«Մենք տեղյակ չենք, թե որտեղ են տարել Մանվել Փարամազյանին». Քաջարանի համայնքապետի տեղակալ

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի ղեկավար Լուսինե Ավետյանին ձերբակալելուց հետո իրավապահ մարմինները սկսել են հերթով խուզարկել Սյունիքի մարզի համայնքապետերի, գյուղապետերի բնակարանները, որից հետո կամ նրանց ձերբակալում են, կամ տանում անհայտ ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Լուսինե Ավետյանը ձերբակալվել է ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու և մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին բերման ենթարկելուց հետո խուզարկեցին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը, որից հետո նրան տարել են անհայտ ուղղությամբ, ու մինչ այժմ հայտնի չէ նրա գտնվելու վայրը։

Իսկ այսօր առավոտյան էլ խուզարկել են Որոտանի գյուղապետի բնակարանը, որից հետո նրան կրկին բերման են ենթարկել։

168.amՔաջարանի համայնքապետի տեղակալ Զոհրաբ Առաքելյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ են, թե որտեղ է այս պահին գտնվում Մանվել Փարամազյանը։

«Մենք տեղյակ չենք, թե որտեղ են տարել Մանվել Փարամազյանին։ Այս պահին համայնքապետարանի մյուս աշխատակիցների հետ կապված որևէ գործընթաց չկա, մենք շատ բաներ լրատվամիջոցներից ենք իմանում, թե, օրինակ, ում բնակարանն են խուզարկել, ում են բերման ենթարկել, և այլն»,- նշեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ համայնքապետարանի աշխատանքներն այս ամենից չեն տուժել, բնականոն աշխատում է։

Տեսանյութեր

Լրահոս