«Երկու բան ինձ համար պարզ դարձավ. առաջին՝ Փաշինյանն օգտագործել է վարչական ռեսուրսը, երկրորդ՝ իմ ժամանակակիցներն ու հայրենակիցներն ավելի անգիտակից են, քան ինձ թվում էր». Սամվել Խալաթյան
Դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի խոսքով՝ այն իրավիճակում, որում այսօր հայտնվել են Արցախն ու Հայաստանը, բոլորն իրենց մեղավորության բաժինն ունեն, քանի որ տարիներ շարունակ շատ հարցեր չեն նկատել, դրանց լուծման համար չեն պայքարել։
«Ես դրամատուրգի տեսանկյունից եմ բոլոր իրադարձությունները դիտարկում՝ գործողությունների այս կամ այն չափը բերում է կուլմինացիայի։ Մթնոլորտը ծնում են գործող անձինք, ովքեր, օգտվելով մթնոլորտից և շրջապատի այսօրինակ վերաբերմունքից, իբրև թե նոր գաղափարներ առաջադրելով, մարդկանց սկսում են առաջնորդել։ Նրանք շատ խորը թաքցնում են իրենց իրական նպատակները, և միշտ չէ, որ նոր առաջ եկած անձինք դրական հերոսներ են։ Նրանք կոնֆլիկտն ավելի են սրում՝ անձնական շահեր ունենալով։ Այս նույնը կատարվեց նաև մեզ մոտ, իսկ կուլմինացիան դարձավ պատերազմը։ Այս ամենին նոր գործող անձանց կողմից արագացված ռիթմ հաղորդվեց և տեղի ունեցավ այն, ինչ մեր պատմության ժամանակ շատ հաճախ եղել է, սկսած Պետրոս Գետադարձի օրինակից, վերջացրած Կիլիկիայի որոշ թագավորներով, երբ երկիրը հասցրեցին կործանման»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Խալաթյանը։
Նա շեշտեց՝ այսօր երկրում շատ ծանր, ահավոր վիճակ է, այնպիսի մի վիճակ է, որն ավելի քան սրում է մարդկանց հոգեբանությունը։
«Պետական հիմնարկներում ահ, համացանցում անգամ մեկ լայքի համար կարող են մարդուն ազատել աշխատանքից, անընդհատ մարդկանց ուշադրությունը, նյարդերը շեղելով այլ նպատակի, իշխանություններն իրենց գործն անում են։ Հանրապաետության պետականությունը գահավիժում է»,- հավելեց Ս. Խալաթյանը։
Ըստ նրա, աներկբա է, որ նախկինում երկրում թալան է եղել, սակայն այդ թալանը չէր սպառնում երկրի վերացմանը, բայց թալանը պետք է պատժվեր, միջոցներ ձեռնարկվեր՝ թե՛ կադրեր փոխելով, թե՛ ընտրություններով կամ այլ ճանապարհներով, և հարցին քաղաքական լուծում տրվեր և թալանը կատարողներին քրեական պատասխանատվության ենթարկեին։
«Հիմա գանք թավշյա հեղափոխության։ Ուրեմն, որ ասում են՝ այն ժողովուրդն արեց, ժողովուրդ ասելով՝ ես ժողովուրդ չեմ հասկանում։ Բանն այն է, որ 1988 թվականից հետո մեծ անջրպետ առաջացավ երեխաների դաստիարակության և կրթության բնագավառում, մենք մի ամբողջ սերնդի անգրագետ մեծացրեցինք, դրան նպաստեցին ցուրտ ու մութ տարիները և այն ամենաթողությունը, որը կար։ Աճեց մի սերունդ, որն ամբողջ ժողովուրդ չէ, բայց արդեն քանակային իմաստով որակ է կազմում։ Այո, այդ ժեխը դարձավ հեղափոխական, դա նույնն է, ինչ Պետրոգրադում այն նավաստիները, որոնք ամիսներով չէին լողանում՝ փողկապ կամ լայնեզր գլխարկ դնող մարդուն կարող էին գնդակահարել։ Եղավ այդպիսի մի հեղափոխություն նաև այստեղ, որի անունը դրեցին թավշյա։
Եկեք դանակի շեղբին ասենք՝ թավշյա, դրանից ոչինչ չի փոխվում, անունը թավշյա էր, բայց այն թավշյա չէր։ Դա ինտելեկտուալ ցածր մակարդակի հաղթանակ էր, պատահական չէ, որ այսօրվա քաղաքական գործիչները պայքար են հայտարարել ինտելեկտուալիզմի դեմ։ Իշխանությունը դրանով կերակրում է այդ ամբոխին, սա բնական է, իրենց դիկտատուրան պահպանելու համար իշխողներն ամեն ինչի ընդունակ են, որովհետև դա նրանց փրկությունն է, թե՛ «բարոյական», թե՛ ֆիզիկական առումով»,- նշեց դրամատուրգը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այստեղ մի մեծ դիլեմա կա, որը պետք է լուծել, ո՞վ է երրորդ ուժը։
«Նախկիններից մարդիկ վառվում են, այդ բառն արդեն դարձել է շատ բացասական, երբ «նախկին» բառը մեզ համար պարծանք էր՝ նախնիների հետ կապված։ Այսօր այդ գնահատման չափանիշները լրիվ փոխվել են։ Նախկինների շատ վատ լինելը մի քիչ չափազանցված է, այդուհանդերձ նրանք այն մարդիկ են, որոնք հաղթել էին, սահմանները պաշտպանում էին, նրանք այն նախկիններն էին, որոնց հետ այսպես մեր թշնամի երկրի ղեկավարը չէր կարող խոսել, ցածր դիրքերից էր խոսում։ Այն նախկիններն էին, որոնց հետ հաշվի էին նստում միջազգային կազմակերպությունները, հզոր երկրների ղեկավարները։ Այսօր Երևանի բոլոր հարցերը լուծվում են այլ մայրաքաղաքներում, սա ծիծաղելի է, ողբերգություն»,- ասաց նա։
Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր մարդկանց հետ սկսեց խոսել միջին խավի լեզվով, կարողացավ դա օգտագործել, որովհետև մարդկանց այդ լեզուն էր հասկանալի, նրանք հոգնել էին բարձրակարգ խոսակցություններից՝ լեզվից։
«Ես չէի պատկերացնում, որ մարդիկ կգնան ու Նիկոլ Փաշինյանին կընտրեն, հասկանում էի, որ նա ԱԺ-ում կլինի, բայց այսպիսի ու այս ձևով չէի պատկերացնում։ Սրանով երկու բան ինձ համար պարզ դարձավ, առաջին՝ Փաշինյանն օգտագործել է վարչական ռեսուրսը, երկրորդ՝ այսօր իմ ժամանակակիցներն ու հայրենակիցները ավելի անգիտակից են, քան ինձ թվում է՝ սթափ չէին։
Ինքս Փաշինյանի այդ հեղափոխությանը ոչնչով չեմ նպաստել, ավելի շատ դիտողի դերում եմ եղել, ինչ-որ տեղ հույս եմ փայփայել, որ լավ կլինի, մտածում էի, թե սխալ եմ, հակառակը մտածելու համար։ Սակայն ինչ-որ փուլից ակնհայտ դարձավ, որ ժողովուրդը սխալ է։
Հիմա ես թոշակի եմ անցել, այն ժամանակ զգացի, որ ես այդ մարդկանց հետ չեմ կարող աշխատել, իրենք էլ դա զգացին։ Հարցն այն է, որ այս իրավիճակում, երբ մտավորականը ձայն է բարձրացնում, անմիջապես նրա վրա քաղաքական աստառ են կարում, այնինչ մտավորականը քաղաքական գործիչ չէ և իրավունք ունի իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու, ավելին՝ պարտավոր է դա արտահայտելու։ Թեև նման մտավորականն արդեն հետպնդվում է, նաև կան մտավորականներ, որոնք ծափահարում են այս ամենը։ Բայց կարծում եմ՝ ուշ թե շուտ մտավորականության սթափ միտքը կբերի նրան, որպեսզի ստեղծեն այնպիսի միություններ, որոնք ոչ թե այս կամ այն կուսակցության կցորդը կդառնան, այլ կոնկրետ կկարողանան իրենց ասելիքն ասել հենց կուսակցություններին ու ժողովրդին»,- եզրափակեց Սամվել Խալաթյանը։