«Ռազմագերիների վերադարձի հարցը միայն նրանց բարեկամների, խորհրդարանի մեծամասնության խնդիրը չէ». Հովհաննես Իգիթյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ում ընդհանուր մթնոլորտն ուղղված է այն խնդիրներին, որոնք հուզում են հայկական կողմին։

«Բոլոր զեկուցողները և անդամները, բացառությամբ 1-2 երկրների ներկայացուցիչների, գտնում են, որ առանց հայ ռազմագերիների վերադարձի՝ անհնար է առաջ շարժվել։ Երբ  խոսում ենք վստահության մթնոլորտ ձևավորելու մասին, պարզ է, որ առանց գերիների վերադարձի՝ չի կարող վստահության մթնոլորտ ձևավորվել»,- խորհրդարանում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննես Իգիթյանը։

Ըստ նրա, ԵԽԽՎ-ում քաղաքական հանձնաժողովում գործընկերների հետ միասին  բարձրաձայնել են ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածք ներխուժման հարցը, ասել են, որ Ադրբեջանը ներխուժում է  ռազմական ձևով, հետո ասում է՝ եկեք բանակցենք։

«ԵԽԽՎ-ում մեր գործընկերները՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Թուրքիայի հարցում բարձրացրեցին հարց, որ ցանկացած բանակցություն անհնար է, երբ ներկա են ռազմական ուժեր։ Այս հարցերը կան և շատ կարևոր են, որ մեր և այլ երկրների գործընկերների ելույթներում, բոլոր այն հարցերը, որոնք հուզում էին հայերին, բարձրացնում էին։ Սա կարևոր է, որ ընդհանուր մթնոլորտ կա, և կարևոր է, որ դա տեղափոխվում է այն երկրներ, որոնց ներկայացքուցիչները ելույթ էին ունենում։ Մենք տեսնում ենք, որ այն երկրները, որ մեզ պաշտպանում են ԵԽԽՎ-ում, այդ ելույթները նրանք հետո տեղափոխում են իրենց երկրների խորհրդարաններ»,- նշեց Հովհաննես Իգիթյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ երբ ԵԽԽՎ-ում խոսք էր լինում հայ ռազմագերիների վերադարձի մասին, օգտագործվում էր միայն մեկ բառ՝ անհապաղ և առանց նախապայմանների պետք է նրանց վերադարձնել։

«Ադրբեջանցիները նոր ռազմավարություն են հորինել, որ իբր գերիներին չվերադարձնելը կապված է ականների քարտեզի հետ, սա լուրջ չի ընկալվում մեր գործընկերների մոտ։ Ռազմագերիների վերադարձի հարցը միայն նրանց բարեկամների, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության, խորհրդարանի մեծամասնության ու Հայաստանի խնդիրը չէ, այլ ամբողջ հայության խնդիրն է։ Այսօր աշխարհի ցանկացած երկրում Ադրբեջանի դեսպանատան մոտ պետք է պիկետ լինի, և այնպես պետք է արվի, որ Ադրբեջանի դիվանագիտությունն անհարմարավետություն զգա, սա պետք է դառնա մեր թիվ մեկ խնդիրը»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս