«Հեկտարավճար են դնում, որ փողերը ուտեն: Կոռուպցիա, որ ասում են, էդ ա, թող գա, բռնի». արմավիրցի
Արմավիրի մարզում, որը Հայաստանի ամենաշոգ տարածքներից է, ոռոգման ջրի խնդիրը շարունակում է անհանգստացնել գյուղացիներին: Էջմիածին քաղաքի հարակից դաշտերում չորացող դաշտերի կողքին գյուղացու բերքի համար խնդիր են առաջացնում նաև սելավաջրերը:
Էջմիածնի բնակիչ Անդրանիկ Քեշիշ-Ղուկասյանի կարտոֆիլի դաշտը մեկն է այն դաշտերից, որտեղ այս օրերին էլ կարելի է գորտերի հանդիպել և որտեղ կարտոֆիլի թփերից բարձր աճում են մոլախոտերը:
«Խոտ ա աճում, ոչ թե կարտոլ: Էս սելավատարները չեն մաքրում: ժամավճար որ չեն դնում, հեկտարավճար են դնում, որ փողերը ուտեն: Սելավատարները ՋՕԸ-ն գցում ա քաղաքապետարանի վրա, քաղաքապետարանը՝ ՋՕԸ-ի վրա: Չեն մաքրում, ջուրը գյոլ ա տալիս, ստեղ լիճ ա լինում, գորտերը կռկռում են, տեղը նեխացնում են… Ու գալիս, ասում ա՝ «փող տուր»: Ինձ մի անգամ ջուր չի տվել, ու ես փողն էլ եմ տվել, ու էս նեխածի համար ո՞վ ա բան անելու: Սրանն էլ եմ տալիս, բայց դա դնում են իրանց ջեբը: Կոռուպցիա, որ ասում են, էդ ա: Դե թող գա, բռնի»,- պատմում էր մեր զրուցակիցը:
Գյուղացիների խոսքով՝ խնդրի առաջացման հիմնական պատճառը փակված սելավատարներն են, ինչպես նաև դաշտերը ջրելու դիմաց տրվող վճարը, որը հաշվում են դաշտի հեկտարի չափով:
«Ջրահեռացման համակարգ գոյություն չունի: Այսինքն, եթե սելավ եկավ, էս էլ, մեզ էլ հետը կտանի, էս քաղաքն էլ՝ հետը: Պատկերացրեք տունը՝ առանց կանալիզացիայի: Էթաս լողանաս, գյոլ տա, չեթա ջուրը… Գորտը կարտոլի մեջ կռկռում ա… մի կողմը չորացնում են, մի կողմը գյոլ ա տվել»,- պատմում էին գյուղացիները:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում