«Ժողովուրդն արդեն քանի օր գիշերը մնում են էստեղ…». իրանցիները պատվաստվելու համար հերթ են կանգնում շարժական կետերի մոտ

Ուղիղ 2 ամիս առաջ՝ մայիսի 13-ից, Երևանում մեկնարկեց կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների շարժական խմբերի գործունեությունը։ Դրանք հիմնականում տեղակայված են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, ինչպես նաև խոշոր առևտրի կենտրոնների տարածքում՝ Ռոսիա մոլ, Դալմա Գարդեն մոլ, Մեգա մոլ, Կասկադ, Հյուսիսային պողոտա։

Եթե առաջին օրերին շարժական կետերի մոտ սակավաթիվ մարդկանց կարող էինք հանդիպել, վերջին օրերին պատվաստվողների թիվն այնքան է մեծացել, որ հերթեր են գոյանում, նրանց մեծ մասն իրանցի է, որոնք Հայաստան են եկել հատուկ պատվաստվելու նպատակով։

Երիտասարդ մի տղամարդ, անունը՝ Մուհամեդ, երկար տարիներ ապրում է Հայաստանում, ասում է՝ պատվաստման կետ է եկել իր հայրենակիցներին օգնելու համար, տեղում թարգմանում է՝ ինչպես նրանց, այնպես էլ՝ բուժաշխատողների համար․

«Ժողովուրդն արդեն քանի օր էստեղ են, գիշերը մնում են։ 99 տոկոսը գալիս են պատվաստվելու համար, մարդիկ կան, որ 4–5 օր է՝ էստեղ են, բայց էլի չեն պատվաստվել, որովհետև շատ մարդ է գալիս պատվաստվելու համար․․․ Մեծ խնդիր է, որովհետև առավոտ 25 հոգի է սրսկվում, ցերեկը մի հատ էլ 25 հոգի է սրսկվում․ Մեկ օրում ամեն մասնաճյուղում, ինչքան գիտեմ՝ 50 մարդ է պատվաստվում»։

Մուհամեդից հետաքրքրվեցինք, թե ո՞ր պատվաստանյութն են ընտրում իրանցիները, պատասխանեց՝ ընտրության հնարավորություն չունեն, բոլորին առաջարկվում է միայն բրիտանաշվեդական «AstraZeneca» պատվաստանյութը․

«Ուրիշ ազգերը որ գալիս են Հայաստան, պետք է պարտադիր «AstraZeneca»-ով պատվաստվեն»։

Իրանցի մի կին էլ ամուսնու և դստեր հետ 5 օր առաջ է Հայաստան եկել, դեռ իրենց հերթը չի հասել, սպասում են․

«Մեր երկրում պատվաստվելու հնարավորություն չկա, իսկ ես առողջական խնդիրներ ունեմ, Հայաստան եմ եկել հատուկ պատվաստվելու համար։ «AstraZeneca»-ով ենք պատվաստվելու, ըստ իս՝ այն լավ պատվաստանյութ է․․․»։

Պատվաստումների ընթացքին ծանոթանալու համար Հյուսիսային պողոտայի (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների շարժական կետ այցելեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիքի է նման կուտակումների մասին, երբ չեն պահպանվում տարրական հակահամաճարակային կանոնները․

«Իսկ որտե՞ղ կա սոցիալական հեռավորության պահպանման վերահսկողություն․ տարանջատում մտցնել, որ բացօթյա տարածքում մարդիկ դիմակով կանգնած են, և հերթը հստակ կերպով պաշտպանվում է, ի՞նչ ասեմ, ոստիկանության մեր գործընկերները մշտապես այստեղ են, հետևում են ընթացքին, և կարծում եմ՝ շատ նորմալ պրոցես է։ Մենք Հայաստանում հերթերին շատ սովոր չենք երևի․․․»։

Իսկ հարցին՝ ինչո՞ւ է զբոսաշրջիկներին առաջարկվում միայն բրիտանաշվեդական «AstraZeneca» պատվաստանյութ, Առողջապահության նախարարի պաշտոնակատարն այսպես պատասխանեց․

«Ես միշտ կրկնել եմ, որ մեր պատվաստանյութերի հասանելիությունը, ընտրության հնարավորությունը բխում է այդ պահին մեզ մոտ առկա քանակներից, ցուցումներից, և հիմա մենք նպատակահարմար ենք գտել թողնել միայն «AstraZeneca»–ն։ Հաջորդիվ կստանանք ավելի խմբաքանակներ այլ երկրների արտադրության պատվաստանյութերից, կփոխենք կարգավորումը և ևս հնարավորություն կընձեռենք»։

Հարցին՝ գուցե «AstraZeneca»–ի ժամկետների հետ խնդիրներ կան, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․

«Ես ձեզ խնդրում եմ, այդ հարցն էլ մի տվեք, լա՞վ»։

Ուշագրավ է, որ մինչ կառավարությունը մեծ ոգևորությամբ հրապարակում է Հայաստանում պատվաստվածների ընդհանուր թիվը, համացանցում սոցիալական հարթակների, առավելապես՝ Ֆեյսբուքի օգտատերերն ահազանգում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում գետնին նստած իրանցիների հերթերի ու կուտակումների մասին: Ոմանք Երևան էին եկել՝ թշնամական երկրի խորհրդանիշով շապիկը հագին: Ֆեյսբուքյան օգտատերը համացանցում տարածել էր Հանրապետության հրապարակում արձանագրած պատկերով լուսանկարներ՝ թուրքական դրոշով շապիկը հագին տղամարդը՝ Երևանի կենտրոնում։

Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108107 պատվաստում https://www.moh.am/#1/4125 , որից առաջին դեղաչափ` 77449, երկրորդ դեղաչափ` 30658։

Տեսանյութեր

Լրահոս