Ընտրություններից հետո ոչ թե ճգնաժամը հաղթահարվել է, այլ որոշ ժամանակով Հայաստանում ներքաղաքական կյանքը պարզապես մեռել է. Արմեն Բաղդասարյան

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում՝ մինչ օրակարգին անդրադառնալը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՍԴ-ի՝ ընտրությունների վիճարկման վերաբերյալ որոշմանը, շնորհավորեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին՝ խորհրդարան անցնելու առիթով՝ նշելով, թե ՍԴ-ն իր որոշմամբ ևս մեկ անգամ արձանագրել է, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընթացել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան:

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները ներքաղաքական ճգնաժամը ոչ թե հաղթահարման են տարել, այլ Հայաստանում շարունակում են պահել պայթյունավտանգ իրավիճակը:

«Ես չեմ կարծում, թե ընտրություններից հետո ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է: Կարծում եմ՝ ոչ թե ճգնաժամը հաղթահարվել է, այլ որոշ ժամանակով Հայաստանում ներքաղաքական կյանքը պարզապես մեռել է, չկա այդպիսի կյանք, գոյություն չունի: Սա է իրականում: Բայց իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված, շատ պայթյունավտանգ:

Նախևառաջ այդ բոլոր կասկածները շարունակում են մնալ, որովհետև մենք՝ բոլորս, անկախ ՍԴ որոշումից, ականատես եղանք, օրինակ, իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի ահավոր ծավալների կիրառման և այլն: Այսինքն՝ կասկածներն ամեն դեպքում մնում են: Եթե հիմա՝ այս պահին, փողոցային ներքաղաքական պայքար չի ընթանում, դա չի նշանակում, որ ճգնաժամը հաղթահարված է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բաղդասարյանը:

Հարցին, թե ո՞րն է հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված իրավիճակի և նախկինում կայացած ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված իրավիճակի տարբերությունը, որը Փաշինյանին հնարավորություն է տալիս խոսել ճգնաժամի լուծման մասին, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց՝ մատնանշելով ընտրություններից հետո ընդդիմության գործելաոճը:

«Խնդիրն ընդամենը հետևյալն է, որ նախորդ ընտրություններից հետո ընդդիմությունը դուրս էր գալիս պայքարի, որովհետև իշխանությունները, որպես կանոն, բավականին շատ բացահայտ կեղծում էին ընտրությունները: Այս անգամ կեղծիքներ, ես վստահ եմ, որ եղել են, գուցե այդքան բացահայտ չեն եղել, բայց հիմնական պատճառը սա չի: Հիմնական պատճառն այն է, որ առավել ակտիվ ընդդիմադիր ուժերը, նկատի ունեմ առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը, բավականին խոցելի էին իրենց անցյալի տեսանկյունից և հանրային ընկալման մեջ, այնուամենայնիվ, բավականին բացասական վարկանիշ ունեին, և դա էր, որ նրանց գուցեև հնարավորություն չտվեց հետընտրական ակտիվ քաղաքական պայքար մղել»,- ասաց քաղաքական վերլուծաբանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ընտրությունների արդյունքում հասարակության մեջ կա հուսահատություն ու հուսալքվածություն, բևեռվածության ավելի խորացում:

«Սա չի նշանակում, թե հասարակության մեջ գոհունակություն կա ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Ո՛չ, հասարակության մեջ գոհունակություն չկա, հասարակության մեջ կա հուսահատվածություն, հուսալքվածություն, և այն, որ հանրության՝ «սպիտակների և սևերի» բաժանումը, բևեռվածությունն ավելի է խորացել ընտրություններից հետո: Ունենք մի վիճակ, երբ հասարակության մոտ կեսն ընտրել է գործող իշխանություններին, մյուս կեսը՝ չի ուզում շփվել իշխանությանն ընտրողների հետ: Երբևէ Հայաստանում այսպիսի բևեռացում չէր եղել:

Մարդիկ ոչ թե դժգոհ են, այլ հուսահատված են: Գիտակից մարդիկ ընտրությունների արդյունքները տեսնում են, չեն հասկանում, թե ինչպես կարող էր առանց բացառության բոլոր ոլորտներում ձախողված իշխանությունն այսպիսի արդյունք գրանցել:

Դա հուսահատվածություն է առաջացնում, և այդ արդյունքները տեսնում և հասկանում են, որ դրական փոփոխություններ՝ ընտրությունների միջոցով, հնարավոր չի լինելու: Իսկ դա նշանակում է, որ կա՛մ փոփոխություն չի լինելու ընդհանրապես, կա՛մ փոփոխություն լինելու է ինչ-որ ներքաղաքական ցնցումների և նման միջոցներով:

Դրա համար էլ հասարակության մեջ կա հուսահատվածություն և ոչ թե դժգոհություն: Դժգոհություն, բնականաբար, կա մի մասի մոտ, բայց առավել մտահոգիչ է այդ հուսահատվածությունը, հուսալքվածությունը, ինչը, կարծում եմ, որ կարող է հանգեցնել պարզապես արտագաղթի մեծացման»,- ասաց Արմեն Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս