Հուլիսի 3-5-ը Արցախում կլինեն տեխնոլոգիական օրեր
«Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում 2021» միջոցառումների շարքը մեկ վայրում կկենտրոնացնի ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։
Tech Week Artsakh 2021-ը կազմակերպվում է «ՋիՋի», «Ինստիգեյթ Մոբայլ» և «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերությունների կողմից։
Instigate Mobile ընկերության ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը նշում է, որ այս պահին կա միջոցառմանը գրանցված 1200-ից ավելի մասնակից և ավելի քան 40 ՏՏ ոլորտի կազմակերպություններ։ «Ունենք 20-ից ավելի աջակիցներ։ Միջոցառումն անցկացնելու ենք 2 օրով և 2 մեծ դահլիճներում։ Կարծում եմ, որ չափերով սա մարզերում ամենամեծ միջոցառումն է ՏՏ ոլորտում»։
«Սա միջոցառումների հավախումբ է, և երեք օրերի ընթացքում տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ, Կարմիր Շուկայում «Արմաթ» լաբորատորիայի բացում, ggrace և նաև «Կորիզ» գաղափարների մրցույթը, որը Արցախի զարգացմանն ուղղված նորարարական գաղափարներին դրամաշնորհներ կտրամադրի»,- նշում է TCF ընկերության համահիմնադիր և կառավարող խորհրդի անդամ Մարիամ Համբարձումյանը։
GG ընկերության տնօրեն Քնարիկ Գրիգորյանի խոսքով, ի սկզբանե նպատակն է եղել նոր թիմերի ձևավորումն ու երիտասարդության ակտիվությունը մարզերում։
«Այն փորձը, որ կուտակվում է, նպատակ ունենք տեղափոխել մարզեր, որպեսզի այնտեղ էլ բացահայտվի պոտենցիալ։ Պոտենցիալի բացահայտումը արդեն սկսվել է և մենք խթան կհանդիսանանք դրա համար»։
«Միջոցառման նպատակը հենց այն է, որ այն մարդիկ, ովքեր հաջողության են հասել այս ոլորտում, Արցախում պատմեն իրենց հաջողության պատմությունները և նշեն, որ այդ հաջողություններին կարելի է հասնել կամայական վայրում։ Կարող ենք ապրել յուրաքանչյուր վայրում և այնտեղից աշխատել, ստեղծել ծառայություններ, որոնք կլինեն համաշխարհային կարգի։ Եթե Երևանում գտնվող մարդը դրան հասել է , ապա Գորիսում և Կապանում ապրող մարդը ևս կարող է հասնել դրան։
Մեր նպատակն այն է, որ կարևորենք և պարտադիր նշենք այն դերը, որ մարդը համացանցի դարաշրջանում կարող է հասնել ցանկացած վայրից։ Բացի այդ, մարզերում արդեն կան որոշակի գործող ընկերություններ և թիմեր, կա միջավայր, և նոր սերունդը կարող է այդ միջավայրի հնարավորություններից օգտվելով գտնել աշխատանք»,- նշում է Սպարտակ Կյուրեղյանը։
Մարիամ Համբարձումյանի խոսքով, միջոցառման նպատակը միայն մոտիվացնելն ու ուղիներ ցույց տալը չէ։ «Միջոցառման ընթացքում կներկայացվի հստակ գործիքակազմ, ուղիներ, ինչպես նաև շուրջ 60 ընկերության ներկայացուցիչներ ենք ակնկալում տեսնել Արցախում։ Այդ մարդիկ կտեսնեն Արցախի պոտենցիալը իրենց աչքերով և անպայման կաջակցեն դա վերհանելուն և ձևավորելու շարունակական զարգացման հնարավորություններ։
Արցախի երիտասարդությունը հնարավորություն կունենա առաջին աղբյուրից տեղեկանալու այն զարգացման ուղուն, ինչպով պետք է անցնեն, որպեսզի մուտք գործեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ»։
«Շատ կարևոր ենք համարում նաև ստեղծել բուն պրոդուկտ մեր երկրում, որովհետև նաև շատ կարևոր է մեր հայկական տեխնոլոգիան արտահանել աշխարհ։ Այսինքն՝ ստեղծենք մի բան, որը մեր երկրում խնդիր կլուծի, կամ աշխարհի մակարդակով տեսնենք՝ ինչ խնդիրներ կան, որոնք հեշտ բացահայտվում են, եթե մենք ուզում ենք տեսնենք։ Ու դա ուզում ենք պատմենք երիտասարդներին, որոնք շատ պայծառ մտքեր ունեն, բայց գուցե վախեր ունեն։ Ուզում ենք հանենք այդ վախերը և ցույց տանք, որ հայկական պրոդուկտն էլ կարող է աշխարհում իր խոսքն ասել»,- ասում է Քնարիկ Գրիգորյանը։
Տեխնոլոգիաների շաբաթվա հիմնական բաղադրիչն է լինելու կոնֆերանսը, որը ներառում է հաջողության պատմությունների և մասնագիտական ներկայացումներ, պանելային քննարկումներ։ Տեղի կունենան կրակի շուրջ մոտիվացնող զրույցներ։
Կանցկացվի հաքաթոն, որի արդյունքում մշակվելու և ներդրվելու է Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակ։ Հաքաթոնն իրականացվում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) նախաձեռնությամբ։
Բացի այդ, տեղի կունենա «Կորիզ» գաղափարների մրցույթ, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 3,000 դոլար, gg Race մրցարշավ, որի ժամանակ պատվեր կատարելով կհավաքվի գումար և կուղղվի բարեգործական նախագծի։ Ինչպես նաև Կարմիր Շուկայում բացվելու է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որի գումարը (ավելի քան 11,000 դոլար) հավաքվել է ՈՄԱ գումարտակի տղաների նախաձեռնությամբ ռեկորդային 36 ժամում։
Սիրարփի Աղաբաբյան