ՌԴ իշխանության քաղաքական որոշումներից ևս կախված է, թե ինչպիսի աշխարհաքաղաքական դասավորություն կստեղծվի Հարավային Կովկասում․ Լուկիանով
«Արևմուտքն ակտիվացել է, հարցեր լուծելով փորձում է «վերադառնալ» տարածաշրջան»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով հետընտրական շրջանում տարածաշրջանային զարգացումներին։
Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցով արդեն Երևանում են ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի պատվիրակած ԵՄ անդամ երկրների 3 ԱԳ նախարարները՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը, Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ում Երևանում ընդունել է Նիկոլ Փաշինյանը։
Նախօրեին եվրոպացի դիվանագետները Բաքվում էին, որտեղ նրանց հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը երկար խոսել էր Հայաստանի հետ Խաղաղության համաձայնագիր կնքելու անհրաժեշտության շուրջ։
Բովանդակային առումով էապես տարբերվում էին Երևանի և Բաքվի հանդիպումները, Ադրբեջանի նախագահը հստակ շեշտադրումներ էր արել, թե ինչպես է ադրբեջանական կողմը պատկերացնում հետընտրական կարգավորումը՝ ներկայացնելով Ադրբեջանի առաջնահերթությունները, իսկ Երևանում Նիկոլ Փաշինյանը խոսել է իբրև թե ժողովրդավարության անշրջելիությունից, բարձր է գնահատել ԵՄ-ի, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերը Ադրբեջանից 15 հայ ռազմագերիների վերադարձի ապահովման գործում և նշել, որ Հայաստանը պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով, թեև գերիներն առանց նախապայմանների նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պետք է վերադարձվեին, սակայն Բաքուն գերիների վերադարձի համար հաջողությամբ օրակարգ բերեց ականապատ դաշտերի քարտեզի հարցը։
Լուկիանովն ասաց, որ Հայաստանը, ինչը երևում էր նաև ընտրություններին նախորդած փուլում, ԱՄՆ-ին ու ԵՄ-ին ավելի շատ է փորձելու ներքաշել հակամարտության վերջնական կարգավորման գործին, քանի որ տարածաշրջանային հարթության մեջ չի կարողանում հարցեր լուծել և գլխավորապես՝ օրակարգ բերել կարգավիճակի հարցը։
Ըստ նրա, բացի Հայաստանից, չնայած պատերազմի օրերին ցուցաբերած անտարբերությանը, ներկայումս Արևմուտքն ակտիվացել է, փորձում է որոշ հարցեր լուծելով՝ «վերադառնալ» տարածաշրջան։
Քաղաքագետի խոսքով, այս ամենին ակնհայտորեն նպաստել է Բայդենի կառավարությունը։ «Բայց պատերազմն էլ իր հերթին ցույց տվեց իրական միջնորդներին, թե ում էր հարկավոր, և ով կարողացավ հաստատել հրադադար։ Որպեսզի տարածաշրջանում էական դասավորություններ, աշխարհաքաղաքական վեկտորներ փոխվեն, պետք է փոխվի տարածաշրջանի անվտանգային լանդշաֆտը։ Բնականաբար, Արևմուտքը կցանկանա դա անել, բայց ինչպե՞ս՝ չունենալով որևէ լծակ ու ներկայություն տարածաշրջանում։
Տեսականորեն կարելի է մտածել, որ Վրաստանին, հետագայում ինչ–որ տեղ՝ գուցե Իրանին կարող է վերապահվել այնպիսի դեր, ինչպիսին Թուրքիային, բայց դա պրակտիկորեն հնարավոր չէ։ Այս տարածաշրջանում ռազմաքաղաքական ռեսուրս ունեցող երկրները Թուրքիան ու Ռուսաստանն են։ Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանին է հարկավոր անվտանգություն Ռուսաստանից, եթե կա այլընտրանք, այն կլիներ ու կարող է լինել, բայց ինչպե՞ս, անվտանգությանն այլընտրանք չեմ տեսնում, անվտանգությունը թելադրում է նաև քաղաքականություն, սակայն քաղաքական դաշտում խնդիրներ առաջանում են, և սա, կարծում եմ՝ կլուծվի աշխարհաքաղաքական մրցապայքարի արդյունքում մի շարք տարածաշրջանային գործընթացների ուղեկցությամբ։
Բայց կարծում եմ՝ դա մոտ ապագայի հարց չէ, ներկայումս Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը համագործակցաբար փոքր տարաձայնություններով աշխատելու են վերջնական կարգավորման ուղղությամբ, բնականաբար, ամենածանր թեմաները կլինեն այս փուլում սահմանազատումն ու ապաշրջափակումը, որի շուրջ ևս Արևմուտք-Ռուսաստան անհամաձայնություններ կլինեն, գուցե լարումներ։ Սա գործընթաց է, որի զարգացման ուղղությունը դժվար է կանխատեսել, քանի որ Արևմուտքը փոխում է Իրանի, Վրաստանի դերը, փոխում հարաբերությունները Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ, և այդ ամենի թիրախը Ռուսաստանն է, ՌԴ ազդեցությունը ռեգիոնում նվազեցնելը կամ զրոյացնելը։ Ռուսաստանում ևս փոփոխություններ են տեղի ունենում, ակտիվ քննարկվում է հետսովետական տարածաշրջանի դերը Ռուսաստանի համար, առանձին երկրների դերը, ուստի ՌԴ իշխանության քաղաքական որոշումներից շատ բան է կախված, թե ինչպիսի աշխարհաքաղաքական դասավորություն կստեղծվի Հարավային Կովկասում։
Ամեն սցենար հնարավոր է, քանի որ ՌԴ-ն շատ խնդիրներ ունի տարբեր ռեգիոններում, և կան նաև ավելի կարևոր ռեգիոններ»,- ասաց նա։