Տուժող կա, մեղադրյալ չկա. Եղեգնաձորում «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծելու գործով ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ
Հունիսի 17-ին «Հրապարակը» գրել էր, որ նախորդ օրը Եղեգնաձորում Նիկոլ Փաշինյանի հանարահավաքից առաջ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Շահեն Վարդանյանին ոստիկանությունը բերման է ենթարկել, ապա ոստիկանական բաժանմունքում նրան ծեծի են ենթարկել. նախ՝ քաղաքացիական հագուստով Բանգլադեշցի Կարենը, ապա՝ Եղեգնաձորի ոստիկանության բաժնի պետի տեղակալը։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել էր ծեծված անձը՝ Շահեն Վարդանյանը:
Վերջինս պատմել էր, որ իրեն նախ ձերբակալել են, ապա ոստիկանության բաժանմունքի մոտ՝ ծեծել:
«Ուրեմն ներկայացել է Բանգլադեշցի Կարեն, և, ըստ ինձ հասած լուրերի, ասում են՝ Խաչատուր Սուքիասյանի «ախրանան» է, իրենք էլ էին մարդ բռնում-բերում։ Եկան բաժնի առաջ, բա՝ դու մեր վարչապետին հայհոյո՞ւմ ես, մեր վարչապետին բա՞ն եք ասում։ Ես չեմ էլ հիշում, որ այնտեղ ինչ-որ մեկը հայհոյել է, իրենք սարքում են, թե՝ իբր ասել ենք՝ թուրք, դավաճան և այլն։ Ու այդտեղ քաղաքացիական հագուստով և ոստիկանական համազգեստներով հարձակվել են ինձ վրա հենց ոստիկանության մուտքի մոտ, հարվածել, գցել են գետնին, խփել են գլխիս, մարմնիս տարբեր մասերին։ Հիմնականում գլխիս են հարվածել, ես էլ վիրահատված մարդ եմ, գլխի վիրահատություն եմ տարել։ Ես իրենց ասում եմ՝ ինձ ինչի՞ համար եք խփում, ես վիրահատված եմ, 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ինձ ինչի՞ համար ես խփում, տղա ջան, ասում է՝ չխոսես, մեր վարչապետին բան չասես»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել էր տուժողը:
Ըստ նրա՝ խոշտանգումները շարունակվել են նաև ոստիկանական բաժանմունքում։ Վարդանյանը պատմել է, որ բաժնի պետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և բաժնի պետ Հրազդան Կոստանյանը խփել են իր կրծքավանդակին ու ծեծել, ապա ձեռնաշղթաներ են հագցրել և թույլ չեն տվել բժշկական հետազոտության գնալ։
168.am-ի հետ զրույցում այսօր Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) տեղեկացրին, որ Շահեն Վարդանյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը
1. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
309-րդ հոդվածի 2-րդ մասը պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին է, այն է՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):
Ըստ այդ հանցակազմի՝ նույն արարքը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
«Շահեն Վարդանյանը ճանաչվել է տուժող: Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա: Կատարվում է նախաքննություն»,- ասացին ՀՔԾ-ից: