«Հասկանո՞ւմ եք՝ ամբողջ ողբերգությունը որն է. մեր խնդիրը որոշում են Թուրքիան և Ռուսաստանը, իսկ մենք՝ որպես սուբյեկտ, բացարձակ գոյություն չունենք». Անուշ Հովհաննիսյան
Անթալիայում տեղի ունեցած ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլյութ Չավուշօղլուի բանակցություններից հետո Լավրովը հայտարարեց, որ կողմերը պայմանավորվել են շարունակել սերտորեն կոորդինացնել ջանքերը՝ աջակցելու Բաքվին և Երևանին՝ լուծելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պրակտիկ հարցերը՝ շեշտադրելով վստահության միջոցների ամրապնդումը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վստահության միջոցների ամրապնդման մասին է խոսքը, եթե արցախյան երկրորդ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանն ավելի ինտենսիվ են զորավարժություններ անցկացնում, օրերս Շուշիում հռչակագիր ստորագրեցին, իսկ Ադրբեջանի զորքերը մայիսի 12-ից գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, Ադրբեջանը դատում է հայ գերիներին, և այլն:
«Բանակցությունները և հայտարարությունը եղել են ռուս-թուրքական հարաբերությունների կոնտեքստում: Ռուս-թուրքական հարաբերությունները ռուսները բնութագրում են՝ որպես մրցակցային համագործակցություն, իսկ Թուրքիայի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այդ հարաբերությունները բնութագրում էր՝ որպես գործարքային համագործակցություն, ինչը նշանակում է, որ ռուս-թուրքական հարաբերություններում շահերի բավականին լայն դաշտ կա: Նույն տիպի գործարքային հայտարարություն եմ բնութագրում Լավրովի վերոնշյալ հայտարարությունը: Արձանագրենք, որ, ցավոք, այս վերջին պատերազմից հետո ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք գործ ունենք նոր իրողության հետ՝ ոչ միայն խախտվել է ստատուս-քվոն, այլև ի դեմս Թուրքիայի՝ նոր և ագրեսիվ խաղացող է հայտնվել, որը ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլ նաև ռազմաքաղաքական ներկայություն է ունենալու»,- ի պատասխան՝ ասաց թուրքագետը:
Նրա խոսքով՝ ռուս փորձագետների շրջանում քննարկում կա, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը փորձում է պաշտպանել իր շահերը, բայց դա ստացվում է ի հաշիվ հայկական շահերի. «Եթե ռուսներին թվում էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կոնֆլիկտի ինչ-որ փուլ ավարտին հասցրին և թույլ չտվեցին եռակողմ հայտարարության մեջ Թուրքիայի մասնակցություն, Թուրքիան այդ հայտարարությամբ կարծես թե ոչինչ չստացավ, ապա Շուշիի հռչակագրից հետո ռուսական շրջանակներում անհանգստությունն ակնհայտ երևաց: Այն, ինչ նրանք թույլ տվեցին թուրքերին՝ Ակնայում մոնիտորինգի խումբը տեղակայել, կարծեցին, թե դրանով հարցերը լուծվել են, բայց Շուշիի հռչակագրում ակնհայտ երևաց այն հեռանկարը, որ Թուրքիան դրանով չի սահմանափակվելու, և թուրքական ռազմաբազայի ներկայությունն այս տարածաշրջանում դառնում է շատ ռեալ հեռանկար:
Այդ սակարկություններով և մեզ հետ կապված թուրքերին ինչ-ինչ հարցերում զիջումների գնալով՝ Ռուսաստանը հետապնդում է իր շահերը, բայց պարադոքսն այն է, որ որոշվում է հայկական և ադրբեջանական կողմերի ինչ-որ փոխվստահության, համագործակցության թեմաները, բայց այդ սակարկության մեջ բացարձակ գոյություն չունի Հայաստանը: Հասկանո՞ւմ եք՝ ամբողջ ողբերգությունը որն է. մեր խնդիրը որոշում են Թուրքիան և Ռուսաստանը, իսկ մենք՝ որպես սուբյեկտ, մասնակից, բացարձակ գոյություն չունենք: Որոշ չափով նաև Ադրբեջանն է կորցրել իր սուբյեկտայնությունը: Մենք մեր սուբյեկտայնությունը լրիվ ենք կորցրել և չունենք որևէ դրույք, որպեսզի ինչ-որ հարցում մեզ համար շահեկան որոշման հասնենք: Մենք գոյություն չունենք, և ողբերգությունը կայանում է դրանում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում