Բաժիններ՝

Կաթիլային ոռոգումը նախ շատ թանկ հաճույք է, և երկրորդ, ամեն մի տեսակի բույս կաթիլային ոռոգմամբ չի կարելի մշակել. Սարգիս Շահազիզյան

«Հայաստանը հանգիստ խղճով կարող ենք համարել ջրային ռեսուրսներով շատ հարուստ երկիր, սակայն հիմնական խնդիրը դա ոչ ճիշտ օգտագործումն է: Հատկապես խմելու և ոռոգան ջրի հարցերը պետք է հատուկ ուշադրության արժանանան: Սխալ կառավարման, շահագործման հետևանքով մեծ վնասներ ենք կրելու, և եթե այսպես շարունակվի, ուրեմն կանգնելու ենք մեծ պրոբլեմների առջև»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Երկրաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտական քարտուղար Հրաչյա Շահինյանը՝ հավելելով, որ վերջերս ավելի շատ խոսում են Արարատյան դաշտավայրի ջրերի օգտագործման մասին, և մոտ 6-7 տարի առաջ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կատարված աշխատանքների մի հաշվետվություն է ներկայացվել, համաձայն որի՝ Բաղրամյանի շրջանում ստորգետնյա ջրերի մակարդակը իջել է 15 մետրով: Իսկ Էջմիածնի շրջանում իջել է 8 մետրով, ինչը աղետալի, ոչ լավ հետևանքների բերող երևույթ է:

Անդրադառնալով ձկնաբուծարաններին՝ Հրաչյա Շահինյանը նկատեց. «Ոչ ոք դեմ չի լինի, որ ձկնաբուծությունը զարգանա, բայց դրա համար պետք է օգտագործվի փակ ցիկլով ջրերի մաքրման երևույթը, երբ նույն ջուրն անընդհատ շրջանառության մեջ է: Մաքրվում է և օգտագործվում, այնպես, ինչպես արվում է ամբողջ աշխարհում: Իսկ մեզ մոտ դա արվում է հորատանցքերի կամ բնական հոսքի ջրերի՝ աղբյուրների հաշվին: Դրանք չեն մաքրվում, նորից չեն վերադառնում օգտագործման: Պետք է սովորենք ճիշտ կառավարել ջրային ռեսուրները. դրանք փոքր չեն, մեր երկրին լիովին կարող են բավարարել, եթե օգտագրոծենք մասնագետների հաշվարկները, հաշվի առնենք խորհուրդներն ու առաջարկները»:

ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանն էլ անդրադարձավ կառավարության ներկայացուցիչների կողմից պարբերաբար շրջանառվող կաթիլային ոռոգմանն անցնելու մտադրությունների մասին հայտարարություններին և պարզաբանեց. «Կաթիլային ոռոգումը նախ շատ թանկ հաճույք է, և երկրորդ, ամեն մի տեսակի բույս կաթիլային ոռոգմամբ չի կարելի մշակել՝ կախված բույսերի արմատային համակարգի կառուցվածքից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս