Համաշխարհային արդյունքների նկատմամբ վերականգնման տեմպերը դեռ այդպես մեծ ուրախություն չեն ներշնչում. Տիգրան Ջրբաշյան

«Մակրոտնտեսական իրողություններ և դրամի փոխարժեք» թեմայով քննարկման ժամանակ տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ տնտեսության զարգացման միտումների, ինչպես նաև ՀՆԱ-ի աճի մասին խոսելիս՝ պետք է ընկալենք, որ մենք ունեցել ենք լուրջ էֆեկտ՝ բազայի էֆեկտը:

«Ընդհանուր առմամբ, իհարկե, տարեկան կտրվածքով մեր վերջին կանխատեսումը, որն արել էինք մոտ 3 շաբաթ առաջ, վկայում էր մոտ  4.5-5 տոկոս տարեկան աճի մասին՝ հաշվի առնելով այն ֆենոմենը, որ երրորդ և չորրորդ եռամսյակներում այդ ցածր բազայի էֆեկտը կնվազի, և համապատասխանաբար, կարծում ենք, որ երրորդ-չորրորդ եռամսյակներում աճի տեմպը կլինի մոտավորապես 5-6-7 տոկոսի չափով նախորդ տարվա նկատմամբ:

Կարծում եմ՝ մենք այստեղ ունենք որոշակի խնդիրներ, մասնավորապես, կապված նրա հետ, որ գրեթե բոլոր երկրներում, հաշվի առնելով նույն այդ բազային էֆեկտը, աճի տեմպերն ավելի արագ են եղել, քան մեզ մոտ, և մենք պետք է ընկալենք, որ այս համաշխարհային արդյունքների նկատմամբ վերականգնման տեմպերը դեռ այդպես մեծ ուրախություն չեն ներշնչում»,- ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ  այդուհանդերձ,  քաղաքական որոշակիության աստիճանը և ընտրությունների արդյունքներով ռիսկերից խուսափումը դրական լուրջ ազդեցություն կունենա տնտեսության վրա:

Տիգրան Ջրբաշյանի համոզմամբ՝ երրորդ-չորրորդ եռամսյակներում փորձ կարվի վերականգնել այն, ինչը հնարավոր չեղավ վերականգնել նախորդ եռամսյակի ընթացքում, ինչն, ըստ նրա, որոշակի իմաստով նաև պայմանավորված էր քաղաքական անորոշություններով:

Տնտեսության կառուցվածքային փոփոխություններին անդրադառնալով՝ Տիգրան Ջրբաշյանը նկատեց. «Մենք արդեն մեկ տարի է՝ տեսնում ենք այն հանելուկային սեկտորի անկումը, որը նախորդ երեք տարիների ընթացքում մեզ մոտ ապահովում էր ամենամեծ աճը.  Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն չարաբաստիկ, երկար քննարկված և շատ հաճախ փորձագետների կողմից քիչ հասկացված entertainment/ gambling սեկտորին, որովհետև իրականում այդ սեկտորը մեզ մոտ ոչ  միայն ներկայացված էր հիմքը հենց՝ խաղերի և զվարճանքի տեսքով,  այլ նաև այդ սեկտորում ներկայացված հիմնարկները ներկայացնում էին IT լուծումներ այս ոլորտի համար, և արտահանում էին ծառայությունները:

Այժմ այս ոլորտում մենք ունենք երևի թե ամենամեծ անկումն առաջին եռամսյակի ընթացքում: Ինչը կարելի է բացատրել նաև նրանով, որ հնարավոր է, այդ ընկերությունները, որոնք նախկինում ստատիստիկայում հաշվարկվում էին՝ որպես  խաղեր և զվարճանքներ սեկտոր, դրանք իրականում հիմա գնացել են դեպի IT ոլորտ. IT ոլորտում մենք ունենք բավական աճ կառուցվածքի մեջ:

Երկրորդ ֆենոմենը, որ մենք ունենք կառուցվածքի մեջ՝ հանրային սեկտորի աճն է, որը պայմանավորված է covidi ուղղությամբ իրականացվող միջոցառումներով:

Մյուս նմանատիպ աճող սեկտորն էներգետիկայի սեկտորն է. այստեղ էլ կա որոշակի հանելուկ՝ հաշվի առնելով, որ հիմնական էլեկտրաէներգիա սպառող սեկտորները նմանատիպ աճ չեն ունեցել և արտահանում էլ չենք ունեցել, հետևաբար՝ պետք է փորձեինք հասկանալ՝ որտեղի՞ց է գալիս այդ աճը: Մեր փորձագիտական գնահատականը՝ որ դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ Արցախն ապահովում էր իր էներգետիկ սպառումն իր ներքին արտադրանքի արդյունքում, հիմա ավելի շատ նստած է Հայաստանի էներգետիկ սպառման վրա, որը նաև բացատրում է այդ սեկտորի ծավալային աճը որոշակի իմաստով: Որովհետև հիմա փոխլրացրել ենք այն կորցրած էներգետիկ հզորությունները, որոնք ունեինք Արցախում:

Եվ վերջինը հանքահումքային սեկտորն է, որտեղ միջազգային շուկաներում պղնձի աճի արդյունքում մենք ունենք բավական աճի միտումներ»:

Հիշեցնենք՝ համաձայն Վիճակագրական կոմիտեի օրեր առաջ հրապարակած օպերատիվ տվյալների՝ 2021թ. հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում ավելացել է 4.3%-ով, իսկ 2021թ. մայիսը 2020թ. մայիսի համեմատ՝ ցուցանիշն ավելացել է 10.9 %-ով:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս