«Գերագույն գլխավոր կապիտուլյանտն ինձ համար ամենազազրելի հայտարարությունն արեց». Ասպրամ Կրպեյան
«Ցավոք, պետք է արձանագրենք այն իրականություն, որն այսօր ունենք Հայաստանում՝ վերընտրվեց և վերարտադրվեց այն իշխանությունը, որը հայրենավաճառությամբ էր զբաղվում և զբաղվում է ցայսօր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Ասպրամ Կրպեյանը՝ ընդգծելով՝ պետք է փնտրել միջոցներ՝ ստեղծված իրականությանը հակազդելու, հայի տեսակը փրկելու համար:
Երեկ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը շնորհավորելով Փաշինյանին՝ ընտրությունների արդյունքների կապակցությամբ, նշեց, որ դա կարևոր է բոլորի համար.
«Նախ և առաջ, իհարկե, Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ նկատի ունենալով, որ այնպիսի բարդ, շատ սուր և զգայուն հարցեր, որոնք պետք է լուծել, կարելի է լուծել, միայն, եթե կա արդյունավետ աշխատելու հնարավորություն: Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է»:
Ասպրամ Կրպեյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ բարդ, սուր և զգայուն հարցերի լուծման մասին էր խոսում Վլադիմիր Պուտինը, արդյո՞ք առաջիկայում նորանոր զիջումների են գնալու Հայաստանի վերընտրված իշխանությունները:
«Միանշանակ, որովհետև իրենց օրակարգն է՝ հայրենիքը սկուտեղի վրա մատուցել թշնամուն: Ինձ համար երբևէ որևէ այլ երկրի ղեկավարի պատկերացումներն ու դիրքորոշումները հայկական պետականության մասին չեն եղել վերջնական որոշիչ կամ կողմնորոշիչ, ինձ համար հայկական պետականությունը միայն կարող է լինել ազգային հիմքով և ազգային արժեքներով, և այդ պետականությունը միայն պետք է հետապնդի հայկական պետականության ազգային շահերը: Ուստի մեկ այլ պետության ղեկավարի մոտեցումները չեմ ցանկանա մեկնաբանել:
Ցավալիորեն, հիմա չունենք պետականությունը ներկայացնող այնպիսի ազգային գործիչներ, որոնք հետամուտ կլինեն հենց այդ ազգային շահի պաշտպանության և պահպանման գործին: Գործող իշխանություններն են այսօր, ցավալիորեն, ներկայացնում մեր պետականությունը, իրենք են, որ արդեն տևական ժամանակ ձախողել են պետական ապարատի աշխատանքները, և իրենք են, որ պատասխանատուն և միակ մեղավորն են այս արհավիրքի:
Արհավիրք, որի արդյունքում մենք հայրենազրկվեցինք, որի արդյունքում հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, հազարավորները հաշմվեցին և հազարավորներն անտուն մնացին ու անհետ կորած: Մեկ այլ իրականություն, որն էլի ցավալի է՝ դեռ ունենք հարյուրավոր գերիներ, որոնց ճակատագիրը հայտնի չէ»,- ի պատասխան՝ ասաց նա:
Գործող իշխանությունները հպարտանում են Արցախյան երկրորդ պատերազմում իրենց կրած պարտությամբ, և ընտրությունները ցույց տվեցին, որ դա որոշակի քանակի մարդկանց մոտ ևս ընդունելի է, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը վերարտադրվեց: Ավելին, մինչ ընդդիմությունը խոսում է մարտունակ բանակ ունենալու մասին, իշխանությունները խոսում են ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ևս պետք է կանգնեն ռուս սահմանապահ զորքերը: Ասպրամ Կրպեյանից հետաքրքրվեցինք՝ այս իրավիճակում պարտվածի հոգեբանությունից դուրս գալու և արժանապատիվ խաղաղություն ունենալու մասին խոսք կարո՞ղ է լինել:
«Իհարկե ոչ: Մարդիկ, որոնք իրենց կյանքում երբևէ իրական հաղթանակ չեն ունեցել, իրենց պատկերացումները հաղթանակի մասին այդպիսին պետք է լինեն, իրենք պետք է պարտությամբ հպարտանան, ոչ թե հաղթանակներով: Իրենք երբեք այս հաղթանակի կրողը չեն եղել և այդ հաղթանակը արժևորելու կարողությունը չեն ունեցել: Իրենք իրենց գործերով ապացուցեցին դա:
Պետք չէ լոզունգներից, խոսքերից և հայտարարություններից կառչել, պետք է մարդու և, առհասարակ, այս պարագայում, քաղաքական խմբակի գործերին հետևել: Շատ է խոսվում ժողովրդավարությունից, ինձ համար շատ տարօրինակ են այդ հայտարարությունները, որովհետև չկա գեթ մեկ իրապես ժողովրդավարական արժեքների հիման վրա ստեղծված պետականություն, որը չունի հզոր անվտանգային համակարգ, որը չունի հզոր, մարտունակ բանակ:
Չկան և չեն կարող լինել այդպիսի պետականություններ, որովհետև ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պահպանման առաջին երաշխիքը անվտանգային համակարգերն են: Յուրաքանչյուր պետականություն, որ իրապես այս արժեքներով խարսխված պետականություն է, ունի հզորագույն անվտանգային համակարգ, հզոր, մարտունակ բանակ և այդ մարտունակ բանակները մշտապես պետության ուշադրության և հովանու ներքո են գտնվում: Այս կեղծ օրակարգերով հենց տարիներ շարունակ սնեցին մեր հասարակությանը՝ տարբեր կազմակերպություններ, անհատներ՝ անհայտ կամ հայտնի ֆինանսավորմամբ, այս գաղափարները փորձեցին սերմանել Հայաստանում բնակվող հայերի մեջ և փորձեցին մարդկանց մոլորեցնել: Ես դա անվանում եմ տեղեկատվական ահաբեկչություն, որը նրանք հմտորեն իրականացրին»,- ասաց Ասպրամ Կրպեյանը:
Դիտարկմանը՝ իշխանություններն իրենք են բողոքում տեղեկատվական ահաբեկչությունից, նա արձագանքեց. «Մի այսպիսի ասացվածք կա, չէ՞՝ գողն ինքն է առաջինը գոռում, որ ինքը չէ գողը: Ես համոզմունք ունեմ, որ հայ ժողովուրդը տեղեկատվական ահաբեկչության զոհ է: Ես երբևէ ինձ իրավունք չեմ վերապահի՝ որևէ մեկին կշտամբելու, որովհետև այն իրավիճակում, որում հայտնվել են մեր գյուղական համայնքների բնակիչները, որոնք տարատեսակ պատճառներով ընկել են տեղեկատվական ծուղակը, ես չեմ կարող իրենց մեղադրել, այս պահին պետք է փորձենք մարդկանց կրթել և զինել այն գործիքակազմով, որով իրենք կկարողանան հակազդել»:
Ասպրամ Կրպեյանի խոսքով՝ չգնահատեցինք արցախյան առաջին պատերազմի նվիրյալների կերտած հաղթանակը. «Ավելին, մեր հայրենիքը սկուտեղի վրա, որը լցված էր հազարավոր նվիրյալ հայորդիների արյամբ, մատուցեցին թշնամուն: Երբ հայրենիքին վերաբերվում ես ոչ թե որպես հայրենիք-պետության, այլ ուղղակի հողատարածքի, որտեղ դու քո գոյությունն ես քարշ տալիս, իրականությունն այսպիսին է լինում: Չկա ավելի բարձր արժեք, քան հայրենիքն է, չկա ավելի մեծ զոհողություն, քան հայրենիքի համար անձնազոհությունը: Մենք ստեղծեցինք կեղծ հերոսներ, մսխեցինք այն հերոսական պատմությունը և դիմագիծը, որ մեզ իրոք նվիրել էին»:
Դիտարկմանը՝ դե, ասում էին, որ հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան ազատամարտը, նա այսպես արձագանքեց. «Նաև, գերագույն գլխավոր կապիտուլյանտը դավաճանագիրը ստորագրելուց հետո իր առաջին ելույթներից մեկում ինձ համար ամենազազրելի հայտարարությունը արեց, երբ ասաց, որ հայրենիքը պետք է զոհես՝ հանուն անհատի: Չես գտնի որևէ երկրից որևէ պետական գործչի, որ նման հայտարարություն կանի կամ արել է: Պետությունն ու պետականությունը ժողովրդի համար պետք է դարձնել բացարձակ արժեքներ, սա պետք է լինի գերխնդիր բոլոր այն ուժերի համար, ովքեր իրոք մտահոգ են հայկական պետականության գոյության հարցով: Այլ պարագայում, մենք իրոք արժանի չենք պետականություն ունենալուն, մենք իրոք արժանի չենք ազատ, անկախ և միացյալ հայրենիքում ապրելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում