«Եթե մեկը ինչ-որ պաշտոնյայի անվանել է «վիժվածք»՝ արդյո՞ք նա վիրավորել է այդ պաշտոնյային, թե՞ տվել է նրա ծննդյան հետ կապված հավանական ֆիզիոլոգիական պրոբլեմների բնութագիրը». Աղասի Ենոքյան

Երեկ 7-րդ գումարման Ազգային ժողովն իր վերջին արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՔՕ-ում նոր հոդված հավելացնել՝ «Ծանր վիրավորանք» անվան տակ: Այլ կերպ ասած՝ «քայլելու սիրահար» իշխանությունը վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացնելուն ուղղված քայլեր է ձեռնարկում:

Նախագծով՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, կպատժվի տուգանքով` 100-500.000 դրամի չափով: Նույն արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, կպատժվի տուգանքով՝ 500.000 դրամից մինչև 1 մլն դրամ: Եթե հիշյալ արարքները կատարվեն միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար, ապա կպատժվեն 1-3 մլն դրամ տուգանքով կամ 1-3 ամիս կալանքով:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանը նախ այս նախագիծն «անհեթեթ» բնորոշեց, ապա նշեց, թե ավելի կարևոր կլինի, որ այս իշխանությունը նախ ինքն իր խոսքի ու գործի համար պատասխանատվություն ստանձնի, հետո միայն քաղաքացիներից պահանջի պատասխանատու լինել իրենց խոսքի համար՝ քրեական պատասխանատվության սպառնալիքով:

– Պարոն Ենոքյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նման հապճեպությամբ այս նախագիծը դրվեց քննարկման:

– Կարծում եմ, այս օրինագիծն այնքան անհեթեթ էր, որ միայն գործող ԱԺ-ն կարող էր այն հապճեպ ընդունել։ Իշխանությունները ենթադրում են, որ նոր խորհրդարանում մի փոքր ավելի տրամաբանություն և խելամտություն կլինի, ուրեմնև՝ նման հիմար օրենքները հնարավոր չի լինի սղացնել-անցկացնել։

Արդյոք վիրավորանքի ու հայհոյանքի քրեականացումը կարո՞ղ է մարդկանց՝ իրենց խոսքի համար ավելի պատասխանատու լինելու առիթ տալ:

– Շատ ավելի կարևոր է, որպեսզի պաշտոնյաներն իրենց խոսքերի և գործողությունների համար իրենք պատասխանատու լինեն, որպեսզի իրենց հայհոյելու առիթ չտան, քան համարեն, որ իրենք իրավունք ունեն ամեն անբարոյականության, բայց իրենց այդ անբարոյականությանը չի կարելի ճշգրիտ գնահատականներ տակ։

Օրինակ, եթե մեկը ուզում է, որպեսզի իրեն չկոչեն հողատու կամ դավաճան, ապա պետք է պարզապես չլինի հողատու կամ դավաճան, ոչ թե վիրավորանքը քրեականացնելու մասին օրենք պարտադրի։ Այլապես ստացվում է, որ ով ինչքան տարածք ասես կարող է հանձնել կամ վաճառել թշնամուն, բայց դրա համար իրեն անգամ չի կարելի հայհոյել։

– Արդյո՞ք հայհոյանքի ու վիրավորանքի քրեականացումն ու խոսքի ազատությունն իրար չեն հակասում։ Ի վերջո, երբ Հայաստանը 2001թ. ԵԽԽՎ անդամ դարձավ, վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացնելու պահանջ դրվեց:

– Ամենամեծ աբսուրդն այն է, որ դեռևս պետք է ապացուցել՝ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի պաշտոնյայի անվանել է «կապիտուլյանտ», արդյո՞ք նա վիրավորել է վերջինիս, թե՞, օգտվելով խոսքի ամենատարրական իրավունքից, ներկայացրել է տվյալ պաշտոնյայի ստորագրած փաստաթղթի համառոտ քաղաքական բովանդակությունը։ Եթե մեկը ինչ-որ պաշտոնյայի անվանել է «վիժվածք»՝ արդյոք նա վիրավորե՞լ է այդ պաշտոնյային, թե՞ տվել է նրա ծննդյան հետ կապված հավանական ֆիզիոլոգիական պրոբլեմների բնութագիրը, որի պատճառով էլ այս պաշտոնյան նման դատապարտելի վարք է դրսևորում։ Այսինքն, կա՛մ պետք է ԱԺ-ն նոր օրենքներ ընդունի, որով սահմանի, որ «կապիտուլյանտ» ու «վիժվածք» բառերը հանդիսանում են հայհոյանք, կա՛մ նման դեպքերը պետք է երկար դատաքննություն անցնեն, որպեսզի ապացուցվեն նման բառերի հայհոյանք լինելը։ Իրականում այս օրենքը հակասում է ոչ միայն խոսքի ազատությանը, այլև տրամաբանելու իրավունքին։

– Ըստ Ձեզ՝ ո՞ւմ է ուղղված այս նախագիծն ու ո՞ւմ դեմ է օգտագործվելու:

– Չենք կարող չնկատել, որ հայհոյանքի այս հեղեղը քաղաքական կյանք և լրատվամիջոցներ մտավ հենց այս իշխանությունների պատճառով և միջոցով։ Հիմա իրենք փորձում են իրենց ընդդիմախոսներին զրկել այդ իրավունքից, սակայն չի զգացվում, որ պատրաստ են իրենք ևս հրաժարվել հայհոյախոսությունից, քանի որ կզրկվեն իրենց էլեկտորատի օժանդակությունից, ով սիրում է Նիկոլին ու իր թիմին հենց նրա համար, որ վերջիններս անպատիժ հայհոյում են, վիրավորում և սպառնում։

Տեսանյութեր

Լրահոս