«Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան համագործակցությունը ձեռնտու է երեք երկրներին». Արևելագետ
Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներն այս տարվա սեպտեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Այս ամենին զուգահեռ, Բաքվում հունիսի 28-30-ը կանցկացվի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, որը, ի դեպ, այս տարի արդեն 8-րդ զորավարժությունն է։
168.am-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանն անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժություններին` նշեց, որ Արցախի 44-օրյա պատերազմը՝ նման արդյունքներով, և թուրք-ադրբեջանական համագործակցության նման մակարդակը, որն ըստ էության փաստաթղթային վերջնական ձևակերպում ստացավ նաև «Շուշիի հռչակագրի» տեսքով, հայկական կողմին պարզապես կանգնեցնում է այն իրողության առջև, որ պետք է արձանագրել և հետագա քաղաքականությունն ու գործողությունները կառուցել՝ հաշվի առնելով, որ գործ ունենք դաշնակցային հարաբերություններից վեր ներդաշնակեցման գնացող և թշնամական մոտեցումները շարունակող հարևանների հետ։
«Սա թուրք-ադրբեջանական՝ այլևս ընդհանուր, միասնական ուղղությամբ խորացող աննախադեպ մերձեցում է, որը, բնականաբար, «Շուշիի համաձայնագրով» արդեն իսկ նախանշում է նաև համագործակցության այն ճանապարհը, որ չի բացառում, որ կանխատեսելի ապագայում մեր հարևանությամբ ականատես լինենք նախկին՝ «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» հեյդարալիևյան հայտնի կոնցեպտի զարգացումը «մեկ ժողովուրդ՝ մեկ պետություն» ձևաչափի տեսքով։ Այսինքն՝ երկու երկրների միջև բոլոր ուղղություններով ընթանում է խորը ներդաշնակեցման գործընթաց, որը միանշանակ ունենալու է շարունակական ընթացք, քանի դեռ և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում այս վարչակարգերն են կամ նրանց գաղափարախոսությունը կիսող իշխանություններ։ Իսկ դիտարկելով երկու երկրների քաղաքական դաշտի ընդհանուր պատկերը, միանշանակ է, որ համընդգրկուն ներդաշնակեցման այս քաղաքականությունը շարունակական է լինելու՝ մինչև անգամ հանգեցնելով ընդհանուր պետության կոնցեպտի առարկայացմանը»,- նշեց Արմեն Պետրոսյանը։
Անդրադառնալով Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռակողմ զորավարժությանը, Արմեն Պետրոսյանը նկատեց՝ առհասարակ համագործակցության այս եռակողմ ձևաչափը, որը ներառում է նաև զինված ուժերի ոլորտը ևս, տևական ընթացք ունի, և այն նույնպես ունենալու է շարունակություն, ինչը ներկա շրջափուլում պայմանավորված է արդեն Թուրքիայի քաղաքականությամբ և պանթյուրքիստական գաղափարական հենքով հեռանկարային ծրագրերով։
«Այդ եռակողմ համագործակցությունը, ընդ որում` բոլոր հնարավոր ոլորտներում, ձեռնտու է երեք երկրներին էլ, որովհետև երեքն էլ ունեն միանման շահեր և՛ կոնֆլիկտների առումով, և՛ կարիքների առումով, և՛ արտաքին աշխարհին, միջազգային հանրությանը սեփական խնդիրները ներկայացնելու հարցում համագործակցության առումով, և այլն։ Թվում էր, թե Արցախի 44-օրյա պատերազմը նման արդյունքներով կարող էր որոշակի դադարի հանգեցնել եռաչափ, հատկապես ռազմական համագործակցության ոլորտում, բայց ականատես ենք լինում հակառակ իրողությանը։ Ներկայում պատճառը, թերևս, պայմանավորված է արդեն Թուրքիայի քաղաքականությամբ։ Եթե նայենք քարտեզին, ապա կհասկանանք, թե ինչ կարևոր դիրք է զբաղեցնում Պակիստանը՝ հատկապես նրա հարևանությամբ ներկայում ընթացող գործընթացների համատեքստում։ Բանն այն է, որ առաջիկայում Միացյալ Նահանգները պատրաստվում է Աֆղանստանից ամբողջությամբ դուրս բերել սեփական զինված ուժերը, և այդ երկրում արդեն իսկ կանխատեսվում է որոշակի քաոտիկ իրավիճակ։ Իսկ Աֆղանստանում ապակայունացման հիմնական պատճառ հանդիսացող թալիբների հետ բավականաչափ հետաքրքրիր կապեր և ազդեցության լծակներ ունի Պակիստանը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, այս ամենը մեծ հաշվով հնարավորություն է դիտարկվելու Թուրքիայի կողմից՝ հետագայում աֆղանական գործընթացներից օգուտ քաղելու, նաև այդ կոնֆլիկտը կամ անվտանգային մասով դրա հետևանքները խաղարկելու, կենտրոնասիական տարածաշրջան տեղափոխելու առումով, որտեղ գտնվող թյուրքական երկրների համար Թուրքիայի հետ նաև անվտանգության ոլորտում համագործակցությունը կարող է դառնալ օրակարգային՝ ճիշտ Ադրբեջանի օրինակով։
«Զարգացումների նման ընթացքի դեպքում անվտանգային ընդհանուր մարտահրավերները և դրանց վրա Թուրքիայի ազդեցության հնարավորությունները բավականաչափ մեծ դաշտ են բացելու Անկարայի համար այդ տարածաշրջանում ևս»,- հավելեց նա։