Երևանի համայնքային հողի վրա կառուցված ինքնակամ շինությունը՝ անկախ դրա օրինականացման ենթակա լինելու հանգամանքից, կարող է քանդվել. Նոր նախագիծ

Երևանի ավագանին հուլիսի 13-ին արտահերթ նիստ է գումարելու: Քաղաքային իշխանությունը 6-րդ նստաշրջանն ամփոփել էր դեռ հունիսի 22-ին, նոր նստաշրջանը պետք է սկսվեր սեպտեմբերին: Արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը ծագել է օրակարգում ընդգրկված 9 հարցերից հատկապես մեկի պատճառով: Օրակարգի 8-րդ կետով առաջարկվում է փոփոխություն կատարել ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի՝ «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» N315-Ն որոշման մեջ:

Հավանաբար հենց այս հարցի քննարկման անհրաժեշտությամբ է պայմանավորված ավագանու արտահերթ նիստի հրավիրումը:

Վերջին շրջանում Հայկ Մարությանը, իր հնարավոր հեռացման մասին խոսակցությունների ֆոնին, «անողոք» պայքար է սկսել համայնքային հողի վրա ապօրինի շինարարությունների դեմ, դրանց քանդման կամ տնօրինման կարգի որոշման ճանապարհին կարծես խոչընդոտներ են առաջացել:

Ներկայացվող նախագծի համաձայն՝ պետք է ուժը կորցրած ճանաչվի որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը, որը սահմանում է՝ ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ»: Մինչդեռ առաջարկվող փոփոխությամբ ինքնակամ կառույցների տնօրինումը իրականացվելու է Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ համայնքային այլ գույքերի տնօրինման համար սահմանված ընդհանուր կարգով:

Ասյինքն՝ քաղաքային իշխանությունը հրաժարվում է գործադիրի կարգից և առաջ է քաշում սեփականը:

Առաջարկվում է նաև որոշման 2-րդ կետը լրացնել 8-րդ ենթակետով՝ «Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցն անկախ ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ»: Այսինքն, նշված փոփոխությունն ընդունելուց հետո Երևանի քաղաքապետն այդուհետև իրավասու կլինի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը քանդելու հրահանգ տալ ՝ անկախ դրա օրինականացման ենթակա լինելու հանգամանքից:

Տեսանյութեր

Լրահոս