«Այն, ինչ կատարվում է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հետ՝ Ադրբեջանի քաղաքականության բուն պատկերն է». Դավիթ Բաբայան

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը բարբարոսաբար է վերաբերվում հայկական այն մշակութային կոթողներին, որոնք անցել են իր օկուպացիայի տակ։ Սկսած հայկական գերեզմանոցներից, եկեղեցիներից մինչև հուշարձաններ, ոչնչացվում ու դրանց հայկական հետքը վերացվում է Ադրբեջանի կողմից մշակված պետական քաղաքականության արդյունքում։ Այդ ճակատագրին է արժանանում նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որն ամբողջովին Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել, եկեղեցին ներսից և դրսից ամբողջությամբ պատել են երկաթյա ձողերով ու թափանցիկ գունավոր ցելոֆանով։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով թշնամու այս բարբարոսություններին, նկատեց՝ այդ ամենը զարմանալի չէ, քանի որ ադրբեջանցիները միշտ էլ այդպես են վարվել հայկական մշակույթի հետ։

«Այն, ինչ կատարվում է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հետ՝ Ադրբեջանի քաղաքականության բուն պատկերն է։ Ես զարմանում եմ, որ մարդիկ դեռ զարմանում են այս ամենի վրա, ի՞նչ էին սպասում Ադրբեջանից, իհարկե, նա ոչնչացնելու է։ Մենք չգիտեի՞նք, թե նրանք ինչ պլաններ ունեն, իհարկե, ոչնչացնելու պլաններ։ Նրանք հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնում են, ցեղասպանության են ենթարկում, սա պարզ չէ՞, թե՞ առհասարակ պարզ չի եղել։ Բա այդքան ասում էինք, որ այսպես է լինելու, Ադրբեջանում հայատյացությունը պետական գաղափարախոսություն է և չի փոխվելու, հույսեր մի փայփայեք։ Իհարկե, մենք նացիզմով չպետք է տառապենք, սեփական ազգի նկատմամբ սերը չպետք է դրսևորվի այլոց նկատմամբ ատելությամբ։ Կան օբյեկտիվ գործընթացներ, ադրբեջանական ազգը լրիվ ձևավորված չէ, այնտեղ կան շատ փոքրամասնություններ, դրա համար վախենում են, որ այդ փոքրամասնությունները կարող են ինքնորոշման կամ ազգային-ազատագրական պայքար ստեղծեն, նրանց համար որպես օրինակ ծառայում է Արցախը։ Հետևաբար՝ նրանք ի՞նչ պետք է անեն՝ ոչնչացնեն մեզ ու մեր ժառանգությունը»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը Սուրբ Ղազանչեցոցը կամ Դադիվանքը չի կարողանում բացեիբաց ոչնչացնել, քանի որ շատ հայտնի եկեղեցիներ են, բացի այդ, Դադիվանքի անվտանգության պաշտպանությունը գտնվում է  Ռուսաստանի հովանու ներքո, ուստի փորձում են այլ ձևերով ոչնչացնել։ Ուզում են դրանց հայկականությունը ոչնչացնել, և սա որևէ մեկի համար չպետք է տարօրինակ լինի, քանի որ այդ ամենը Ադրբեջանի երկարամյա տարիների քաղաքականությունն է։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Դադիվանքում հայ ուխտավորների մուտքի արգելքին, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ այս ամենն Ադրբեջանի քաղաքականության դրսևորումն է։

«Եթե հայ ուխտավորներ են գնում Դադիվանք, նշանակում է՝ դա հայկական է, չէ՞, այսինքն՝ նրանց պետք է, որ ոչնչացնեն այդ հայկականությունը։ Հետևաբար՝ սա է Ադրբեջանի բուն էությունը։ Կրկնում եմ՝ ցավալի է, որ կան մարդիկ, որոնք մինչև այսօր չեն հասկացել ակնհայտ ճշմարտությունը։ Տեսանելի ապագայում ես չեմ տեսնում հնարավորություններ, որ Ադրբեջանը մեզ համար կարող է դառնալ բարի հարևան։ Իսկ որպեսզի գոնե կայունություն լինի, մենք պետք է ուժեղ, համախմբված լինենք, արժանապատվություն ունենանք։ Մտածել, որ Ադրբեջանը մեկ օրում փոխվելու է, այդպես չէ՝ չի փոխվելու»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս