Ո՞ւմ համար է հետախուզության լավ ընկեր Արշակ Կարապետյանը, կամ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն Արշակ Կարապետյանի վրա «խաչ» չէր քաշել

Հրամայված է կրակե՞լ

Արցախյան վերջին պատերազմից հետո՝ նոյեմբերի 20-ին, Վաղարշակ Հարությունյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Այս ընթացքում Ադրբեջանը, ըստ էության, տարածքային առաջխաղացումներ ունեցավ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, իսկ մայիսի 12-ին ադրբեջանցի զինվորներն անարգել մտան ՀՀ ինքնիշխան տարածք, և արդեն մոտ երեք ամիս է՝ թշնամու 1000 զինծառայող շարունակում է մնալ ՀՀ տարածքում և բարելավել սեփական դիրքերը:

Այդ ընթացքում, ինչպես իշխանական հայտարարություններից, տարածվող տեսանյութերից, ՊՆ հաղորդագրություններից կարելի էր հասկանալ՝ հրամայված է չկրակել և թշնամուն դիմակայել ձեռնամարտի միջոցով:

Պարզ է՝ Վաղարշակ Հարությունյանն անում էր այն, ինչ հրահանգում էր երկրի քաղաքական ղեկավարությունը, կամ առնվազն չէր առարկում:

Բայց, երբ արդեն հայտնի դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տալու, և Արշակ Կարապետյանը դեռ հուլիսի 13-ին զուտ պաշտպանության նախարարի թեկնածու է դիտվում, բայց արդեն «գործի» է անցել, սահմանային իրավիճակի մասին ՊՆ հաղորդագրությունների «լեզուն» փոխվեց, դադարեցին ծեծվող զինվորականներով տեսանյութերի տարածումը: Այսինքն, սկսեցինք կրակել և խոսել հակազդող կրակոցներից:

Այլ հարց է, որ ՀՀ սահմանային տարբեր հատվածներում լուրջ լարվածություն սկսվեց՝ փոխհրաձգությունից մինչև դիվերսիա:

Մասնավորապես, հուլիսի 14-ին ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում:

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:

«Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Հուլիսի 23-ին հերթական հաղորդագրությունից տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև: Հայկական կողմն ունեցել է երեք վիրավոր, ադրբեջանական կողմը՝ մեկ կորուստ:

Այս դեպքից 4 օր անց՝ հուլիսի 27-ին, 168.am-ին հայտնի դարձավ, որ արդեն ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա, որի ընթացքում հանդիպելու է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Մի քանի օր տևած այցի շրջանակում հանդիպումները չլուսաբանվող էին:

Հուլիսի 28-ին արդեն Սոթքից մինչև Վերին Շորժա ծավալվեցին մարտական գործողություններ: Ավելին, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական կողմը հայկական դիրքի վրա հարձակում էր գործել, գրավել, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ երեք զոհ, 5 վիրավոր: Այնուհետև ռուսական կողմի միջնորդությամբ կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, ինչը, իհարկե, ադրբեջանական կողմը չհարգեց, և մինչև այսօր կրակոցներ, ԱԹՍ-ների թռիչքներ են արձանագրվում:

Հարց՝ հայկական ռազմաքաղաքականությո՞ւնն է փոխվել, թե՞ Արշակ Կարապետյանի որոշումն էր չկրակելու հրամանը խախտելը:

Օրինակ, հուլիսի 25-ին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում տալով թուրքական հատուկ ծառայություններին, գրել էին, որ ՀՀ-ն անցել է նախկին ռազմաքաղաքականությանը, քանի որ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը, ի տարբերություն Վաղարշակ Հարությունյանի, այսպես ասած, ավելի «կոշտ կեցվածքի և դրվածքի գեներալ է»:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը երեկ ՊՆ անձնակազմին ներկայացնելով Արշակ Կարապետյանին՝ որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար, և խոսելով ստեղծված իրավիճակից, հայտարարեց, թե «ճակատագիրը հենց մեր վրա է դրել, այս օրակարգն առաջադրել և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից», այնուհետ շարունակեց.

«Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում»:

Իսկ օրակարգը դելիմիտացված, դեմարկացված սահմաններ ունենալն է և ապաշրջափակումը: Վերջինը, ըստ Փաշինյանի, ոչ թե ադրբեջանական, այլ հայկական օրակարգ է: Սա խոսելու մեկ այլ թեմա է:

Ի՞նչ խնդիր է լուծում Փաշինյանն Արշակ Կարապետյանի նշանակմամբ

Իսկ այն, որ զինված ուժերը նորից պիտի առաջ տանեն Փաշինյանի պարտադրած օրակարգը, մտածելու տեղիք է տալիս. ադրբեջանական փորձագետները կարծում են, որ Արշակ Կարապետյանի նշանակումը ՊՆ պաշտոնին վերնախավի տրամադրությունների բարոմետր է ծառայելու:

Երկրորդ՝ կարծիք կա, որ, ամեն դեպքում, բանակն է շարունակում մնալ միակ ուժը, որն ուզած պահի կարող է դեմ գնալ Փաշինյանին, կամ՝ աջակցել:

Ըստ էության, առաջին նման փորձը չվերածվեց լուրջ գործողության, ռազմական հեղաշրջման, որի մասին երազում էր ընդդիմությունը: Բայց վտանգը, որ ոչ լոյալ գեներալները կարող են ինչ-որ պահի Փաշինյանին դեմ գնան, գուցե մնում է: Այսինքն, գեներալների լոյալությունը, թերևս, կարող է դեռ ամեն պահի փոխվել, ըստ այդմ՝ Արշակ Կարապետյանն այն մարդն է, որը կարող է «բռի մեջ» հավաքել գեներալիտետին, և, թերևս, վստահելի է համարվում Նիկոլ Փաշինյանի համար, որը թեպետ նախկին է, բայց «աջակցել է» Փաշինյանին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարում՝ իր տված ցուցմունքով Մարտի 1-ի գործի շրջանակում:

Ի դեպ, երեկ ՊՆ աշխատակազմի առաջ Արշակ Կարապետյանը, ըստ էության, հաստատեց այս դիտարկումը:

«Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները, և չենք վերաբերվում դրանց՝ որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»,- Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ասել է Կարապետյանը՝ խոստանալով, որ ամեն ինչ անելու են սահմանները պաշտպանելու և բարեփոխումների շնորհիվ հայկական բանակի ռեսուրսները վերականգնելու համար, որպեսզի ՀՀ ԶՈՒ-ն կարողանա լինել տարածաշրջանում իր համբավն ունեցող, հզոր բանակներից մեկը:

Արշակ Կարապետյանի նշանակումը վկայում է նաև Կրեմլի համաձայնության մասին: Իհարկե, Կրեմլը դեմ չէր նաև Վաղարշակ Հարությունյանին, բայց այստեղ մի փոքր այլ պահ կար, այսինքն, ավելի շուտ զուտ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի գործոնն էր:

 Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը 2016-ին ազատեց Արշակ Կարապետյանին

2016թ․ ապրիլի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արշակ Կարապետյանին ազատեց ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 10 տարի:

Սրանից հետո թե՛ ներկա իշխանություններից շատերը, երբ ընդդիմություն էին, և թե՛ փորձագիտական, լրագրողական շրջանակները խոսում էին հետախուզական տվյալների՝ ժամանակին չլինելու մասին: Իհարկե, 2018-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարդացել է բազմաթիվ գաղտնի նյութեր և դրանցում չի գտել հետախուզական տվյալների բացակայություն:

Չնայած սրան՝ Արշակ Կարապետյանը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողով երկու անգամ է հրավիրվել:

Ընդ որում, երկրորդ անգամ նրան հրավիրել էին հանձնաժողով Սերժ Սարգսյանի այցից հետո: Մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Սերժ Սարգսյանը Կարապետյանի առնչությամբ որոշ տեղեկություններ է փոխանցել, ուստի նրան կրկնակի հարցաքննելու որոշում է կայացվել։ Թեպետ Արշակ Կարապետյանի ազատման պատճառները չէին նշվել, սակայն 2016-ի ապրիլի 23-ին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել էր, որ «ստույգ տեղեկություններ չունեինք, որ ապրիլի 1-ը կարող էր այդպիսի իրադարձությունների սկիզբ դառնալ, և եթե ունենայինք, ադրբեջանցիները շատ-շատ կորուստներ կկրեին, և այս մի քանի մետրը, որ իրենք գրավել են, դա էլ չէին կարողանա գրավել»:

168.am-ի տեղեկություններով, հետախուզական տվյալներ փոխանցվել են դիվերսիոն գործողությունների մասին, և հատուկ նշանակության ուժերը կազմ ու պատրաստ վիճակում են եղել, ինչը չի հերքում, ըստ էության, Սերժ Սարգսյանը: Խոսքը գործողությունների մասշտաբին վերաբերող տեղեկությունների մասին է:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս առնչությամբ ասել է. «2016-ին հետախուզության հետ կապված ռազմավարական մակարդակում և օպերատիվ մարտավարական մակարդակում մենք խնդիրներ չենք ունեցել»:

Այսինքն, մեծ հաշվով, հանցագործություն տեղի չի ունեցել, ինչի մասին 2020-ի օգոստոսին հենց Սերժ Սարգսյանն է ասել լրագրողների հետ հանդիպմանը:

«Համենայն դեպս, հանցագործության որևէ դեպք ինձ հայտնի չէ: Եթե հայտնի լիներ հանցագործության որևէ դեպք, իհարկե, կլիներ նաև դատաքննություն, և այլն: Իսկ ո՞վ է ասել, որ թերացման համար պարտադիր պետք է մարդիկ դատապարտվեն: Էդպիսի հասկացողություն չկա: Թերացում նշանակում է՝ թերացում, թերացումը անդրադառնում է մարդու, ուրեմն, պաշտոնեական առաջխաղացմանը, իր ծառայության շարունակմանը և այլն»,- ասել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե եթե հետախուզությունը թերացել է, դա նշանակում է՝ ավելի խորը հետևանքներ, քան Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունը, և արդյո՞ք հետախուզության թերացման հետ կապված եղել են քրեական գործեր, կանգնե՞լ են մարդիկ պատասխանատվության առաջ, թե՞ ոչ:

Այնուհետև, անդրադառնալով 2018-ի փետրվարին Արշակ Կարապետյանին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդ նշանակելու որոշմանը, Սերժ Սարգսյանը պարզաբանել էր.

«Ուզում եմ տեղյակ լինեք, որ ռազմական կցորդն իր կարգավիճակով բազմակի անգամ զիջում է հետախուզության վարչության պետի պաշտոնին: Իսկ ո՞վ է ասել՝ եթե մարդ ընդհանրապես պաշտոնից ազատվում է, նա ընդհանրապես պետք է գնա իրենց տուն: Մենք չունենք այդ շռայլությունը՝ բոլոր պաշտոններից ազատվածներին ուղարկել տուն: Եվ ես միշտ ցանկալի եմ համարում, եթե մարդուն պաշտոնից ազատում են, ապա ավելի ցածր պաշտոններում նրա գործունեությունը միշտ էլ պետք է ողջունելի լինի, իհարկե, եթե թերացումները այն աստիճանի չեն, որ կարող է նրանց պիտանելիության վրա ընդհանրապես խաչ քաշել»:

Ի դեպ, 168.am-ին հասած տեղեկություններով, Արշակ Կարապետյանը Մոսկվայում ռազմական կցորդ եղած ժամանակ ՌԴ-ՀՀ հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ է հարթել, քանի որ Ապրիլյան պատերազմից հետո՝ ապրիլի 6-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «մեր զինվորները կռվում էին 80-ականների զենքով»: Թեպետ սպառազինության արդիականացումը սկսել էր 2016-ի պատերազմից հետո, սակայն, ինչպես ՀՀ երրորդ նախագահն էր «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել՝ 2018-2024 թվականների համար կազմվել էր ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերման պլան:

Այդ պլանի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար, և այդ միջոցների աղբյուրները հստակորեն կային, 100 մլն դոլարը վարկային միջոցներով էին՝ յուրաքանչյուր տարի, 100 մլն-ը՝ այլ բյուջետային միջոցներ:

2018-2020 թվականների համար նախատեսված էր կեսից ավելին, ընդ որում՝ 1 մլրդ 300 մլն դոլարից՝ 500 մլն-ից ավելին նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար: Մասնավորապես, մինչև 2024 թիվը պետք է ձեռք բերվեր 2500 անօդաչու թռչող սարք:

Ընդ որում, 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, ընդ որում, այդ սարքերը և՛ հարվածային էին, և՛ հետախուզական, և՛ կախված արժեքից՝ 5-150 կմ շառավղով գործելու ունակ էին լինելու:

Նշենք, որ ռազմակսն կցորդների գործառույթների մեջ է մտնում ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացումը: Բացի այս, ռազմական կցորդները դեսպանընկալ պետությունների զինված ուժերի հրամանատարության հետ հաստատում են պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով ներկա են լինում զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, այցելում ռազմական օբյեկտներ և հաստատություններ:

ՀՀ ՊՆ հանձնարարությամբ կամ համաձայնությամբ և ԱԳՆ ղեկավարության միջնորդությամբ` ռազմական կցորդները միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն՝ կարող են իրականացնել դիտորդական գործառույթներ:

Հավելենք, որ ռազմական կցորդներն օգտվում են հատուկ կապի միջոցներից, իսկ դրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական փոստից և գաղտնի կապից:

 

Տեսանյութեր

Լրահոս