«Շատ հետաքրքիր բաներ են կատարվում. մերոնք ամեն ինչ անում են, որ մեր ջուրը գնա Թուրքիա». Հրաչ Բերբերյան
Մինչ օրեր շարունակ տարբեր մարզերի բնակիչներ բողոքում են ոռոգման ջրի խնդրից, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա գլոբալ կլիմայական փոփոխություն է, ինչը նշանակում է, որ պրոբլեմները լինելու են շարունակական. «Այսինքն՝ մենք ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու գյուղատնտեսության ոլորտում: Այս կլիմայական փոփոխությունները մեզ հանգեցնում են այն եզրակացության, որ ավանդական ոռոգումը ապագա չունի»: Եվ ըստ Փաշինյանի՝ պետք է անցնել կաթիլային ոռոգման:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսության բնագավառին շատ բաներ է խոստացել, բայց արդյունքը տեսնում ենք՝ գյուղատնտեսությունը գնալով քանդվում է:
«Իհարկե, կաթիլային ոռոգումը էֆեկտիվ ինտենսիվ գյուղատնտեսության մեջ է մտնում, բայց դա պահանջում է հսկայական կապիտալ ծախսեր, որն այսօր մեր հանրապետությունը չունի, դա պահանջում է համապատասխան սարքերի արտադրություն, որը չունենք, և համապատասխան մասնագետներ, որոնք այդ նախագծերը պետք է իրականացնեն: Դա ծախսատար գործ է. մեր պարսիկ գործընկերների հետ հաշվարկել ենք, որ 1 հեկտարի համար կաթիլային համակարգի ստեղծումը՝ առանց շարժիչի, ուղղակի պարզ խողովակները տեղադրելով՝ 1000 դոլարից անցնում է: Բնականաբար, այնտեղ և՛ շարժիչ է պետք, և՛ փոքր ջրամբար է պետք, որ հեղուկը հավաքվի, հետո գնա ֆիլտրվի: Համենայնդեպս, գաղափարը վատը չէ, բայց դա նոր չէ, Ռոբերտ Քոչարյանը արդեն դրա մասին խոսել է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց նա՝ նկատելով՝ ցորենի համար հո կաթիլային ոռոգում չի՞ ներդրվելու:
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ եթե գարնանը կար հաստ ձյան շերտ, եղան հորդառատ տեղումներ, ապա ոռոգման ջրի խնդիր չպետք է լիներ. «Մեր ջրամբարները լրիվ բավարար են, որ մենք մեր հոգսերը հոգանք, բայց օրինակ՝ Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարում կարող էինք 15-16 մլն խմ ջուր լցնել, բայց արդյունքում այսօր ունենք 4-6 մլն խմ ջուր, ես առու եմ տեսել, որ ձկներն էլ մեջը գնում է ոռոգման: Այդ 4 մլն-ի 2 մլն-ը ջուր չէ, ցեխ է, այսինքն՝ նույնիսկ չեն բարեհաճել տիղմը մաքրել: Դե, եթե պարոն Փաշինյանը կես տարին մեկ Ջրային կոմիտեի նախագահ փոխի՝ իր Պապիկյանի հետ, վիճակն էլ սա պետք է լինի: Երբ փողոցից մասնագետ եք բերում, էլ ի՞նչ եք ուզում: Ջրամբարները կարգի բերեք, հէկ-երը փակեք. ես չեմ ասում՝ բոլոր հէկ-երը փակեք, այլ նորմատիվների խախտումներ անողները»:
Նրա կարծիքով՝ կառավարությունը պետք է հանրապետությունում երաշտ հայտարարեր և երաշտի համար նախատեսված հատուկ ծրագրեր իրականացներ:
Արմավիրի մարզի ոռոգման ջրի խնդրի հետ կապված՝ «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Արամ Սարգսյանը պարզաբանել է, որ ոռոգման ջրի մատակարարման դադարեցումը պայմանավորված է եղել Սևանից եկող ջրատարի խոշոր վթարով. «2,5 օրվա ընթացքում ամբողջ աշխատանքներն ավարտվեցին, 50-60-ականների ջրատար էր, հնացած է, մաշված է, ամեն պահի կարող է խնդիր լինել»:
Հրաչ Բերբերյանը նկատեց՝ հին ջրատարի վրա է վթար եղել, իսկ Դաշտ գյուղով գնացող մայր ջրատարը նորմալ աշխատում է. «ՋՕ-ի աշխատողները չգիտեի՞ն, որ վթար է լինելու: Մի օրինակ բերեմ՝ Արփի լիճը դարպասներ ունի, որով ջուրը բաց են թողնում, հետո հավաքում են: Արփի լճի դարպասներն այնպես էին փակել, որ դռները բաց էր մնացել, պատճառաբանեցին, թե պետք է վերանորոգել, թեպետ վերանորոգելու բան չկար: Կամ եթե վերանորոգում էին, թող նոյեմբերին վերանորոգեին, ոչ թե՝ գարնանը, որ արդեն ջուրը կուտակվում է: Արդյունքում՝ Արփի լիճը 40 մլն-ից չկարողացանք բարձրացնել, իսկ նրա հայելին 110 մլն է: Այսօր Արփի լիճը 70 մլն է: Այդ ամբողջ ջուրը գնաց Ախուրյանի ջրամբար, այնտեղից էլ՝ Թուրքիա: Շատ հետաքրքիր բաներ են կատարվում. մերոնք ամեն ինչ անում են, որ մեր ջուրը գնա Թուրքիա»:
Նրա խոսքով՝ 1 ժամում հնարավոր է ոռոգման ջրի հարցը լուծել. «Ուզո՞ւմ եք՝ այնպես անենք, որ Սևանից էլ ջուր չվերցնեն: Ընդամենը մասնագիտական մոտեցում է պետք»:
Հարցին՝ Դուք ասել էիք, որ օլիգարխներից մեկը ուզում է ոռոգման համակարգը ձեռք բերել, բայց թույլ չեք տալու. հնարավո՞ր է, որ ոռոգման ջրի հետ կապված խնդիրները արհեստական են առաջացվում, որպեսզի ոռոգման համակարգը, ի վերջո, անցնի այդ օլիգարխին, նա պատասխանեց. «Իհարկե: Էն հեքիաթը գիտե՞ք, որ դևը նստում է ջրի վրա, քաղաքի ջուրը անջատում է: Կարծում եք՝ Փաշինյանի կողքը այդպիսի դև չկա՞. կա՛, որ թաթն ուզում է ամեն ինչի վրա դնել: Մի քանի հոգի կան, բայց ամենախոշորը կանի, որը երեք գլուխ ունի, և գյուղացու վրա ջրի գինը երեք անգամ կթանկացնեն: Իմ կարծիքով՝ դա չի լինի հայկական ընկերություն, կլինի որևէ այլ երկրում գրանցված, բայց հետևում թուրքական կապիտալն է լինելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում