Վարորդի թույլ տված խախտումը նկարելու և ՃՈ ուղարկելու որոշումը հուլիսի 1-ից մտել է ուժի մեջ, սակայն հավելվածը դեռ չի գործում
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելու և բջջային հավելվածի միջոցով հաղորդում տալու որոշման կարգը: Երթևեկության խախտումների ականատես լինելու դեպքում քաղաքացիները բջջային հատուկ հավելվածի միջոցով կարող են տեսանկարահանել, լուսանկարել և հաղորդումն ուղարկել ոստիկանություն:
Հնարավոր է արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն:
Քաղաքացիները պետք է գրանցվեն activesociety.am կայքում և բեռնեն ծրագիրը: Ֆոտո և վիդեո նյութերը համակարգն ավտոմատ փոխանցելու է Ճանապարհային ոստիկանությանը, որտեղ էլ կորոշեն՝ եթե նկարածում խախտում կա՝ կտուգանեն:
Ձայնագրության տևողությունը, օրինակ, կարող է լինել 30 վայրկյան, իսկ եթե ֆիքսումը վերաբերում է կայանմանը կամ կանգառին, կարող է տևել մինչև 61 վայրկյան, որից հետո քաղաքացին կարող է նշել համապատասխան իրավախախտման տեսակը: Ցանկության դեպքում կարող է լրացնել մեքենայի համարանիշը:
Քաղաքացիներից շատերի կարծիքով՝ նման հարցերով պետք է զբաղվեն պետության կողմից լիցենզավորված մարմինները, ոչ թե՝ ով ցանկանա, քանի որ այս պայմաններում մարդիկ նորից դուրս կգան իրար դեմ։ Ուստի արդեն կա պարեկային ծառայություն, որն էլ կարող է հսկողություն սահմանել:
Մի մասն էլ հույս ունի, թե այս կերպ վթարները կնվազեն, ավելի ուշադիր կլինեն վարորդները, քանի որ արդեն կոնկրետ գրպանին են դիպչում:
Իսկ օրինապահ վարորդի համար տարբերություն չի լինի՝ կա՞ նկարող, թե՞ չէ:
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը հույս ունի, որ վարորդները կզգոնանան, չնայած խնդիրներ ևս լինելու են:
«Ինձ թվում է՝ ահագին բան կփոխվի: Սակայն կառույցը պետք է վերահսկվի, որոշումն էլ հստակեցվի, որովհետև քաղաքացիները չգիտեն, թե ինչ պետք է անեն»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Պեդանյանը:
Հավելենք, որ շատերին նյարդայնացրած որոշումն ուժի մեջ է մտել, սակայն պարզվում է՝ հավելվածը դեռ չի գործում: Մեր տեղեկություններով՝ հուլիսի 15-ից հետո նոր կգործի: