«Թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում տարածելու նոր փուլ է սկսվում». թուրքագետ

Հունիսի 15-ին Շուշիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագիրը, որը Թուրքիայի և Ադրբեջանի միջև միութենական հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև  ռազմական փոխօգնություն տրամադրելու մասին է, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն,  թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ մի փաստաթուղթ է, որն ակնհայտորեն ցույց է տալիս Թուրքիայի շատ ագրեսիվ և ծավալապաշտական նկրտումները՝ ոչ միայն Արցախի և Հայաստանի նկատմամբ, այլև՝ ընդհանրապես մեր տարածաշրջանում:

«Շատ կարևոր է, որ Թուրքիան ակնհայտորեն իր հավակնություններն է ներկայացնում Հարավային Կովկասում իր ազդեցությունն ուժեղացնելու համար: Եվ դա, իհարկե, ուղղված է ոչ միայն հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի դեմ, այլ նաև Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար:

Երկրորդ, կարևոր է Էրդողանի այն հայտարարությունը, որը հետևեց դրան, թե ընդհանուր առմամբ հնարավորություն է տեսնում, որ պետք է ստեղծվի թուրքական ռազմաբազա Ադրբեջանի տարածքում, որի մասին տարիներ շարունակ խոսում էին, Թուրքիայի նպատակն էր, հիմա առաջին անգամ ամենաբարձր մակարդակով Թուրքիան հրապարակայնորեն հայտարարում է, որ դա իր նպատակն է: Այնպես որ, թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում տարածելու նոր փուլ է սկսվում՝ Թուրքիայի կողմից արդեն ոչ միայն զինված ուժերի ներկայացուցիչներ Ադրբեջանի տարածքում տեղակայելով, այլ նաև ստեղծելով իր ռազմաբազան, գուցե նաև մի քանիսը:

Դա շատ վտանգավոր միտում է: Այսինքն՝ Թուրքիան իր ռազմական ներկայությունն է փորձում օրինականացնել մեր տարածաշրջանում: Այնպես որ, մենք տեսնում ենք, որ Թուրքիան հենց այս ամիսներին կտրուկ փոխում է իր քաղաքականությունն այս տարածաշրջանում: Եթե մինչև Արցախյան պատերազմը նա փորձում էր տարբեր նախաձեռնություններով՝ 3+2, հետո 3+1, այսպես ասած, սողացող ճանապարհով իր ազդեցության տակ է վերցնում Վրաստանը և արդեն Ադրբեջանը, հիմա արդեն Թուրքիան ակնհայտորեն հայտարարում է, որ պետք է ռազմաբազա ստեղծի Ադրբեջանում: Սա շատ-շատ վտանգավոր և նոր փուլ է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության մեջ մեր տարածաշրջանում, որը վտանգում է ոչ միայն մեզ, Արցախին, այլ նաև ողջ տարածաշրջանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Հարցին, թե  այս իշխանությունը, որն արտահերթ ընտրությունների նախնական տվյալների արդյունքում վերարտադրվել է,  ինչպե՞ս կարող է կամ առհասարակ կարո՞ղ է  հակազդել Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը, թուրքագետը արձագանքեց.

«Իմ ընկալմամբ՝ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ խոչընդոտի Թուրքիայի այս ծավալապաշտական քաղաքականությանը: Դա, իհարկե, պետք է արվի մեր ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ սերտ համագործակցելով: Կկարողանա՞, թե՞ չէ, չգիտեմ»:

Տեսանյութեր

Լրահոս