Կենտրոնական բանկը անհանգիստ է

Ընտրությունների նախօրյակին Կենտրոնական բանկը կրկին վերանայեց քաղաքականության տոկոսադրույքը։ Վերանայեց և բարձրացրեց ևս 0,5 տոկոսային կետով։

Վեց ամսվա ընթացքում սա արդեն չորրորդ վերանայումն էր։ Մինչև անցած տարվա վերջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 4,25 տոկոս էր։ Կենտրոնական բանկը դեկտեմբերի կեսին այն բարձրացրեց 1 տոկոսային կետով։ Եվս 1,25 տոկոսային կետի վերանայում տեղի ունեցավ փետրվար, մայիս և հունիս ամիսներին։ Ընդ որում, վերջին 2 ամիսներին, տեսնելով, որ գնաճային ռիսկերը շարունակում են ավելանալ, Կենտրոնական բանկն ակտիվացրել է փողի թանկացման քաղաքականությունը։ Մայիս-հունիսին քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվեց ևս 1 տոկոսային կետով։

Վերջին վերանայումից հետո Կենտրոնական բանկից դուրս եկող փողի գինը դարձել է 6,5 տոկոս։ Վեց ամսվա ընթացքում այն թանկացել է 2,25 տոկոսային կետով։

2016թ. սկսած սա վերաֆինանսավորման ամենաբարձր տոկոսադրույքն է, ինչը վկայում է գնաճային ակտիվության բարձր մակարդակի մասին։

Արդեն տևական ժամանակ գնաճը մեզ մոտ դուրս է եկել թիրախի նույնիսկ վերին սահմանից։ Վերին սահմանը 5,5 տոկոս է, իսկ մայիսի դրությամբ ունենք 5,9 տոկոս գնաճ։ Խոսքը միջին գնաճի մասին է։  Սննդամթերքի գնաճը կազմել է 7,7 տոկոս։ Գնաճային ակտիվությունն ավելի բարձր է ոչ պարենային ապրանքների շուկայում։ Այն հասնում է 9 տոկոսի։

Սրանք անհանգստացնող ցուցանիշներ են, դեռ չհաշված առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում տեղի ունեցող դրսևորումները։

Վերջին 1 տարվա ընթացքում բրինձը թանկացել է գրեթե 11 տոկոսով, ալյուրը՝ 8 տոկոսով, հացը՝ 8,4 տոկոսով, խոզի միսը՝ 23 տոկոսով, հավի միսը՝ 16,5 տոկոսով, ձուկը՝ 14,4 տոկոսով, կաթնամթերքը՝ 11,5 տոկոսով։ Այս ցանկը շատ երկար է։ Սննդամթերքի մի շարք տեսակների գնաճն ավելի բարձր է. ձվի գինը 1 տարվա կտրվածքով բարձրացել է ավելի քան 46 տոկոսով։ Արևածաղկի բուսական յուղի գնաճը մայիսին անցնում է 84 տոկոսից։ Ընդ որում, այն շարունակում է բարձրանալ։ Միայն վերջին ամիս թանկացել է 6 տոկոսով։

Գնաճը շարունակում է ակտիվանալ նաև շաքարավազի դեպքում։ Չնայած մինչ այդ, նախորդ տարվա համեմատ արձանագրվել էր ավելի քան 43 տոկոս գնաճ։

Սպիրտային խմիչքները 1 տարում թանկացել են ևս 13-14, իսկ ծխախոտը՝ 8-9 տոկոսով։ Սրանք այն ապրանքատեսակներն են, որոնք վերջին տարիներին կանոնավոր թանկանում են՝ ոչ այնքան արտաքին շուկաներում արձանագրվող գնաճի, որքան հարկային բեռի ավելացման հետևանքով։

Նույնպիսի ազդեցությունների «զոհ» է նաև վառելանյութի շուկան։ Այստեղ ևս զգացնել է տալիս հարկային բեռի ծանրացումը։ Թեև կան նաև այլ գործոններ։

Անցած մեկ տարվա կտրվածքով բենզինի գինը Հայաստանում ռեկորդային աճ է գրանցել։ Եթե 2020թ. հունիսին «ռեգուլյար» տիպի բենզինը վաճառվում էր 280 դրամով, հիմա դարձել է 480 դրամ։ «Պրեմիումի» գինը հասել է՝ 500, իսկ «սուպերինը»՝ 560 դրամի։ Այսպիսի բարձր գին Հայաստանում չի եղել նույնիսկ այն ժամանակ, երբ միջազգային շուկայում նավթի բարելն անցնում էր 100 դոլարից։ Հիմա 70 դոլարի սահմաններում է։

Բենզինի գնաճն անցած 1 տարում կազմել է ավելի քան 71 տոկոս։ Վերջին անգամ այն թանկացավ միանգամից 20 դրամով։ Ու դեռ սպասվում է, որ առաջիկայում բենզինը կրկին թանկանալու է։ Կապ չունի, որ դրա վրա ազդող կարևոր գործոններից մեկն էլ համարվում էր ազգային արժույթի վարքագիծը։ Երբ դրամը թուլանում էր, խթանում էր բենզինի գնաճը։ Վերջին շրջանում արժութային շուկայում նկատվում է ազգային արժույթի ամրապնդման միտում, բայց վառելանյութի գները ոչ միայն չեն նվազում, այլև շարունակում են ավելի մեծ տեմպերով բարձրանալ։

Խոսում էին մրցակցության խորացման, շուկայում նոր խաղացողների հայտնվելու մասին, որը պիտի զսպեր արհեստական գնագոյացման հետևանքները։ Բայց, ինչպես տեսնում ենք, ոչինչ էլ չի փոխվել։

Երբ գների վրա ազդող գործոններն ակտիվանում են, ապրանքները թանկանում են, սակայն, երբ թուլանում են, գները հիմնականում չեն նվազում կամ համարժեք չեն նվազում։

Գնաճային այսպիսի բարձր ճնշումն էլ ստիպել է Կենտրոնական բանկին ակտիվացնել քայլերը։ Թեև ԿԲ-ն արդեն ուշացել է այս պայքարում։ Կարելի էր ավելի շուտ և ավելի ագրեսիվ քայլեր ձեռնարկել։ Կենտրոնական բանկը մի պահ հապաղեց, ու դրա հետևանքը եղավ այն, որ գնաճը վերջին ամիսներին դուրս եկավ թիրախի վերին սահմանից։ Մի բան, ինչը մեծացրել է երկրում սոցիալական լարվածությունը, հատկապես այն սպառողների շրջանում, որոնց եկամուտները չեն ավելացել։ Այդպիսիք՝ մեր իրականության մեջ բավական բարձր տոկոս են կազմում։ Որքան էլ ընդունենք, որ գնաճը նպաստավոր է տնտեսության համար, հասարակության սոցիալական վիճակը չի կարող ստորադասվել տնտեսությանը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին բարձրացումը վկայում է, որ Կենտրոնական բանկը դեռևս մտահոգություններ ունի՝ գնաճային ազդեցությունների խորացման հետ կապված։ Դրանք ինչպես դրսից են, այնպես էլ՝ ներսից։ Դրսի գործոնները ԿԲ-ն կապում է հումքային և պարենային ապրանքների շուկայում տեղի ունեցող պահանջարկի աճի և գների բարձրացման հետ։

«Համաշխարհային պահանջարկի արագ աճի և մի շարք ապրանքային շուկաներում առաջարկի սահմանափակ հնարավորությունների հետևանքով հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր: Նշված առաջարկի և պահանջարկի գործոններով պայմանավորված՝ գործընկեր երկրներում կանխատեսվում են նախկին գնահատականների համեմատ ավելի բարձր գնաճի մակարդակներ։ Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդն արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն»,- կարծում են Կենտրոնական բանկում։

Թե արտաքին հատվածից թելադրված «էական գնաճային ազդեցությունն» ինչպե՞ս կարտահայտվի ներքին գնաճի վրա, դեռ գնահատականներ չկան։ Բայց այն, որ Կենտրոնական բանկը մտադիր է առաջիկայում շարունակել դիտարկել դրամավարկային պայմանների խստացման անհրաժեշտությունը, վկայում է, որ գնաճն առայժմ մեղմացման հիմքեր չունի։ Հատկապես որ, ներքին միջավայրում նախորդ տարվա պասիվ ժամանակահատվածի համեմատ՝ սպառման աշխուժացումը խթանող գործոն է դարձել գնաճի ակտիվացման համար։

Այնպես որ, գնաճն առայժմ կշարունակի բարձր մնալ։
Կենտրոնական բանկը հույս ունի, որ այն թիրախային տիրույթ կվերադառնա տարեվերջին։ Բայց դա չի նշանակում, թե տարեվերջին գները կնվազեն։ Պարզապես կսկսի զգացնել տալ նախորդ տարվա վերջից դիտարկվող բարձր գնաճի ազդեցությունը։ Դրա նկատմամբ արտաքուստ կունենանք ավելի փոքր գնաճ, բայց ոչ գների նվազում։ Գները նույնիսկ կարող են ավելի բարձր լինել, քան կան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս