Չի կարող որևիցե տնտեսություն շարունակաբար աճ ապահովել, երբ երկու տարի շարունակ ներդրումները կրճատվում են. Աշոտ Խուրշուդյան
«Ավելի երկարաժամկետ տնտեսական պոտենցիալը շատ ավելի կարևոր է, քան, եթե նայենք ընթացիկ փոփոխությունները. մանավանդ հետշոկային վերականգնումը՝ անունը չդնենք, որ տնտեսությունը վերականգնվեց, եթե դա չի զուգորդվել ՀՆԱ-ի պոտենցիալի ավելացմամբ»,- «Մակրոտնտեսական իրողություններ և դրամի փոխարժեք» թեմայով քննարկման ժամանակ նշեց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:
Անդրադառնալով ՀՆԱ-ի սպառման կառուցվածքին՝ տնտեսագետն արձանագրեց բացասական միտումները. «Պետությունն ավելի է միջամտել մեր տնտեսությանը (բնական է. քովիդի և պատերազմի հետևանքն է), և մասնավորը կրճատվել է: Նկատի ունեմ և՛ մասնավոր սպառումը, և՛, որ ավելի մտահոգիչ է, մասնավոր ներդրումները, քանի որ մասնավոր ներդրումների կրճատումը հենց ավտոմատ ենթադրում է ՀՆԱ-ի պոտենցիալի կրճատում:
Չի՛ կարող որևիցե տնտեսություն շարունակաբար աճ ապահովել, երբ երկու տարի շարունակ ներդրումները կրճատվում են, և այդտեղ մտահոգիչ անելիքներ ունենք, որովհետև եթե նույնիսկ փորձենք երկարաժամկետ շարունակել պետական ներդրումներով փոխլրացնել մասնավորը, մենք կարող է ընկնենք շինարարության ծուղակը, կամ 2000-ականների այն ծուղակը, երբ դրամը սկսվեց արժևորվել, պետական ներդրումները գալ, արտարժույթի ներհոսք լինել, և դա ամբողջությամբ գնում էր մի ոլորտի՝ շինարարության ոլորտի, որովհետև պետությունն ավելի բարդ տնտեսական մոդելներ չի կարող մտնել, և դրան էլ գումարվում է, ճիշտ է, դրական՝ արտահանման աճը, սակայն արտահանման աճը, որը հանքահումքային է, չի ստեղծում ՀՆԱ-ի պոտենցիալ: Այսինքն՝ կարճաժամկետ ունենք դրական իմպուլսներ, բայց պետք է կարողանանք այդ ամենը ձևափոխել դեպի ՀՆԱ-ի պոտենցիալ»:
Աշոտ Խուրշուդյանը նաև առաջարկ հնչեցրեց. «Այսօր գնային գործոններով պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտները շատացել են. պետական բյուջեն մենք հավանաբար կփակենք ավելի քիչ դեֆիցիտով, քան պլանավորված է: Պետությունը պետք է այսօրվանից իմպուլս տա, որ գնալու է դեֆիցիտի ավելի փոքր մակարդակի, քան հայտարարել էր, որովհետև դա կարևոր իմպուլս է այն առումով, որ պետական արժեթղթեր են թողարկվում, պարտք է վերցվում, որ տնտեսվարողները հասկանան՝ ուր են տանելու այդ միտումները»:
Ըստ տնտեսագետի՝ տնտեսության կառուցվածքային խնդիրները հիմնականում մնացել են նույնը:
Մանրամասները՝ տեսանյութում