Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները շարունակում են հրաժարվել մանդատներից 

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նախ շնորհավորեց իր քաղաքական թիմին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար, չնայած նա չէր մասնակցում քարոզարշավին:

Երեկ Factor.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն ասել էր, որ Մարությանի քարոզարշավին չմասնակցելու պատճառը Կառավարության և քաղաքապետի հարաբերություններում առկա խութերն են:

Մինչև նիստի օրակարգին անցնելը Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից երկուսը վայր են դրել իրենց մանդատը, նրանց կփոխարինեն իրենց ցուցակով հերթական հաջորդ թեկնածուները:

«Համաձայն ԿԸՀ 2021թ. մայիսի 31-ի N 33 արձանագրության՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու  Մալենա Ստեփանյանին:

Համաձայն ԿԸՀ 2021թ. մայիսի 31-ի N 34 արձանագրության՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Նարեկ Պետրոսյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սուրեն Օհանյանին»:

Նշենք, որ Նարեկ Պետրոսյանը ավագանու անդամի մանդատ ստացել էր ավագանու նախորդ նիստին, որին ներկա չէր: Այս անգամ իր մանդատ ստանալու արարողությանը ներկա չէր Սուրեն Օհանյանը:
Գևորգ Աճեմյանի լիազորությունները դադարեցվել էին ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամների առաջարկով և քաղաքական դրդապատճառներից ելնելով:

Տեսանյութեր

Լրահոս