«Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցք»-ին և փորձ է կատարում չեղարկել դա». Ահարոն Վարդանյան

«Իրանում որոշակի զարմանք կար, որ Հայաստանում նորից հաղթել է նախորդ ուժը: Նրանք մտածում էին, որ արցախյան վերջին պատերազմում պարտված, տարածքներ հանձնած ուժը, ցանկացած երկրում, չպետք է հաղթի: Փորձագիտական նման կարծիքներ կային, բայց այս արդյունքներն ընդունում են ի գիտություն»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը:

Ինչ վերաբերում է Իրանի նորընտիր նախագահ Ռաիսիի արտաքին քաղաքականությանը՝ նա ընդգծեց. «Ռաիսիի կառավարությունը պետք է փորձի ավելի ակտիվ քաղաքականություն վարել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի հետ, պետք է փորձի Ռուհանիի գործած կառավարության սխալները վերացնել: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում մեծ քննադատության ենթարկվեց պահպանողականների կողմից, իսկ Ռաիսին պահպանողական թևն է ներկայացնում, և հիմա պետք է քայլեր կատարվեն: Այդ քայլերը ենթադրում են Հարավային Կովկասում խիստ ակտիվացում և ավելի ագրեսիվ գործողություններ»:

Ահարոն Վարդանյանի խոսքով՝ Իրանում բավականին բացասական դիրքորոշում ունեն Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ.

«Իրանում կարծում են, որ այդ «Զանգեզուրի միջանցք»-ը հակասում է իրանական շահերին, և այստեղ պետք է անպայմանորեն հաշվի առնվեն իրանական շահերը: Պարզապես, ինչպես մենք, այնպես էլ՝ իրանցիները չգիտեն՝ ինչ միջանցքի մասին է խոսքը, և այս ամենը ստիպում է, որպեսզի Իրանում որոշակի մտավախություն ունենան այս հարցի հետ կապված: Բացի այդ ամենը, նաև մտածում են՝ քանի որ այդ միջանցքի հարցում, առաջին հերթին, խիստ շահագրգռված է Թուրքիան, ապա էապես աճելու է Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, Ադրբեջանի և Հայաստանի վրա, Թուրքիայի ազդեցություն նշանակում է՝ նաև ՆԱՏՕ-ի ազդեցություն: Իրանը կարծում է, որ Թուրքիայի ազդեցության աճը նշանակում է՝ ՆԱՏՕ-ի ազդեցության աճ՝ Հարավային Կովկասում, և ամենևին ցանկալի չէ՝ ՆԱՏՕ-ի ուժերը գտնվեն իր հյուսիսային սահմանին, և մյուս կողմից՝ Թուրքիան համարվում է նրա տարածաշրջանային մրցակից պետությունը: Այս ամենը հաշվի առնելով՝ Իրանում շատ բացասական են տրամադրված միջանցքի հետ կապված հարցերում»:

Հարցին՝ Ադրբեջանում Իրանի դեսպանն ասել էր, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե այդ միջանցքի բացմանը, և, որ դա Ադրբեջանի ու Հայաստանի գործն է, առանց պետությունների սահմանների փոփոխության միջանցքն ինչպե՞ս է բացվելու, նա պատասխանեց. «Բնականաբար, Իրանի ցանկացած դիվանագետ պետք է ասի՝ դա երկու պետությունների գործն է, ոչ թե՝ մեկ այլ պետության: Երբ նշվում է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխմանը, բայց ոչ միջանցքի բացմանը, դա չի ենթադրում միջանցք, դա կարող է լինել ճանապարհ: Մենք ունենք ներկայումս ճանապարհ՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, աշխարհի շատ պետություններ մեկ այլ պետության տարածքով ճանապարհ ունեն, և շատ նորմալ է դա: Բայց միջանցքն այլ բան է ենթադրում, և վերջերս հենց Բաքվի կողմից տարբեր տեսակի քարտեզներ են մատուցվում, որտեղ Իրան-Հայաստան սահմանը՝ կտրված, ընդ որում՝ դա պաշտոնական մակարդակով է ներկայացվում, և այստեղ պարզ է, թե ինչ նկատի ունեն թուրք-ադրբեջանական կողմերը ներկայացնող մարդիկ: Իսկ Բաքվում Իրանի դեսպանի խոսքը ցույց է տալիս, որ նրանք դեմ են այս միջանցքին, քանի որ դեսպանը շեշտել է, որ սահմանների փոփոխությանը նրանք դեմ են: Պետք է այս «միջանցքն» այնպես լինի, որ Իրան-Հայաստան սահմանների հարց չդրվի սեղանին»:

Հետաքրքրվեցինք՝ Իրանը ունի՞ ազդեցության լծակներ, որ նման բան թույլ չտա, նա պատասխանեց. «Տարբեր կերպ կարելի է վերլուծել այս ամենը: Իրանը ներկայումս քննարկման է դրել 3+3 ձևաչափը՝ Հարավային Կովկասում հարաբերությունները կարգավորելու համար, և կարծում եմ՝ դա լծակներից մեկն է, որով կարելի է թույլ չտալ այս միջանցքի գործարկումը: Այս 6 պետությունները այնպիսի բարդ հարաբերություններ ունեն միմյանց հետ, որ որոշակի հարցում համաձայնության հասնելը գրեթե զրոյական է: Մի կողմ թողնենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները, պարզ վերցնենք Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները: Կարծում եմ՝ այս երկու պետությունները գոնե առաջիկայում շատ բարդ հարաբերությունների մեջ են գտնվում, խիստ տարաձայնություններ ունեն և չեն կարողանա համաձայնության հասնել: Եվ այս ձևաչափն առաջարկելով՝ շատ լավ եղանակով փորձ է կատարվում չեղարկել «Զանգեզուրի միջանցք» երևույթը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս