Բաժիններ՝

«Որդուս վերջին տողերը կան, որտեղ ներողություն է խնդրում, որ իր արյունը բավարար չեղավ, որպեսզի փրկի  բոլորիս կյանքերը․․․»․ Խաչիկ Մանուկյան

«Եկեք մի պահ հավատանք ու ապրենք այն հզոր Մեծ Հայքում, որտեղ մեզ համար անհնարին ոչինչ չկար, որտեղ մենք էինք ու մեր հաղթական երթը, կամ ուղղակի եկեք սպանենք մեր ներսում բնակություն հաստատած, մեզ ամեն անգամ խեղդող, նպատակներից հետ պահող խեղճությանը: Ապրենք հավատից, ուժից, վստահությունից ծնված պայքարով, որ մոտեցնենք ներկան մեր պատմության երբեմնի փառահեղ էջերին…»,- սրանք 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի տողերն են, որոնք նա գրել է դեռևս 2019 թվականին:

Նրա հոր՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի, փոխանցմամբ՝ շուտով ընթերցողի դատին կհանձնվի «Ազգային հերոս» անվանումով նրա գիրքը, որտեղ ամփոփված կլինեն հերոսի մտքերը, մտերիմների հուշերը նրա մասին:

«Տեսանք մեր տարածքները օտարված, մեր հայրենիքը մասնատված, գլխատված մեր քաջերի բանակը, իսկ ամենաանվախները ոչնչի չենթարկվելով՝ անգամ ողորմելի հրամկազմին, որոնք իրենք էին փախուստի դիմում, կանգնեցին մինչև վերջ, կարողացան պահել սահմանը, սակայն մարտական գործողությունների ժամանակ չզիջված մասը հետո քաղաքական խայտառակ պարտության  արդյունքում մենք տանուլ տվեցինք: Ես Վաչագանի գիրքը կազմելուց տեսա, թե ինչ պատգամներ է թողել, որոնք երկիրը երկիր դարձնող են, ազգը՝ ազգ պահող: Գիրքը, որ լույս է տեսել, իր զինակից ընկերների, իրեն ճանաչողների խոսքն է նրա մասին, իսկ գրքի վերնագիրը՝ «Ազգային հերոս», մարդկանց տրված կոչումն է Վաչագանին»,- ասուլիսի ժամանակ ասաց Խաչիկ Մանուկյանը:

Բանաստեղծը շեշտեց՝ որդին ու ընկերները  դավաճանված մնացին Շուշիի մոտակայքում, նախատեսված համալրումները, որ պետք է ունենային մեր զինվորները՝ չունեցան:

«Նրանք կարող էին նահանջել, բայց այն տեսակն էր, որոնք մինչև վերջ պետք է մնային և մնացին: Ես ասել եմ մի առիթով՝ Շուշին հետ ենք բերելու հենց Վաչագանի կրակոցներով, և դրանք ոչ միայն փամփուշտներն են, այլև մտքերը, գաղափարները, այն կենսական ավիշն է, որը ներարկել է իր խոսքով, իր գրքերով: Իր ծննդյան օրը՝ հուլիսի 7-ին, Եռաբլուրից կգնանք Էջմիածնի թիվ 2 միջին դպրոց, որտեղ կլինի խաչքարի բացում, նրա անունով նաև դասասենյակ է անվանակոչվում: Կլինի նաև այն ժողովածուի շնորհանդեսը, որտեղ իր մտքերն են, որտեղ հստակ ասում է. «Կգա ժամանակ, երբ հայրենասիրությունը կդիտվի որպես ծաղրի առարկա: Հետաքրքիր է, որ դեռևս 2020 թվականի ամռանը նա հայտարարել էր, որ մեծ բախումներ են լինելու: Ինչպե՞ս էր տեսել, ինչպե՞ս էր զգացել: Ասում էր՝ մեծ կորուստներ են լինելու, և այս անգամ չարը հաղթելու է բարուն»,- նշեց Խաչիկ Մանուկյանը:

168.am-ի հարցին՝ ի՞նչ նպատակներ ուներ Վաչագանը, հերոսի հայրը պատասխանեց.

«Վերջին շրջանում իր միակ նպատակը մեդիա կենտրոնի ստեղծումն էր: Լրատվական մեծ կենտրոն էր ուզում ստեղծել, որը պետք է կարողանար առանց կուսակցական հովանավորչության ազատ միտք հաղորդել: Ինքն ու ընկերները գալիս էին հակառակվելու այս գլոբալիստներին, վերհանելու ազգային արժեքները: Մի բիզնեսմեն պատրաստվում էր հովանավորել իրենց»:

Խաչիկ Մանուկյանը խոսեց նաև որդու բնավորության մասին՝ նկատելով.

«Զարմանալի մի բան, անգամ 4 գնահատականի համար պահանջում էր նորից վերաքննություն ու փորձում էր 19 կամ 20 ստանալ: Դեկանը զարմացել էր՝ ուրիշները 4-ի համար են ուրախանում, իսկ ինքը վերաքննություն է պահանջում: Դասախոսները տեսել են այն ուժը, որը գալիս է իր հայրենիքը զորացնելու: Նա երբեք որևէ մեկին թույլ չէր տա իր ազգային արժեքները տրորել, չէր ապրում այսօրվա ողորմելի իրականությամբ»:

Հարցին՝ կամավորագրվե՞լ է Վաչագանը, թե՞ պատերազմ մեկնելու ծանուցում է եկել, Խաչիկ Մանուկյանը պատասխանեց.

«Պատերազմի հենց առաջին օրը գործից դուրս է եկել, գնացել, դիմում է գրել, որ գնա ռազմադաշտ: Չեն կանչել, մի քանի օր անց կրկին հետաքրքրվել է, ասել է, որ հակատանկային հրթիռային համակարգից հասկանում է: Վերջին անգամ էլ ասել է՝ դուք իրավունք չունեք ինձ չթողնել, որ իմ հայրենիքը պաշտպանեմ, այնտեղ երեխա է զոհվում, երիտասարդ զինվորներ: Իր ուժեղությունը թույլ չէր տալիս հանգիստ նստել ու տեսնել, թե ինչ է  կատարվում: Եվ ռազմադաշտից առաջին զրույցը որ եղավ՝ ես լսեցի իմ որդու խաղաղված ձայնը: Ես իրեն ասում էի՝ չվրդովվի, որ չեն տանում, ծրագրերը, որ ունի, պակաս կարևոր չեն հայրենիքի համար, ասաց՝ դու այնքան էլ հայրենասեր չես, այսօր հարձակվել են իմ երկրի վրա, դու ինձ գաղափարական բաներ ես ասում: Երևի ճիշտ էր ասում, իր նվիրումը բացարձակ էր: Ես կփորձեմ իրեն արժանի լինել. նրա վերջին խոսքն էր՝ ձիգ պահիր քեզ:

Գիտեք, կեղծ, թիկն տված ողորմելիներին որ տեսնում եմ՝ հասկանում եմ, որ ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության մեջ էլ գետնաքարշներ կան, որոնք ներկայանում են, իբր հերոսներ էին, պարզապես չտարան: Ես իմ տղային գերիների մեջ չէի փնտրում, գիտեի, որ գերի երբեք չի ընկնի: Ինձ ասում էին՝ նայիր, գուցե ոտքը վիրավոր լինի, ասում էի ՝ ոտքը անգամ եթե վիրավոր լիներ, կոկորդները կկրծեր ու իրեն կգնդակահարեին, սակայն երբեք գերի չի ընկնի: Նա փորձել է 18-20 տարեկաններին իր կողքը չպահել ու վերջին պահին, երբ իրերն է տվել տղաներից մեկին, փորձել են մնալ՝ արգելել է, որովհետև մտածել է, որ հատուկջոկատայիններն են գալու, որ հատուկ մարտեր մղեն: Նրա վերջին տողերը կան, որտեղ ներողություն է խնդրում, որ իր արյունը բավարար չեղավ, որպեսզի փրկի  բոլորիս կյանքերը, և իր մարմինը բավական չեղավ, որ հայրենակիցների վերքերը վերցնի իր վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս