղում տարածաշրջանում, որոնց ռազմավարական նպատակն է՝ հնարավորինս թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը. Թուրքագետ

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը, որի ավարտին ընդունված հայտարարության մեջ առանձին անդրադարձ կա նաև Հայաստանին։

Թուրքական «Anadolu» պետական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԱԽ-ի հայտարարության մեջ նշվել է հետևյալը. «Հայաստանը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից ու գործողություններից և պետք է գնահատի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հնարավորությունը, որն ի հայտ է եկել երկար ժամանակ անց»։

Բացի դրանից՝ Հայաստանի ղեկավարությանը կոչ է արվել «զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ՝ հավատարիմ մնալով վերցրած պարտավորություններին»։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ այս հայտարարությունն արվել է իբրև այն սպառնալիքների և ճնշման քաղաքականության շարունակություն, որը 44-օրյա պատերազմից հետո որդեգրել են Ադրբեջանը և Թուրքիան:

«Ըստ էության, այդ ճնշումները Հայաստանի վրա գնալով կուժեղանան, և դրանք արվում են ոչ միայն հռետորաբանության մակարդակով, այլ տեսնում ենք՝ Թուրքիայի կողմից անընդհատ զորավարժություններ են արվում Հայաստանի հետ սահմանի հարևանությամբ, ադրբեջանական ստորաբաժանումներն են մտնում Հայաստանի տարածք և դուրս չեն գալիս, ադրբեջանցիներն անընդհատ պրովոկացիաներ են իրականացնում, և այլն:

Այսինքն՝ այդ ամբողջը պետք է դիտարկել այդ ճնշումների քաղաքականության շրջանակներում»,- ասաց թուրքագետը 168.am-ի հետ զրույցում:

Քանի որ հայտնի է դարձել, որ հոկտեմբերին սպասվում են համատեղ զորավարժություններ նաև  Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի  մասնակցությամբ՝ Ռուբեն Սաֆրաստյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Թուրքիան այսպիսով նաև Վրաստանին է փորձում ներքաշել Հայաստանի դեմ տարվող խաղի մեջ, նա ի պատասխան՝ նշեց.

«2006 թվականից Թուրքիան մեր տարածաշրջանում սկսել է ակտիվորեն ստեղծել մի առանցք, որը պետք է կազմված լինի Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան երկրներից, և դրա նպատակներից է՝ մի կողմից՝ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը  մեր տարածաշրջանում, և մյուս կողմից՝ մեկուսացնել Հայաստանը:

Բայց, կարծում եմ՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի համար այդ առանցքը այնքան մեծ նշանակություն չունի, ինչպես մինչ պատերազմն էր, որովհետև  պատերազմը փոխեց աշխարհաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում. Թուրքիան հնարավորություն ստացավ մտնել տարածաշրջան ռուս-թուրքական մինտորինգային կենտրոնի միջոցով: Այժմ Թուրքիայի համար արդեն առավել առաջնային է դառնում՝ իր ազդեցությունը ոչ միայն առանցքի միջոցով տարածել, այլ ընդհանրապես՝ ամբողջ տարածաշրջանի վրա, և հենց դրան է ծառայում Թուրքիայի կողմից պատերազմից հետո ներկայացված « 3+3» նախաձեռնությունը»:

Հիշեցնենք՝ դեռ հունվարին Ստամբուլում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները ծրագրում են ընդլայնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ ձևավորելով «3+3» ձևաչափը։ Դեռ հունվարի 29-ին «3+3» ձևաչափ ասելով՝ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նկատի ունի Հայաստանին, Ռուսաստանին, Ադրբեջանին, Իրանին, Վրաստանին և Թուրքիային։

«Այնպես որ, Թուրքիան լուրջ խաղեր է խաղում մեր տարածաշրջանում, որոնց ռազմավարական նպատակն է՝ հնարավորինս թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը, և եթե հաջողվի՝Ռուսաստանին նաև ընդհանրապես դուրս մղել տարածաշրջանային գործընթացներից»,- նշեց Ռ. Սաֆրաստյանը՝ նկատելով, սակայն, որ տեսանելի ապագայում Թուրքիային չի հաջողվի հասնել այդ գերագույն նպատակին:

Նրա համոզմամբ՝ Թուրքիան կձախողի նաև Հայաստանի վրա ճնշումը մեծացնելու համար Վրաստանին օգտագործելու հարցում, քանի որ, թեև Վրաստանում Թուրքիայի դիրքերը գնալով ուժեղանում են, սակայն Վրաստանի համար առաջնահերթություն է մնում Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ ինտեգրումը, և քանի որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները ևս ունեն իրենց դերակատարումը:

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական օրակարգերից չիջնող «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկումներին՝ թուրքագետը շեշտեց. «Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ այդ միջանցքը չստեղծվի, պետք է դրան հակազդել բոլոր միջոցներով, և պետք է պայքարել՝ բացի Ռուսաստանից դրանում ներգրավելով նաև մեր այլ դաշնակիցներին, որոնք հասկանում են, որ այդ միջանցքը փոխելու է աշխարհաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում: Այն պանթուրքիստական ծրագրի մաս է կազմում և ռազմական նշանակություն ունի Թուրքիայի համար»:

Ի պատասխան հարցին էլ, թե՝ գործող իշխանություններն ի վիճակի՞ են հակազդել՝ մեր զրուցակիցը նկատեց, որ Արտգործնախարարությունում կան պրոֆեսիոնալներ:

Տեսանյութեր

Լրահոս