«Այս նախագծով ոտնահարում ենք մեր քաղաքացիների իրավունքները». Միքայել Մանրիկյան

Այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստում 39 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով որոշեց փոփոխություն կատարել իրենց՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի՝ «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» N315-Ն որոշման մեջ: 168.am-ն ավելի վաղ գրել էր նախատեսվող նախագծի մասին:   Համաձայն կատարված փոփոխության՝ Երևանի քաղաքապետն այսուհետև իրավունք կունենա համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը քանդելու հրահանգ տալ՝ անկախ դրա օրինականացման ենթակա լինելու հանգամանքից, ինչպես նաև Երևանի ՏԻՄ մարմինները հնարավորություն կստանան իրենց հայեցողությամբ տնօրինել ինքնակամ կառույցները, մինչդեռ նախկինում դա կարգավորվում էր Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ: Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն ասաց, որ նախագծում կան մի շարք բացթողումներ:

«Ասում եք՝ քաղաքապետը կարող է քանդման որոշում կայացնել, իսկ եթե, օրինակ՝ ունենք հայցի ապահովման միջոցի կիրառում դատարանի կողմից, այդ դեպքում ի՞նչ ընթացք է ունենալու, այդտեղ գրված չէր, կամ ասում եք՝ կառուցված գույքը Քաղաքապետարանը կարող է պետականացնել, հետո օտարել, օտարման ժամանակ առաջնահերթություն տալո՞ւ ենք տվյալ քաղաքացուն, որը կառուցել է շինությունը, թե՞ առաջնահերթություն չի տրվելու: Մի կողմից՝ մենք, երբ ապօրինի շինարարություն ենք քանդում, ասում ենք՝ ոտնահարվել է մեր համայնքի, հասարակության շահերը, բայց մի կողմից՝ այդ նույն հասարակության, համայնքի ներկայացուցիչներ են մեր բնակիչները, ովքեր կառուցել են այդ շինությունները: Այստեղ նոնսենսային մոտեցում կա»,- հարցրեց Միքայել Մանրիկյանը՝ դիմելով   Քաղաքապետարանի Իրավաբանական վարչության պետի ժ/պ Տարոն Մարգարյանին:

Վերջինը պատասխանեց, որ, եթե դատարանն արգելել է քանդել, ապա շինությունը չի քանդվելու, քանի որ դատարանի ընդունած հայցի ապահովման կիրառման մասին որոշումը ենթակա է պարտադիր կատարման, իսկ նախագծում ներառված չէ, քանի որ կարգավորվում է «Վարչական դատավարության» և «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքերով:

«Ինչ վերաբերում է առաջնահերթության և նախապատվության իրավունքին, ապա ոչ, չի տրամադրվելու»,- ասաց Քաղաքապետարանի Իրավաբանական վարչության պետի ժ/պ-ն:

Միքայել Մանրիկյանը նկատեց, որ ավելի նպատակահարմար կլիներ այս նախագիծն ավագանու նիստի օրակարգ բերել սեպտեմբերին՝ նոր նստաշրջանի բացմանը, այդ ժամանակ այն առավել մշակված կլիներ:

«Փաստենք, որ տվյալ դեպքում մեր քաղաքացու շահերը, ճիշտ է, ինքը գործել է   զանցանք, բայց այս նախագծով մենք ոտնահարում ենք տվյալ անձի իրավունքները, և ես այստեղ տեսնում եմ հետագայում կոռուպցիոն ռիսկեր՝ օտարման գործողությունների հետ կապված՝ կլինի աճուրդ թե վարձակալություն»,- ասաց Մանրիկյանը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս