Պետությունն այս տարի գոնե անասնակերով պետք է ապահովի, որ գլխաքանակի պակաս չունենանք. Գյուղատնտեսներն ահազանգում են
«Գեղարքունիքի մարզում երաշտի պատճառով անասնագլխաքանակը շեշտակի կրճատման եզրին է կանգնել. Խոտի 1 հակի (տուկ) գինն արժե 2000 ՀՀ դրամ»,- ահազանգում է Գեղարքունիքի մարզի բնակիչ Վանո Կարապետյանը:
168.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց՝ թեև մարզում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չկան, քանի որ ջրային ռեսուրսները շատ են, սակայն երաշտից տուժել են այն մշակաբույսերը, որոնք հիմնականում անջրդի հողերում են մշակվում՝ ցորեն, գարի, հնդկացորեն:
«Կարտոֆիլի վիճակը համեմատաբար բարվոք է, քանի որ կարտոֆիլ մշակում են այն հատվածներում, որտեղ ոռոգվում է, բայց քանի որ երաշտ է, լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն կա, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է գյուղացու համար։
Հիմնականում երաշտը վնասում է հացահատիկային մշակաբույսերին և արոտավայրերին. դաշտերում խոտ չկա, և դրանով պայմանավորված՝ խոտի գինն աննախադեպ բարձրացել է, կարելի է ասել՝ հարյուր տոկոս թանկացում է նախորդ տարիների համեմատությամբ. եթե առաջ խոտի մեկ հակը գնում էինք միջինում 1000 դրամ, հիմա՝ 1800-2000 դրամ: Սա արդեն ենթադրում է անասնագլխաքանակի շեշտակի նվազում: Շատերը պատրաստ են հարկադիր մորթի, որովհետև նման պայմաններում անասուն պահելը հնարավոր չէ: Անասնագլխաքանակի կրճատումն ակնառու կլինի հատկապես աշնանը:
Մեկ այլ խնդիր է խոտի՝ հակերով վաճառքը. հակերի չափերը տարբեր է լինում, և ճիշտ կլիներ վաճառել ոչ թե հակով այլ կիլոգրամով: Նկատենք նաև, որ խոտի վաճառքի շուկան չի վերահսկվում. ինքնակարգավորման բարձիթողի վիճակում է:
Այս պահին մեզ մոտ հիմնականում հակերը բերում և վաճառում են Տավուշի և Լոռու մարզերից, գինը տատանվում է 1800-2000 դրամի սահմաններում»,- հավելեց Վ.Կարապետյանը:
Հարցին, թե ի՞նչ լուծումներ է ակնկալում պետությունից՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Լուծումը տեսնում եմ խոտի ձեռբքերման հետ կապված սուբսիդավորման մեջ»:
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը, անդրադառնալով քաղաքացու ահազանգին, նկատեց, որ խնդիրը համապետական է. արոտավայրերը չորացել են, ցորենի, գարու լուրջ կորուստներ կան երաշտի պատճառով. «Չգիտեմ՝ Էկոնոմիկայի նախարարությունն ինչով է զբաղված, բայց գյուղատնտեսությամբ հաստատ զբաղված չէ: Հանարապետութունում կերի պաշարները շատ վատ վիճակում են առհասարակ, և կարծում եմ՝ պետությունն այս տարի գոնե անասնակերով պետք է ապահովի, որ գլխաքանակի պակաս չունենանք, բայց պետությունն այդքան խելք կունենա՞, թե՞ ոչ, չգիտեմ:
Պետությունը շատ լավ ջրամբարներն է դատարկել, որի համար պատասխան կտա. Թող փնտրեն, թե ջուրն ի՞նչ է եղել, ո՞վ է կերել այդ ջուրը՝ դրամի տեսքով»:
Ի պատասխան հարցին, թե ի՞նչ կասկածներ ունի, Հրաչ Բերբերյանը պարզաբանեց.
«Օդից եկած լուրերով՝ գյուղացիները պատմել են, որ հիմնականում հէկ-երին են վաճառել ջուրը:
Կառնուտի և Արփիի ջրամբարները կիսադատարկ են: Արփի լճի հայելին 110 միլիոն է, բնական լեփ-լեցուն պայմաններում՝105 միլիոն, բայց երբ ոռոգումը սկսել է, ընդամենը 65 միլիոն է եղել. 40 միլիոնն ի՞նչ եք արել»:
Անասնագլխաքանակի խնդիրների համատեքստում գյուղատնտեսը նաև հիշեց հանրապետությունում արձանագրված սիբիրախտի վերջին դեպքերը՝ նկատելով, որ այն Էկոնոմիկայի նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անորակ աշխատանքի հետևանքն է. «Մեր կառավարության նման են աշխատում. ինչպես կառավարությունն է, այնպես էլ՝ ՊՈԱԿ-ները»:
«Մենք աշնանը լուրջ խնդիր կունենանք և՛ մանր, և՛ խոշոր եղջերավոր անասուների հետ կապված»,- ամփոփելով՝ նշեց Հրաչ Բերբերյանը: