Թիթեռնիկի կյանքով մանդատներ. դադարեցվել են վերջերս մանդատ ստացած ավագանու լիազորությունները

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի հայտարարություններ բաժնից տեղեկանում ենք, որ Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի վերջին՝ հունիսի 22-ի նիստի ժամանակ ավագանու մանդատ ստացած «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Սուրեն Օհանյանը հրաժարվել է մանդատից, նրա լիազորությունները դադարեցվել են:

Նշենք, որ Օհանյանին մանդատը տրվել էր նախորդ նիստի ժամանակ, նույն  օրը տեղեկացվեց, որ մանդատից հրաժարվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և 2021-ի մայիսի 25-ին մանդատ ստացած Նարեկ Պետրոսյանը, որին պետք է փոխարիներ Սուրեն Օհանյանը:

Ո՛չ Նարեկ Պետրոսյանը, ո՛չ Սուրեն Օհանյանը իրենց՝ ավագանու մանդատ ստանալու արարողությանը ներկա չեն եղել: Սա արդեն դառնում է օրինաչափություն, եթե ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրված և ավագանու մանդատ ստացած անձը ներկա չի լինում այն նիստին, որի ժամանակ  հանձնվելու է մանդատը, ուրեմն մեծ է հավանականությունը, որ հաջորդ նիստին կհրապարակվի նրա՝ մանդատից հրաժարվելու մասին տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ իրենց մանդատները վայր դրեցին նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո: Դրանից հետո ավագանու գրեթե բոլոր նիստերը սկսվում են ավագանու նոր անդամին մանդատ շնորհելու արարողությամբ:

Ի դեպ,  հուլիսի 13-ին տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ:

Տեսանյութեր

Լրահոս