«SOS» հաղորդաշարից հայտնի Վիլեն Գայֆեջյանը՝ Երևանի ավագանու անդամ. փոփոխություններ քաղաքային իշխանությունում
Այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը վայր է դրել մանդատը:
«Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանի մանդատը տրվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինա Վարդանյանին»,- ասաց Մարությանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի լիազորություններն էլ փոխանցվեցին նույն խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանին: Ավագանու անդամի լիազորություններից հրաժարվել են նաև «Իմ քայլը» խմբակցության երկու անդամ:
«Աննա Ջավախյանը և Էդգար Բարսեղյանը դիմումներ են ներկայացրել ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին: Համաձայն ԿԸՀ 2021թ. մայիսի 4-ի N 31 արձանագրության Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Աննա Ջավախյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վիլեն Գայֆեջյանին: Համաձայն ԿԸՀ 2021թ.-ի մայիսի 24-ի N 32 արձանագրության՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Էդգար Բարսեղյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Պետրոսյանին»:
Նարեկ Պետրոսյանը նիստին չէր ներկայացել, նա նույնպես դիմում է գրել իր լիազորությունները դադարեցնելու մասին:
Նշենք, որ Վիլեն Գայֆեջյանը հանրությանը հայտնի է՝ որպես «SOS» հաղորդաշարի համահեղինակ: