«Դավիթ Տոնոյանն ինքն իրեն պետք է գնդակահարեր. այն նախարարը, որն այսպես պարտվում է, պետք է չլիներ»․ Գևորգ Գևորգյան
Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպել է կլոր-սեղանի շուրջ արտախորհրդարանական այն ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել էին ավելի վաղ արված առաջարկին ու սեղմել Փաշինյանի ձեռքը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայ ազգային ճակատ» կազմակերպության ղեկավար, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը նշեց, որ այս հանդիպումը շարունակությունն է Նիկոլ Փաշինյանի ստանձնած պարտավորությունների, որով նա վերջնականապես պետք է ոչնչացնի Հայաստանի ինքնիշխանությունը, որովհետև, եթե, պլանների համաձայն, Ադրբեջանին է հանձնում Տավուշի մարզի գյուղերը, բացում Մեղրիի միջանցքը, Ադրբեջանին հանձնում տարածքներ նաև այլ մարզերից, ապա Հայաստանն այլևս մնում է միայն Երևանով, ու Հայաստանին զրկում են ինքնիշխանությունից։
«Եթե մի մարդու ասում են, որ թուրքի շահն է առաջ տանում, հնարավոր չէ այդ մարդու հետ գնալ հանդիպել ու ասել, թե՝ հանդիպում ենք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։ Նա, ով ի շահ թուրքի է աշխատել, հիմա չի կարող դառնալ ի շահ Հայաստանի աշխատող։ Ժողովրդի ու պետության համար որևէ բան անելու համար նախ պետք էր դավաճանին պատասխանատվության ենթարկել, իսկ նրանք, ովքեր դա չեն անում, գնում են գործարքի, կիսում են դավաճանի ստորագրությունը»,- ասաց Գևորգյանը։
Անդրադառնլով Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում ՌԴ նախագահի հնչեցրած արտահայտությանը, ըստ որի, Հայաստանին սպասվում են սուր և զգայուն հարցեր, Գևորգ Գևորգյանն ասաց, որ Փաշինյանը հենց այդ սուր և զգայուն հարցերի լուծման համար է, որ փորձում է արտախորհրդարանական ուժերի շրջանում ունենալ լայն կոնսոլիդացիա՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սպասվող խաղաղության պայմանագրի կնքման համար։
«Փաշինյանը փորձում է ապահովագրել իրեն, որովհետև գիտի, որ այդ քայլից հետո կարող են ընդդիմանալ։ Հիմա բոլորի հետ փորձում է «բարիդրացիական» հարաբերություններ կառուցել, իսկ իրականում այդ բոլոր ուժերի հետ Փաշինյանն իր հախուհաշիվն ունի»,- ասաց մեր զրուցակիցը։
Գևորգյանը Հայաստանի սուվերեն տարածքների հաշվին կայացվող գործարքների համատեքստում դիտարկեց նաև ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի զորացրումը։
«Խաչատուրովի ազատումը կապված է նրա հետ, որ այն մարդկանց, որոնք կարող են խոչընդոտել այս ապազգային իշխանության գործողություններին, պետք է լռեցնել»,- ասաց Գևորգյանը՝ նշելով, որ նույն տրամաբանությամբ, ինչպես նաև մանր վրեժ լուծելու ցանկությամբ է առաջնորդվում իշխանությունը նաև Սյունիքի մարզում համայնքապետերին ձերբակալելով ու բերման ենթարկելով։
«Պետական մտածելակերպ չունեն։ Մանր վրեժխնդրության հարց են լուծում, դրանից բացի, նաև ուզում են ազատվել այդ մարդկանցից, որ նրանք չխանգարեն իրենց, որովհետև հիմա գնում է գործընթաց Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման։ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները նորից սահմանազատում են»,- ասաց Գևորգյանը։
Եթե Սյունիքի սահմանները պահպանող համայնքապետերից, Տավուշը պաշտպանող Գրիգորի Խաչատուրովից ազատվելով՝ իշխանությունը ճանապարհից հեռացնում է իր ծրագրերը խոչընդոտողներին, այդ դեպքում ի՞նչ խնդիր է փորձելու լուծել, եթե Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նշանակի Արտաքին գործերի նախարարի պաշտոնում, Գևոգ Գևորգյանը պատասխանեց.
«Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմում չակերտավոր հաղթեց, հիմա նույն հաջողությամբ Հայաստանի ինքնիշխանությունը կկործանի, կպրծնենք։ Շախմատի խաղաքարերը որտեղ ուզում են՝ դնեն, ի՞նչ տարբերություն։ Դավիթ Տոնոյանն է, Սամվել Բաբայանն է, ի՞նչ տարբերություն։ Պետական շահի տեսանկյունից Դավիթ Տոնոյանն ինքն իրեն պետք է գնդակահարեր. այն Պաշտպանության նախարարը, որը պատերազմն այսպես խայտառակությամբ պարտվեց, ինքը պետք է չլիներ»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում