3 զոհ, 3 վիրավոր․ իրավիճակը սահմանում
Ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտական գործողությունները ծավալվել են Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների հետևանքով, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր։
Պաշտպանության նախարարությունից քիչ առաջ տեղեկացրեցին, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
Գեղարքունիքի մարզի Կութ համայնի ղեկավար Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրեց գյուղում տիրող իրավիճակը․
«Մեր տարածքում գիշերն են կրակոցներ եղել, այս պահին համեմատաբար հանգիստ է, կրակոցներ չկան, Սոթքում և Վերին Շորժայում են ուժեղ բոյերը։ Անասնապահը հրաժարվել է անասուններին սար հանի, չի տարել, ամենքն իրենց անասուններին հանել են իրենց տների մոտերը․․․ Դեռ տարհանում չկա, բայց հնարավոր է, մի հատ էլ նման բան լինի՝ հնարավոր է՝ մարդիկ դուրս գան գյուղից, ինչի՞ այստեղի երեխեքը երեխեք չե՞ն, թե՞ այստեղ վախ չկա․․․»։
Սոթք համայնքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանն էլ ասում է, որ գյուղում խուճապ է, ամեն կողմից կրակոցների ձայներ են լսվում․
«Էս պահին էլ Սոթքի ոսկու հանքից ուժեղ կրակոցներ են լսվում, աշխատողներին գիշերը տարհանել են։ Եղանակն էլ խառն է, մառախուղ է, շատը երևի դրանից են ոգևորվել ու սկսել հարձակվել․․․ Գյուղում խուճապ է, ժողովուրդը վախենում են, լրիվ վախենում են, մենք էլ չգիտենք՝ ինչ անենք, երեխեքին ո՞ւր տանենք, որ սկսեցին ծանր զենքերով խփել՝ ավելի վատ կլինի»։
Պաշտպանության նախարարությունից ավելի ուշ հայտնեցին, որ ժամը 09։20-ի դրությամբ ադրբեջանական ստորաբաժանումները կորուստներ տալով, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։
Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից էլ հայտնում են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։
«Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։
Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, և որ ունենք 3 զոհ, 3 վիրավոր և 1 անհետ կորած։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ անհետ կորած զինծառայողը վիրավոր վիճակում հայտնաբերվել է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Հիշեցնենք, որ թշնամին մայիսի 12-ից խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզումթշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։
Ցավալին այն է, որ նույնիսկ ռազմական փորձագետների մոտ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունները որևէ հավատ չեն ներշնչում:
«Անկեղծ ասած, չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս լուսաբանել սահմանում բախումները, ունենալով 0 վստահություն ՊՆ հաղորդագրությունների հանդեպ»,- գրել է ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի կոորդինատոր Կարեն Վրթանեսյանը:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանն էլ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ինտենսիվ փոխհրաձգություններին և զարգացումներին՝ գրել է.
«Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Մոսկվայում նախատեսված բանակցություններ են եղել, սակայն Ադրբեջանը դրանից առաջ հարձակումներ է սկսել սահմանի տարբեր հատվածներում:
«Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»,- նշված է ՊՆ ռելիզում։
Իրականում սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել:
Ստացվում է, որ բանակցությունների սեղանին կա դրված փաստաթուղթ, և իր ցանկալի արդյունքին հասնելու համար Ադրբեջանը դիմել է իր հայտնի գործիքակազմին՝ սահմանային լարվածություն, սադրանքներ, լոկալ մարտեր և այլն:
Հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում սահմանի տարբեր հատվածներում առկա իրադրությունը, ինչպես նաև՝ բանակցությունների առարկա փաթեթը, ենթադրելի է, որ ՀՀ զինված ուժերը սահմանի ուժեղացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ են իրականացրել և այս մարտերն ընդհանուր տրամաբանության մեջ սպասելի են եղել:
Դեռ չեմ խոսում հետախուզության, ռազմաքաղաքական իրադրության վերլուծության և իրավիճակի հետագա ընթացքը հուշող այլ գործոնների մասին:
Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին և դիտարկել երկրի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Ի դեպ, «168 Ժամն» օրեր առաջ տեղեկացրել էր, որ հուլիսի 27-ի առավոտյան ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա, որի ընթացքում նա հանդիպելու էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Նշենք նաև, որ սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում նաև այն մասին, որ ժամը 10:00-ի դրությամբ Ադրբեջանը հայտարարել է, որ համաձայնվել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը:
Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռ չկա: Իսկ եթե, այնուամենայնիվ, նման նախաձեռնություն կա, ապա հասարակությանը Հայաստանի իշխանությունները պարտավոր են ներկայացնել դրա պայմանները: Նկատենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից արդեն 38 օր է անցել, սակայն Հայաստանը դեռևս չունի նոր կառավարություն, այդ թվում՝ պաշտպանության նախարար, արտգործնախարար:
Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը, անդրադառնալով սահմանին տեղի ունեցող զարգացումներին, գրել է․
«Հայտարարված 3 զոհ, 4 վիրավոր, 1 անհետ կորած, շարունակվող փոխհրաձգություն, առաջնագծի ճեղքման փորձ, սպասվող հայ-ադրբեջանական բանակցություններ… Այս ամենը ոչ այլ ինչ է, քան 2-րդ կապիտուլյացիոն խայտառակ համաձայնագրի ստորագրման «հիմնավորման և արդարացման» նախապատրաստում, ճիշտ նույն սցենարով, որով թուրքին հանձնվեց Արցախը»։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել էր Գեղարքունիքի մարզ։ Հրապարակված նկարներից դատելով՝ ՊՆ ներկայացուցիչները դեսպանին ցույց են տվել պատերազմից հետո Ադրբեջանի հետ կազմած սահմանը։
Հուլիսի 27-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին կոչ արեց չուղևորվել Լեռնային Ղարաբաղ, ինչը պայմանավորված է զինված հակամարտությամբ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում շարունակում են կորուստներ գրանցվել: Ընդհատված կրակոցները և հրետանային համակարգերի ժամանակ առ ժամանակ օգտագործումը, ներառյալ՝ ցամաքային ականներն ու ականանետերը, ամեն տարի հանգեցնում են մահվան և վիրավորների: Խուսափեք «շփման գծի» մոտակայքում գտնվող ճանապարհներից և Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի մոտակայքում ճանապարհներից»,- նշված էր Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: