Յո՞ երթաս, Հայաստան- 2021. Խորհրդարանական ընդդիմության երկակի առաքելությունը
Հսկայական փոփոխություններ առաջ եկան, ուշագրավ երևույթներ։ Եվ հանրածանոթ իրողություն է, որ այս դեպքերը զարգացան բոլորովին հակառակ մեր տրամադրություններին՝ արտաքին իրողությունների թելադրությամբ։ Մենք անզոր եղանք ուղղություն տալ դրանց։ Այս նշանակում է, որ ներքուստ մենք պատրաստ չէինք դեպքերի իմաստը հասկանալուն, դրանք մեր քաղաքական ձգտումներին համընթաց դարձնելուն։
Գարեգին Նժդեհ
Հոգևոր ծուլությամբ պայմանավորված մտավոր մակերեսայնությունը, ահա, խեղդում է մեզ։ Այսօր մեր կյանքի որ կողմն էլ վերցնենք, գիտականության փոխարեն հանդիպում ենք բանդագուշանքի, մտածումի փոխարեն՝ հույզի, ձևի փոխարեն՝ քաոսի, կազմակերպության փոխարեն՝ անկանոնության։
Հայկ Ասատրյան
Նախաբան
2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի աղետալի հետևանքները՝ պարտություն պատերազմում, հազարավոր զոհեր, վիրավորներ, հարյուրավոր գերիներ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, ահռելի նյութական կորուստներ, բարոյական աննախադեպ անկում և այլն, պատճառ դարձան զանգվածային ընդվզումների ու ներքաղաքական բազմագործոն ճգնաժամի ծայրահեղ խորացման։ Թեև նման իրավիճակներում հանգուցալուծումը միանշանակ է՝ իշխող քաղաքական ուժի հեռացում, ապա ընտրությունների կազմակերպում՝ նոր իշխանություն ձևավորելու նպատակով, սակայն ավելի քան 6 ամսվա տարաբնույթ ճնշումների ներքո Հայաստանի իշխող քաղաքական ուժը ոչ թե կամովին հրաժարվեց իշխանությունից, այլ փորձեց երկարաձգել պաշտոնավարությունը՝ պարտադրելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ շատերի համար անակնկալ արդյունքները, անկախ Սահմանադրական դատարանում դրանց վիճարկման ելքից, մի կողմից գուժում են հետագա աղետների միանգամայն իրական սպառնալիքի, մյուս կողմից՝ դրանք կանխելու ուղղությամբ արմատական քայլերի անհրաժեշտության մասին։ Քանի որ կառավարություն է ձևավորելու այն քաղաքական ուժը, որը նախորդ երեք տարիներին իրականացրել է աղետաբեր ներքին և արտաքին քաղաքականություն, ո՛չ նախընտրական, ո՛չ հետընտրական շրջաններում չի ներկայացրել դրանց վերանայման որևէ գաղափար, այլ հպարտացել է[1] իր «ձեոքբերումներով», այդ թվում՝ 2020թ. պատերազմում պարտությամբ, հնարավոր չէ ակնկալել, որ կշտկվեն այդ տարիների ընթացքում թույլ տրված աղետաբեր սխալները կամ թույլ չեն տրվի նորերը։
Դա է վկայում նաև իշխող ուժի նախընտրական ծրագիրը՝ կառուցված մակերեսային, պարզունակ, առկա հիմնախնդիրների լուծման հետ որևէ առնչություն չունեցող «գաղափարների» վրա։ Այդ առումով միանգամայն հիմնավոր են թվում Հայաստանի ապագայի վերաբերյալ խիստ հոռետեսական գնահատականները՝ ինչպես հայաստանյան[2], այնպես էլ օտարերկրյա[3] մամուլում։ Իրավիճակի սեղմ գնահատականը միանգամայն համապատասխանում է գրեթե մեկ դար առաջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 20-րդ դարի խոշորագույն հայ մտածողների գնահատականներին՝ բերված այս հոդվածի բնաբանում, ինչը վկայում է, որ աղետաբեր հանգամանքները հիմնարար բնույթ ունեն։ Սակայն նրանք նաև մատնացույց էին անում նման իրավիճակներում ելքի կամք դրսևորելու բացառիկ անհրաժեշտությունը. «Մտածիր, որքան ուզում ես, գալարվիր, քանի դեռ ցավ ես զգում, աղոթիր, եթե հավատում ես գերբնական ուժերին – կքամվես, կչորանաս, կմոխրանաս, եթե չգիտես ճիշտ ժամանակին կենտրոնանալ որպես ինքնափրկումի կամք»[4]։
Հետևաբար, նման իրավիճակներում անհրաժեշտ է մի կողմ թողնել հույզերը, դրանց ազդեցությամբ ձևավորվող գնահատականները, փորձել ուրվագծել տեղի ունեցածի և ստեղծված իրավիճակի օբյեկտիվ պատկերը, բացահայտել կատարվածի պատճառները և առկա հիմնախնդիրների լուծման հնարավորությունները։
Արտահերթ ընտրությունների արդյունքներն ու դրանց պատճառները
Քանակական արդյունքներ. ընտրական վիճակագրության խաբուսիկ բնույթը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. ընտրությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 49,3 տոկոսը, խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ համապատասխանաբար 53,9, 21,09 և 5,22 տոկոս ձայներով՝ Ազգային ժողովում ստանալով 71, 29 և 7 տեղեր։ Առաջին հայացքից դա իշխանությունների համոզիչ հաղթանակի արձանագրում է, սակայն համապետական ընտրությունները բազմագործոն գործընթաց են և մի քանի թվերի պարզունակ մեկնաբանությունը հաճախ ստեղծում է խաբուսիկ տպավորություն։ Եվ բնավ էլ հարցը միայն այն չէ, որ իշխող քաղաքական ուժի օգտին գրանցված ձայները ներկայացնում են ընտրության իրավունք ունեցողների միայն 26,2 տոկոսը։
Կամ որ չորս քաղաքական ուժեր, այդ թվում՝ խորհրդարան անցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, դիմել են Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով, ինչին կարելի է անդրադառնալ Սահմանադրական դատարանում գործընթացն ավարտվելուց հետո։ Այժմ կարևոր է հաշվի առնել, որ իշխող ուժի համար արձանագրված ձայները միայն մի քանի տոկոսով են գերազանցում կառավարություն կազմելու համար անհրաժեշտ նվազագույն շեմը։ Նաև հարկ է նկատել, որ վերջին երկու արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասարակության աննախադեպ ցածր մասնակցությունը բնորոշ չէ ոչ միայն հայաստանյան խորհրդարանական ընտրական գործընթացներին, այլև ամբողջ հետխորհրդային տարածքին, որտեղ մասնակցության ներքին շեմը մոտ 60 տոկոս է[5]։ Ավելին, պետք է հաշվի առնել, որ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո, 2018-ից սկսած, խորհրդարանական ընտրություններն այլ բնույթ են ստացել, քանի որ դրանց արդյունքում Ազգային ժողովն ընտրում է նաև երկրի թիվ մեկ քաղաքական ղեկավարին (վարչապետին)։
Ակնհայտ է, որ հետխորհրդային տարածքում իշխանությունները վարչական ռեսուրսի ակտիվ կիրառման շնորհիվ ամբողջությամբ ներգրավում են իրենց պոտենցիալ ընտրողներին։ Այս արտահերթ ընտրությունների ընթացքում այդ ռեսուրսի կիրառման չափերը Հայաստանի համար աննախադեպ էին՝ ընտրատեղամասերում տարաբնույթ ազդեցություններից մինչև մեծ թվով համայնքների ղեկավարների կոպիտ ուղղորդումներ, ինչպես նաև մյուս համայնքների ղեկավարների ու ընտրության մասնակից մի շարք քաղաքական ուժերի ակտիվիստների մեկուսացում քվեարկության օրը, զինվորականների քվեարկության հետ կապված տարատեսակ մանիպուլյացիաներ, քվեարկության թերթիկները հաշվելու ընթացքում զգալի թվով ընտրատարածքներում հոսանքազրկումներ և այլն։ Հետևաբար, պետք է ենթադրել, որ քվեարկությանը չմասնակցածների զգալի մասը (հետխորհրդային տարածքի երկրներում մասնակցության նվազագույն շեմի[6] համեմատ՝ ընտրելու իրավունք ունեցողների 10-15 տոկոսը), որը չէր քվեարկելու իշխանության օգտին, քվեարկությանը չի մասնակցել՝ ընդդիմությունից չստանալով իր հարցերի պատասխանները։
Հատկանշական է, որ «Հայաստան» դաշինքը հայտարարեց՝ քարոզչության ժամանակահատվածի սահմանափակության պատճառով չի կարողացել այցելել գյուղական բնակավայրեր[7]։ Դա նշանակում է, որ այդ բնակավայրերի ճնշող մեծամասնությունում ընտրողները մնացել են միակողմանի քարոզչական ու «տեղեկատվական» իշխանական հոսքի ազդեցության ներքո, և վարչական ռեսուրսը իր «սև գործը» արել է։ Պատկերը լիովին կամբողջացնի այն փաստը, որ իշխող ուժի համար Երևանում արձանագրված 42 տոկոսը աճել է մինչև համապետական 53,9 տոկոսի՝ գյուղական բնակավայրերում արձանագրված ձայների ավելի քան 60 տոկոսի հաշվին։ Ակնհայտ է, որ այս իրավիճակում քվեարկությանը չմասնակցածների անգամ մի մասի մասնակցության դեպքում ոչ միայն զգալիորեն կաճեին ընդդիմության ստացած ձայները, այլև նկատելիորեն կնվազեր իշխող քաղաքական ուժի ստացած ձայների մասնաբաժինը ընդհանուրի մեջ՝ հանգեցնելով ընտրությունների այլ արդյունքի։ Օրինակ, երկրորդ փուլի արդյունքները կարող էին ունենալ միանգամայն այլ պատկեր։
Ակնհայտ է, որ ըստ ԿԸՀ-ի տվյալների երկրորդ արդյունքն ունեցած «Հայաստան» դաշինքի ցուցանիշների հետագա բարելավման գլխավոր ուղղություններից մեկը պետք է դառնա աշխատանքը գյուղական բնակավայրերի բնակչության հետ, ինչը անհնարին կլինի առանց կուսակցական կառույցների ձևավորման։ Միանգամայն նոր որակի կուսակցությունների ձևավորման անհրաժեշտությունը թելադրում է նաև այս արտահերթ ընտրությունների արձանագրված արդյունքների որակական առանձնահատկությունների բացահայտում։
Որակական արդյունքներ. դասավորության էական փոփոխություն շարունակվող ճգնաժամի պայմաններում
Երկրում հետագա զարգացումների գնահատման տեսակետից հարկ է հաշվի առնել նաև արտահերթ ընտրությունների մի շարք որակական արդյունքներ։ Ըստ ԿԸՀ-ի արձանագրած արդյունքների՝ իշխող ուժին հաջողվել է պահպանել խորհրդարանական մեծամասնության կարգավիճակը, սակայն ունեցել է շատ լուրջ կորուստներ՝
1) ընդամենը 3 տարվա գործունեության արդյունքում իշխանությունը հասարակության մեջ ունեցել է աջակցության զգալի՝ նախորդ ընտրությունների համեմատ 200000 ձայնի կորուստ, ինչի արդյունքում իշխող ուժին վստահություն է հայտնել ընտրողների ընդամենը 26,2 տոկոսը,
2) եթե անգամ ՍԴ-ն ուժի մեջ թողնի ԿԸՀ-ի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ, այս շրջանը իշխող ուժը կսկսի անհամեմատ ավելի ծանր բեռով, քան նախորդը։ Հաղթահարված չէ ներքաղաքական ճգնաժամը, որի ամենածանր հետևանքները՝ պարտություն պատերազմում, հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ, տասնյակ հազարավոր անօթևաններ, տարածքների կորուստ, Հայաստանի ու Արցախի սահմանների ասպատակում ու վերաձևում՝ ըստ ադրբեջանաթուրքական նկրտումների, հասարակության զգալի մասի բարոյահոգեբանական անմխիթար իրավիճակ, շարունակելու են մնալ որպես անհաղթահարելի բեռ իշխանության համար։ Ճգնաժամը ավելի է խորացնում ջախջախված պետական կառավարման համակարգը, ինչի ամենացայտուն դրսևորումը արտաքին գործերի նախարարությունում ստեղծված իրավիճակն է, որի նմանը հնարավոր չէ մատնանշել ոչ միայն Հայաստանի, այլև ուրիշ երկրների նման գերատեսչությունների պրակտիկայում։ Բազմակիորեն ոտնահարված են երկրի Սահմանադրությունն ու օրենքները՝ դրանք ամենակոպիտ ձևերով ստորադասելով իշխող քաղաքական ուժի ցանկություններին։ Կարճ ժամանակում բազմաթիվ ձախողումներ արձանագրելով կադրային քաղաքականության հարցում՝ իշխանությունները փորձում են օգտագործել ակնհայտ արատավոր մոտեցումներ՝ պետական կառավարման համակարգ ներգրավելով օլիգարխների ու իշխանությունների գործունեությունը կոշտ քննադատող քաղաքական ուժերի վարկաբեկված նախկին ներկայացուցիչների։ Հատկանշական է, որ այդ երևույթը՝ իր գլխավորած Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամների առնչությամբ, Լ. Տեր-Պետրոսյանը համարում է առնետավազք[8]։ Ակնհայտ է, որ այս ներքաղաքական պաշարով, արտաքին քաղաքական հարթությունից տգիտության, կեղծիքի ու աճպարարությունների հետևանքով իրեն դուրս դրած[9] այս իշխանությունը ի զորու չի լինելու դիմակայել նաև ավելի ու ավելի ահագնացող արտաքին վտանգներին (Արցախի կարգավիճակի որոշում, ԼՂՀ և ՀՀ սահմանների վերականգնում ու անվտանգության ապահովում, «Մեղրիի միջանցքի» բացառում և այլն)։
Որոշ քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ փորձում են նենգափոխել ընտրության արդյունքները՝ դրանց վերագրելով այլ իմաստներ, մասնավորապես մեկնաբանելով որպես անցած երեք տարիների ձախողումների «լեգիտիմացում»՝ «հայերը պատրաստ են ներել նրան (Փաշինյանին) ինչպես պարտության, այնպես էլ նվաստացման համար»[10]։ Թեև ընտրության ժամանակ ընտրողը հաշվի է առնում նաև թեկնածուների անցած ճանապարհը, սակայն ընտրությունը ոչ թե հանրաքվե է անցյալում ունեցած ձախողումների կամ չկատարածի համար, այլ միայն ապագայում երկրի օրենսդրության համաձայն գործելու և առկա խնդիրները լուծելու հնարավորությաուն ու պատասխանատվության համար։
Տեսականորեն հնարավոր է ենթադրել, որ նոր կառավարություն ձևավորելով, նոր ծրագիր ներկայացնելով ու հրաժարվելով ծանր աղետի հասցրած մոտեցումներից՝ իշխող քաղաքական ուժը հնարավորություն կստանա հաղթահարելու հետագա աղետներով հղի իրավճակը։ Սակայն, ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական շրջաններում իշխող քաղաքական ուժի պահվածքը՝ ատելության ու անհանդուրժողականության նոր մակարդակի դրսևորումներ, վենդետայի, կադրային ջարդի սպառնալիքներ քաղաքական հակառակորդների նկատմամբ, հաշվեհարդարների «խոստումներ» հասարակության առանձին շերտերի ու անհնազանդ համայնքապետերի նկատմամբ և այլն, վկայում են, որ այդ իշխանություններն ապագայի համար շարունակելու են նույն աղետաբեր «քաղաքականությունը»՝ ճգնաժամը հասցնելով նոր մակարդակի ու անխուսափելի դարձնելով նոր արտահերթ ընտրությունները։ Դա են վկայում նաև ընտրություններից անմիջապես հետո ձեռնարկված «պատժիչ» գործողությունները՝ բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորումը, ընտրությունների ընթացքում իշխանության համար չաշխատած համայնքապետներից հրաժարականների պահանջներն ու քրեական հետապնդումները և այլն։
Արտահերթ ընտրությունների՝ ԿԸՀ-ի արձանագրած արդյունքներով ձևավորվող իշխանության խնդիրները չեն սահմանափակվի միայն շարունակվող բազմագործոն ճգնաժամի ու դրա չհաղթահարված ծանր, աննախադեպ հետևանքներից բխող բարդ մարտահրավերներով։ Որակապես այլ իրավիճակ կարող է ստեղծվել խորհրդարանական ընդդիմության հետ պայքարում՝ ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ հասարակության վստահության համար մրցակցությունում։ Ոչ միայն այն պատճառով, որ ԿԸՀ-ի արձանագրած արդյունքներով ձևավորվող խորհրդարանական ընդդիմության ձայների մասնաբաժինը ընձեռում է պայքարի շատ ավելի գործուն մեխանիզմների կիրառման հնարավորություն, քան կար նախորդ խորհրդարանում, թույլ է տալու հուսալիորեն խոչընդոտել իշխանության նկրտումները՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, առանց որևէ խոչընդոտի վիճարկել ընդունվող օրենքների սահմանադրականությունը ՍԴ-ում և այլն։
Բացառիկ կարևորություն ունի այն հանգամանքը, որ անկախության վերականգնումից հետո առաջին անգամ Հայաստանում խորհրդարանական ընդդիմություն են դարձել իշխանության փորձ ունեցող քաղաքական ուժեր։ Հատկանշական է, որ թեև արտահերթ ընտրություններին մասնակցում էին աննախադեպ թվով՝ 25 հին ու նոր քաղաքական ուժեր, սակայն ընտրողները մերժեցին դրանց ճնշող մեծամասնությանն ու խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայներ ստացան իշխանությունների «սև» քարոզչության ու հետապնդումների թիրախը դարձած՝ նախկինում իշխանության մեջ դերակատարություն ունեցած քաղաքական ուժեր, անհատներ ու նրանց հետ դաշինքի մեջ մտած երկու նորաստեղծ կուսակցություններ։ Ընդ որում, եթե 2018թ. ընտրություններին մասնակցած միակ նման քաղաքական ուժին՝ Հայաստանի հանրապետական կուսակցությանը ընտրության մասնակիցները տվել էին ընդամենը 4,7 տոկոս ձայն, ապա այս ընտրություններին նման 2 քաղաքական ուժերի, ընդհանուր առմամբ, տվել են 26,3 տոկոս։
Դա կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ ընդդիմության մասնագիտական պատրաստվածության և գործիքակազմի էական աճի հիմք է ստեղծում, այլև որ կոտրում է հասարակությունը պառակտած «նախկիններ» կարծրատիպը։ Նման գաղափարների հետևողական ու տևական սերմանումը քայքայում է հասարակությունը, քանի որ վարկաբեկում է արդարության ձգտումը՝ թերությունների ու սխալների իրական մեղավորներին օրինական մեխանիզմներով բացահայտելու և պատժելու գործընթացը նենգափոխելով ինչ որ մի շրջանի պաշտոնյաներին մեղավորներ «նշանակելու» արատավոր գործելակերպի։ Դա ոչ միայն թունավորում ու քայքայում է հասարակությունը, կոպտորեն աղավաղում է այս կամ այն ժամանակահատվածի իրադարձությունների ընթացքն ու հասարակության անդամների պատկերացումները սեփական անցյալի մասին՝ նրանց վերածելով մանկուրտների ու զոմբիների, այլև հասարակությանը զրկում է գիտելիքներ ու փորձ ձեռք բերած և բարեխղճորեն պետությանը ծառայած մարդկանց կարողություններն ի շահ բարդ մարտահրավերների հաղթահարման ու երկրի զարգացման օգտագործելու հնարավորությունից։
2021թ. արտահերթ ընտրությունների որակական արդյունքների շարքում հատկանշական է այն հանգամանքը, որ ընտրողների ձայների երկրորդ ցուցանիշը «Հայաստան» դաշինքին է պատկանում, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գլխավորությամբ ձևավորել էին նրա աջակիցները, ՀՅԴ-ն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։ Հատուկ հիմնավորման կարիք չկա ցույց տալու համար, որ այդ դաշինքի ստացած ձայների ճնշող մեծամասնությունը ոչ թե ապահովել են կուսակցությունները, այլ դաշինքը գլխավորող անհատ Ռ. Քոչարյանը, քանի որ վերջերս ձևավորված «Վերածնվող Հայաստանի» հնարավորությունները բավական սահմանափակ էին, իսկ ՀՅԴ-ն ավանդաբար ունի իր կայուն ընտրազանգվածը 5-8 տոկոսի սահմաններում։ Իրական կառուցվածքային մեխանիզմներ չեն նկատվում նաև իշխող ուժի գործունեության մեջ։ Հակառակ դեպքում այդ ուժի ներկայացուցիչներն իրենց չէին ստորադասի այդ ուժի առաջնորդի ուսապարկից։ Ակնհայտ է, որ Հայաստանում բազմակուսակցական համակարգը՝ որպես երկրի քաղաքական կյանքի գլխավոր մեխանիզմ, փոշիացել է՝ լիարժեքորեն չձևավորված։[11]
Այսօր երկրի քաղաքական կյանքը հիմնականում կարգավորում են ոչ թե քաղաքական ինստիտուտները, այլ անհատներ, ոչ ֆորմալ խմբեր, և այդ կյանքը, անգամ քաղաքական խոսույթը գլորվել են 90-ականների սկիզբ։ Ինստիտուտների դերակատարման բացակայության պայմաններում պատահական չէ, որ հետպատերազմյան քաղաքական գործընթացների վերաբերյալ հաճախ հնչող հիմնական հարցադրումները վերաբերում են ոչ թե ինչ-որ բան անելուն, այլ չանելուն՝ ճի՞շտ էր ընտրություններին մասնակցելը, մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ, և այլն՝ չփորձելով անգամ պատասխանել հետևյալ տարրական հարցադրումներին, որոնք անխուսափելի են որևէ քաղաքական ուժի համար.
1. Ընտրություններին նախորդած 6 ամսվա պայքարը վերջին շրջանում զարգացման միտումներ չէր դրսևորում (դրա պատճառների բացահայտումն առանձին ուսումնասիրության թեմա է) և ընտրություններին չմասնակցելու դեպքում ի՞նչ քայլեր պետք է արվեին ճգնաժամը հաղթահարելու համար:
2. Ինչպե՞ս կարող է որևէ գործունյա կուսակցություն նման ճգնաժամի պարագայում չմասնակցել արդեն հայտարարված ընտրություններին (միանգամայն հիմնավոր ձևով մինչ ընտրությունների հայտարարումը մերժելով նման իրավիճակում ընտրություններ անցկացնելու գաղափարը):
3. Լրացուցիչ լծակներ տվող մանդատների մերժման դեպքում ի՞նչ ձևով կարելի է ամրապնդել ճգնաժամի հաղթահարմանն ու նոր աղետների կանխմանն ուղղված պայքարը և այլն։
Սակայն առկա են ավելի պարզ հայտանիշներ, որոնք վկայում են Հայաստանում բազմակուսակցական համակարգի փլուզման ու դրա առողջացման հրատապ անհրաժեշտության մասին՝ հատկապես նման աղետալի իրավիճակի ու չնահանջող ճգնաժամի դեպքում։ Հատկանշական է, որ նոր կուսակցությունների հիմնադիրների մեջ կրկին աճել է բիզնեսմենների ու բախտախնդիրների թիվը, կրկին ակտիվանում են օլիգարխները, իսկ այս արտահերթ ընտրություններին մասնակցած «կուսակցությունների» թիվը երեք տասնյակից ավելի է։ Հատկանշական է, որ 2012թ. և 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 9-ական քաղաքական ուժեր, 2018թ.՝ 11։ Ակնհայտ է, որ վաղուց սպառված կամ դեռ թանաքը կանոնադրության վրա չչորացած մեկուկես տասնյակից ավելի «կուսակցությունների» ղեկավարներ գիտակցաբար ոչ թե քաղաքական գործունեությամբ էին զբաղված, այլ լծվել էին իշխանության իրական այլընտրանքի դեմ հակաքարոզչության ճակատ ապահովելու և ոչ իշխանական ձայները հնարավորինս փոշիացնելու «գործին»՝ ծառայելով քաղաքական ինստիտուտների ու գործընթացների իմաստազրկման իշխանական հերթական նախագծի իրագործմանը։ Որոշ քաղաքական ուժեր էլ անկեղծորեն ձգտում էին նպաստել աղետի հաղթահարմանը, սակայն չէին նկատում, որ 90-ականների մոտեցումներն այսօր կիրառելի չեն, իսկ իրենք այլ գիտելիք ու փորձ չունեն։
Հետևաբար, աղետալի իրավիճակի հաղթահարման իրական հնարավորությունը 2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո առանցքային նշանակություն ստացած համակարգաստեղծ ներուժ ունեցող լիարժեք կուսակցությունների ու բազմակուսակցական համակարգի ձևավորման հիմնախնդրի լուծումն է։ Դա հնարավոր է անել՝ ձևավորելով նոր որակի կուսակցություններ ու խորհրդարանական ընդդիմություն՝ ինստիտուցիոնալ և գործառութային լիարժեք բաղադրիչներով։ Ընդ որում, նոր ընդդիմության տարբեր հատվածները, ճգնաժամային իրավիճակի հետևանքների վերացմանն ուղղված պայքարից զատ, լուրջ անելիքներ ունեն նաև ներքին խնդիրների լուծման ուղղությամբ։ Եթե ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն լրջորեն պետք է վերակառուցեն կուսակցական գործունեությունը՝ ամրապնդելով տասնամյակների ձեռքբերումներն ու սրբագրելով թերությունները, ապա երկու նորաստեղծ կուսակցությունները՝ «Հայրենիքը» և «Վերածնվող Հայաստանը», պետք է կարողանան ձևավորել ժամանակակից ինստիտուցիոնալ և գործառութային կարողություններ ունեցող կառույցներ։ Ռ. Քոչարյանի և իր աջակիցների հաջողությունը զարգացնելու համար կպահանջվի նման կարողությունների ինստիտուցիոնալացում՝ կուսակցության ձևավորում։ Փլուզված բազմակուսակցական համակարգի պայմաններում արտահերթ ընտրություններից հետո ձևավորված ընդդիմությունն ունի ոչ միայն Հայաստանը խոր ու բազմագործոն ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու, այլև առողջ քաղաքական կյանքի ողնաշարը համարվող կենսունակ բազմակուսակցական համակարգ ձևավորելու առաքելություն։
Ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմության այս երկակի առաքելության հաջողության անհրաժեշտ պայմանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների արդյունավետ ու անխոցելի համագործակցությունն է, քանի որ անգամ մեկ պատգամավորի երերումը կարող է որակապես փոխել ընդդիմության գործիքակազմն ու դրա կիրառման հնարավորությունները։ Կարելի է չկասկածել, որ իշխանությունը շարունակաբար փորձելու է դրան հասնել ու հենց այդ նպատակով են շրջանառվում ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի համար «Պատիվ ունեմ»-ի թեկնածուի օգտին քվեարկելու ՔՊ-ի մտադրության մասին լուրերը։ Մինչդեռ, գործընթացի հաջող մեկնարկի դեպքում այդ դաշինքների ուղին կարող են ընտրել արտախորհրդարանական մի քանի կուսակցություններ։ Իհարկե, եթե չգայթակղվեն խորհրդարան չանցած կուսակցություններից կլիենտելիստական[12] (հաճախորդային) կուսակցական ակումբ ձևավորելու իշխանական փորձերով[13], որոնք կոպտորեն հակասում են առողջ կուսակցական համակարգի հայտնի սկզբունքներին ու հարիր են միայն ձեռնասուն «կուսակցություններ» ունեցող բռնապետական երկրներին։
Պետք է հաշվի առնել նաև, որ «բազմակուսակցական համակարգի այլասերման զսպումը ունի երեք չափումներ՝ արարողակարգային, իրավական, փորձագիտական: Առաջինի հիմքը ազատ և արդար ընտրություններն են, երկրորդինը՝ անաչառ սահմանադրական վերահսկողությունը, երրորդինը՝ անկախ փորձագիտական միջավայրի և քաղաքական գործընթացների վերաբերյալ սպեկուլյատիվ մանիպուլյացիաներից զերծ հասարակական կարծիքի ձևավորման մեջ կարևոր առաքելություն ունեցող բարձրակարգ մասնագետների առկայությունը»[14]:
Վստահաբար կարելի է ենթադրել, որ քիչ չեն լինի պնդողները, թե առանց այդ էլ ծանր այս իրավիճակում նոր բարդ խնդիրների առաջադրումը ավելի կդժվարացնի լուծումը։ Սակայն ակնհայտ է, որ այդտեղ է թաղված «շան գլուխը»։ Իհարկե, ինչպես պետության գործունեությանն առնչվող յուրաքանչյուր քիչ թե շատ լուրջ գործընթացում, այստեղ ևս առկա են բազմաթիվ ներքին և արտաքին գործոններ, սակայն դրանցից գլխավորը, անկասկած, բազմակուսակցական համակարգի վիճակն է, ու եթե անգամ ինչ-որ ձևով հաղթահարվեն պետության ջախջախման ու անվտանգության ծայրահեղ անկման մարտահրավերները, սակայն չբացահայտվեն ու չվերացվեն խորքային պատճառները, ապագայում ևս կմնա այնպիսի աղետի իրական սպառնալիք, ինչպիսին տեղի ունեցավ 2018 թվականին։
Կենսունակ բազմակուսակցական համակարգի ձևավորումը
Այս չափազանց բարդ հիմնախնդիրը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև անխտիր բոլոր հետխորհրդային պետություններին[15]։ Այդ երկրներում քաղաքական մշակույթի, գիտելիքների ու փորձի բացակայության, բազմաթիվ այլ՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, քաղաքակրթական, արժեբանական հիմնախնդիրների առկայության պատճառով չի հաջողվել լուծել այն։ Սկզբնական շրջանում այդ երկրներում անգամ դրա կարևորության ընկալումը չկար, քանի որ տասնամյակներ շարունակ խորհրդային իրականության պայմաններում ձևավորված փորձը մղում էր այն կարծիքին, որ քաղաքական բազմակարծությունը կամ խորհրդարանի գոյությունը պետության համար անհրաժեշտ, բայց ձևական գործոններ են։ Հայաստանում 1995թ. ընդունված Սահմանադրությունն այդ մտայնությունից ծնված փաստաթուղթ դարձավ։ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների և դրանց հաջորդող ժամանակահատվածի առանցքային նշանակությունը երկրի զարգացման համար ընդգծվում էր դեռևս 2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո.
«Խորհրդարանում լուրջ ազդեցության հայտ էին ներկայացրել խոշոր ֆինանսատնտեսական շրջանակները, հնարավոր էր հետագա զարգացումների երկու այլընտրանքային ուղղություն. խորհրդարանական խճանկարի հիմնովին փոփոխություն, որի արդյունքում կոչնչացվեին բազմակուսակցական համակարգի թույլ հիմքերը, և քաղաքական կյանքի հիմնական դերակատարներ կմնային ոչ ֆորմալ խմբերը, կամ, օգտագործելով սահմանադրական փոփոխությունների հնարավորությունները բազմակուսակցական համակարգի զարգացման համար, այդ գործընթացը Հայաստանում կդառնար անշրջելի»[16]:
«Ցավոք, այս լուրջ մարտահրավերի կարևորությունն ըստ արժանվույն չգիտակցվեց ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից: 2007թ. խորհրդարանական ընտրությունների հանդարտ ընթացքը և միջազգային դիտորդների աննախադեպ դրական կարծիքը թերևս խաբուսիկ ազդեցություն ունեցան շատերի համար, և Հայաստանի քաղաքական կյանքի իրական մարտահրավերները ստվերվեցին 2008-ի նախագահական ընտրություններում երկրի առաջին նախագահի առաջադրմամբ և ընտրություններին հաջորդած ողբերգական իրադարձություններով»[17]:
Ստեղծված «իրավիճակը լիովին բացահայտեց բազմակուսակցական համակարգի աղետալի վիճակը և դրանից բխող վտանգները»[18], սակայն այդ իրադարձությունների հետևանքով առաջ եկած գործընթացները պահանջում էին արագ արձագանքներ տարատեսակ մարտահրավերների: 2013թ. նախագահական ընտրություններից հետո առաջացան հանգամանքներ, որոնք օգտագործելիս կարելի էր իրադարձությունների զարգացումն ուղղել իրավիճակի շտկման ուղղությամբ[19]: Սակայն սկսվեց սահմանադրական փոփոխությունների գործընթաց, և 2015թ. սահմանադրական հանրաքվեով Հայաստանն անցավ խորհրդարանական կառավարման համակարգի: Դրա կիրառման հետ կապված ամենաբարդ խնդիրը, որը մատնանշվում էր վերապահումների դեպքում, բազմակուսակցական համակարգի վիճակն էր:
«Եթե հաշվի առնվի, որ 2017թ. նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, որոնցով մեկնարկում է ընտրական նոր փուլ և ամբողջական անցում պետական կառավարման նոր՝ խորհրդարանական մոդելի, ապա կարելի է արձանագրել, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը ստացավ երկրորդ և, հավանաբար, մոտ ապագայում վերջին հնարավորությունը՝ ինչպես կառավարության արդյունավետության որակական մեծացման, այնպես էլ բազմակուսակցական համակարգի ձևավորման համար՝ որպես համակարգաստեղծ քաղաքական ինստիտուտի… Երկրի զարգացումը կախված է թույլ, ընդունվող որոշումների վրա աննշան ազդեցություն ունեցող բազմակուսակցական համակարգը լիարժեք գործող համակարգաստեղծ քաղաքական ինստիտուտի վերափոխման արդյունքից»[20]: 2016թ. ապրիլյան պատերազմից և պետական պահպանության գնդի գրավումից գրեթե անմիջապես հետո սկսվեց 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանը, և երկրի համար առանցքային՝ կենսունակ բազմակուսակցական համակարգի կայացման խնդիրը մնաց չլուծված:
2018թ. Սահմանադրության կոպիտ ոտնահարումներով, բիրտ ճնշումներով ատելության էսկալացիայի ու հիստերիայի պայմաններում իրականացվեց իշխանափոխություն: 2018թ. արտահերթ ընտրություններն ավելի խորացրին իրավիճակը՝ երկրի օրենսդրության բազմաթիվ խախտումներն արդեն ոչ միայն գործադիր իշխանության, այլև օրենսդիր մարմնի գործելաոճն էին: Արդյունքում երեք տարվա ընթացքում հետևողականորեն իմաստազրկվեցին պետության առանցքային ինստիտուտները՝ դատական համակարգ (այդ թվում՝ Սահմանադրական դատարան), խորհրդարան, բանակ, համակարգաստեղծ բազմակուսակցական համակարգ, արտաքին գործերի նախարարություն, և առանցքային քաղաքական գործընթացները՝ արտաքին հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթաց, ընտրություններ և այլն:
«Ձեռքբերումների» հաջորդ աստիճանը պետության վերջնական իմաստազրկումն է: Դրանից խուսափելու հնարավորություն էր 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում այս անկման կասեցումը՝ նոր որակի խորհրդարանի ու կառավարության ձևավորումով և բազմագործոն խոր ճգնաժամի հաղթահարումով: Այդ ընտրությունների արդյունքները, թեև հնարավորություն չեն տալիս հաղթահարել խոր քաղաքական ճգնաժամը, այնուամենայնիվ, հիմքեր են ստեղծել, որ խորհրդարանական ընդդիմությունը իրական հաջողություն արձանագրի իր երկակի՝ Հայաստանը խոր ու բազմագործոն ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու և առողջ քաղաքական կյանքի ողնաշարը համարվող կենսունակ բազմակուսակցական համակարգ ձևավորելու առաքելության իրականացման հարցում:
Եզրակացություն
2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների քանակական և որակական առանձնահատկությունների, ինչպես նաև Հայաստանի քաղաքական համակարգի խորքային խնդիրների վերլուծությունը վկայում է, որ
1. Երկրի Սահմանադրության ու օրենքների կոպիտ ոտնահարումներով, պետական առանցքային ինստիտուտների ու գործընթացների իմաստազրկումով սկիզբ առած և0 ադրբեջանաթուրքական ագրեսիայի արդյունքում ծանր պարտության ու ահռելի կորուստների հասցրած ճգնաժամը շարունակում է խորանալ: 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ թե ձևավորեցին դրա հաղթահարման հիմքերը, այլ ավելի խորացրին ատելության քարոզի, ուժային կառույցների միջոցով «կացնային» մեթոդներով խնդիրների լուծման անհեռանկար քաղաքականությունը:
Առաջիկայում մեծանալու են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին (ԼՂ, ՀՀ սահմաններ, «Մեղրիի միջանցք», աշխարհաքաղաքական մրցակցություն և այլն) ճնշումները, կազմալուծված պետական ինստիտուտները չեն կատարելու իրենց սահմանադրական գործառույթները և մեծանալու են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու անգամ գոյությունը վտանգող սպառնալիքներն ու մարտահրավերները: Ընտրություններից անմիջապես հետո մեծացել են բռնաճնշումները, որոնք հանգեցնելու են ոչ թե ճգնաժամի հանգուցալուծմանը, այլ նոր դիմակայությունների, և պահանջվելու է հանգուցալուծման նոր փորձ:
2. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներն առաջին հայացքից վկայում են իշխող քաղաքական ուժի համոզիչ առավելության մասին, քանի որ դրա արդյունքում այն Ազգային ժողովում կստանա գրեթե երկու անգամ ավելի տեղեր: Սակայն, արդյունքների ամբողջական՝ թե՛ քանակական, թե՛ որակական վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ տպավորությունը խաբուսիկ է:
Իշխող քաղաքական ուժին վստահություն է հայտնել ընտրողների ընդամենը 26,2 տոկոսը, այն էլ վարչական ռեսուրսի բացարձակ կիրառմամբ ու զանգվածային խախտումներով: Ընդ որում, անգամ այդ դեպքում իշխող քաղաքական ուժի համար արձանագրված ձայները միայն մի քանի տոկոսով են ավելի կառավարություն ձևավորելու համար պահանջվող շեմից: Հատկանշական է, որ այս և նախորդ արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցողների մասնակցությունը 10-15 տոկոսով ավելի ցածր էր, քան Հայաստանի ու ամբողջ հետխորհրդային տարածքի նվազագույն ցուցանիշները: Ակնհայտ է նաև, որ այս ընտրություններում ԿԸՀ-ն արձանագրել է իշխող ուժի ձայների զգալի նվազում և ընդդիմությանը տրված ձայների կտրուկ աճ:
Տեղի է ունեցել ընդդիմության արմատական և որակական փոփոխություն՝ բացահայտ են ընդդիմության թե՛ փորձառության ու քաղաքական պայքարի անհամեմատ ավելի բարձր կարողությունները և թե՛ այդ պայքարի ավելի լայն ու արդյունավետ գործիքակազմի օգտագործման հնարավորությունները: Այս արդյունքները նաև վկայում են հասարակության պառակտման ու քայքայման տեսակետից չափազանց վտանգավոր «նախկիններ» կարծրատիպի կոտրման մասին, քանի որ, բացի իշխող քաղաքական ուժից, խորհրդարան են անցել միայն այն ուժերը, որոնց դեմ իշխանությունը փորձում էր օգտագործել այդ վտանգավոր կարծրատիպը:
Այս ընտրությունները արձանագրեցին նաև Հայաստանի բազմակուսակցական համակարգի փլուզումը՝ մասնակցում էին 25 քաղաքական ուժեր (3 տասնյակից ավելի կուսակցություններ)՝ նախորդ հերթական ընտրությունների 9-11-ի փոխարեն, սակայն ընտրողների ճնշող մեծամասնությունը ձայն տվեցին անհատների՝ Ռ. Քոչարյանին և Ն. Փաշինյանին: Երկրի քաղաքական կյանքը մեծապես հիշեցնում է 90-ական թվականների սկզբի իրավիճակը:
3. Պետության համար ծանր հետևանքներով հղի իրավիճակում և փլուզված բազմակուսակցական համակարգի պայմաններում տեսանելի ելքը կարող է ապահովել խորհրդարանական ընդդիմությունը, որը պետք է ստանձնի երկակի՝ Հայաստանը խոր ու բազմագործոն ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու և առողջ քաղաքական կյանքի ողնաշարը համարվող կենսունակ բազմակուսակցական համակարգ ձևավորելու, առաքելություն:
Ակնհայտ է, որ նման բարդ առաքելություն իրագործելու համար խորհրդարանական ընդդիմության կարգավիճակ ստացած երկու դաշինքները կազմող կուսակցությունները պետք է արդիականացնեն ու մեծացնեն իրենց ինստիտուցիոնալ և գործառութային կարողությունները, իսկ «Հայաստան» դաշինքի՝ Ռ. Քոչարյանի աջակիցներից բաղկացած երրորդ հատվածը պետք է ձևավորի իր կուսակցությունը: Դրա շնորհիվ հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել այդ կուսակցությունների գործունեության արդյունավետությունը և հասարակության հետ աշխատանքի շրջանակներն ու ծավալները: Այդ առաքելության իրականացմանն ուղղված գործողությունների արդյունավետության ու հաջողություններ արձանագրելու դեպքում խորհրդարանական ընդդիմությանը կարող են միանալ այլ՝ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, որոնք նույն կերպ են գնահատում իրավիճակն ու դրա հաղթահարման հիմնական մոտեցումները:
Տիգրան Թորոսյան
Քաղաքական գիտությունների դոկտոր,
Հեռանկարային հետազոտությունների և նախաձեռնությունների կենտրոն
[1] Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք, և այդ պարտության պատասխանատվությունը մերն է. Փաշինյան https://news.am/arm/news/646222.html
[2] Վ. Հովհաննիսյան, Առանց էմոցիաների. ինչ կատարվեց և ինչ է լինելու,
[3] https://www.kommersant.ru/doc/4868157?query=Народ
[4] Հ. Ասատրյան, Հատընտիր, Երևան, 2004, էջ 106-109:
[5] R.Turovsky, Party Systems in Post-Soviet States: The Shaping of Political Competition, Perspectives on European Politics and Society, 2011, 12:2, pp. 197-213. H. Kitschelt, Analyzing the Dynamics of PostCommunist Party Systems, East European Politics and Societies and Cultures, Volume 29 Number 1 February 2015, pp. 81 –91. I. McAllister and S. White, POLITICAL PARTIES AND DEMOCRATIC CONSOLIDATION IN POST-COMMUNIST SOCIETIES, PARTY POLITICS VOL 13, No.2, pp. 197–216.
[6] R. Turovsky, Party Systems in Post-Soviet States: The Shaping of Political Competition, Perspectives on European Politics and Society, 2011, 12:2, pp. 197-213.
[7] Ռ. Քոչարյանի ելույթը «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովում, https://www.youtube.com/watch?v=qWfD_WgDVhY
[8] Լ. Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը, https://www.youtube.com/watch?v=V9XhYYO9R2E
[9] Տ. Թորոսյան, 2020թ. պատերազմ. նախադրյալները, հետևանքները և աղետի հաղթահարման հնարավորությունները,
[10] https://www.kommersant.ru/doc/4868157?query=Народ
[11] Տ. Թորոսյան, Յո՞ երթաս, Հայաստան. բազմակուսակցական համակարգի փլուզումը, 168 ժամ,
[12] C. Cruz and P. Philip Keefer, Political Parties, Clientelism, and Bureaucratic Reform, Comparative Political Studie , 2015, Vol. 48(14), pp. 1942 –1973. A. Trantidis, Clientelism and the classification of dominant party systems, Democratization, 2013, DOI: 10.1080/13510347.2013.825608. Ph. Keefer, Clientelism, Credibility, and the Policy Choices of Young Democracies, American Journal of Political Science, 2007, Vol. 51, No. 4, pp. 804-821. W. Muno, Clientelist corruption networks: conceptual and empirical approaches, z Vgl Polit Wiss (2013) (suppl) 7:33–56 DOI 10.1007/s12286-013-0156-7. J. Epstein Daniel, CLIENTELISM VERSUS IDEOLOGY Problems of Party Development in Brazil, PARTY POLITICS VOL 15. No.3 pp. 335–355.
- H. Kitschelt, & Wilkinson, Patrons, clients, and policies. Cambridge, UK: Cambridge University Press. 2007.
- Keefer, & R. Vlaicu, Democracy, credibility, and clientelism. Journal of Law, Economics, & Organization, 2008, 24, pp. 371-406.
[13] Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներին, https://news.am/arm/news/652930.html
[14] Т. С. Торосян, Перспективы и вызовы перехода Армении к системе парламентского правления // Сравнительное конституционное обозрение. 2016. № 4 (113). с. 29–40.
[15] M. G. Mierzejewski-Voznyak, Party politics after the colour revolutions: party institutionalisation and democratisation in Ukraine and Georgia, East European Politics, 2014, 30:1, pp. 86-104.
[16] Տ. Թորոսյան, Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա, Երևան, 2006թ.
[17] Տ. Թորոսյան, Յո՞ երթաս, Հայաստան. բազմակուսակցական համակարգի փլուզումը, 168 ժամ,
[18] T. Torosyan, Constitutional Borrowing is Inevitable, at the Same Time Quite Difficult and Sometimes even Impossible. K. Tuori, N. Walker (ed.). Constitutional Design. Helsinki. 2012, pp. 79-84.
[19] Տ. Թորոսյան, Յո՞ երթաս, Հայաստան. բազմակուսակցական համակարգի փլուզումը, 168 ժամ,
[20] Т. С. Торосян, Перспективы и вызовы перехода Армении к системе парламентского правления // Сравнительное конституционное обозрение. 2016. № 4 (113). С. 29–40.