Նորից կրակոցներ Կութի դիրքերում․ ահազանգում են գյուղացիները
Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների բնակիչներն ահազանգում են, որ երեկ Կութի դիրքերում նորից կրակոցներ են հնչել։
«Երեկոյան մոտավորապես ժամը 9-ի կողմերը կրակոցներ լսեցինք, դուրս եկանք, տեսանք՝ լուսային փամփուշտներով էին օդ կրակում»,- 168.am-ի հետ զրուցում ասաց գյուղացիներից մեկը։
Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը 168․am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը․
«Երեկ 22։00-ի սահմաններում կրակոցի ձայներ լսեցինք, դուրս եկանք, տեսանք՝ կրակոցներ են։ Շատ կարճ կրակահերթ եղավ ու վերջ։ Տղաներն ասացին՝ դա ավտոմատի կրակոց չէր, այլ ԴՇԿ-ի։ Գյուղից մի հոգի էլ զանգեց, ասաց՝ կրակոցներ են, ասացի՝ հա, իմացանք․․․»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։
Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանցի և հայ զինվորականների միջև բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։ Մասնավորապես՝ մայիսի 25-ին Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենից մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (32 տ.)։
Այս դեպքից 2 օր անց՝ մայիսի 27-ին, Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել էր ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։
Հունիսի 5-ին էլ ադրբեջանցիները Կութի արոտավայրերից գողացել էին 80 խոշոր եղջերավոր անասուն։