«Պետք է օպերատորի մակարդակով որոշ չափով հարցին լուծում տրվի՝ նման համարները սև ցուցակ գցեն». Սամվել Մարտիրոսյանը՝ թշնամու զանգերի մասին
Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է հնարավոր բոլոր մեթոդներով հոգեբանական ճնշումներ գործադրել հայերի վրա։ Նախ՝ պատերազմի օրերին թշնամին գերեվարված հայ ռազմագերիներին էր նկարահանում ու տարածում համացանցում, այնուհետև՝ իրենց օկուպացիայի տակ անցած տարածքներում մտնում էին բնակարաններ, ավերում ու տեսանկարահանում, երբեմն էլ գտնում էին տանտերերին և դրանք ուղարկում նրանց։
Արդեն մեկ շաբաթ է՝ թշնամին նոր հոգեբանական ճնշման մեթոդ է գործի դրել։ Ադրբեջանցիները և թուրքերը զանգահարում են արցախցիներին ու ասում, որ նրանք պետք է վաճառել իրենց բնակարանները և լքեն Արցախը, քանի որ այն արդեն ամբողջությամբ հանձնված է Ադրբեջանին։
Ի՞նչ մեխանիզմներով ու գործիքներով է հնարավոր արցախցիներին զերծ պահել թշնամու այս գործողություններից։ Այս հարցին 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Իրականում հնարավոր է բջջային ինչ-որ օպերատորի միջոցով անջատել, օրինակ, համարների հասանելիությունը։ Ենթադրենք՝ ադրբեջանական ու թուրքական։ Այլ խնդիր է, որ այդ զանգերը կարող են տարբեր տեղերից լինել։ Իրականում, որպես այդպիսին, չկա այնպիսի տեխնիկական միջոց, որով հնարավոր կլինի ամբողջությամբ այդ զանգերը կտրել։ Ավելի շատ մարդկանց պետք է հոգեբանորեն պատրաստեն, որպեսզի նման զանգերից հետո ուղղակի չմտածեն դրա մասին, զգացմունքային չընդունեն, հասկանան, որ դա հոգեբանական ճնշման միջոց է, իսկ դրան տրվելը նշանակում է՝ կատարել թշնամու ցանկությունը։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ պետք է օպերատորի մակարդակով որոշ չափով հարցին լուծում տրվի, որ նման համարները սև ցուցակ գցեն, որպեսզի հնարավորինս նման զանգերը պակասեն»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Որտեղի՞ց է թշնամու մոտ հայտնվել Արցախի քաղաքացիների բջջային հեռախոսահամարները, ի՞նչ բազաներից է օգտվել թշնամին, որ կարողացել է հեռախոսահամարները ձեռք բերել՝ հարցերի վերաբերյալ Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց, որ Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիները լուրջ հաքերային հարձակումներ են իրականացրել։
«Այդ ամենի հետևանքով թշնամու ձեռքում է հայտնվել բազմաթիվ տվյալների բազա, այնպես որ, այդ հեռախոսահամարների ձեռքբերումը նրանց համար այդքան մեծ խնդիր չի եղել։ Ադրբեջանը կոնկրետ է գործում, սա հիբրիդային պատերազմի մի մասն է՝ փորձում են սահմաններն այս ու այն կողմ անել, գերիների հարցն են շահարկում, և այլն։ Այսինքն՝ բոլոր ճակատներում փորձում են ճնշումներ գործադրել, սա էլ այդ ճնշումներից մեկն է»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։