Բաժիններ՝

Արդյո՞ք մեր հաջողությունների համար միայն մենք են գովեստի ու լավ խոսքերի, վերաբերմունքի արժանի

Մեր ունեցած հաջողությունները կյանքում մշտապես հպարտանալու առիթ են տալիս մեզ։ Ցանկացած հարմար առիթով պատրաստ ենք շեշտել մեր հաջողության, մյուսների նկատմամբ մեր առավելության մասին: Հետաքրքիր է, որ մեր հաջողությունները մշտապես վերագրում ենք միայն մեզ և պարծենում, հպարտանում ենք միայն մեզանով։ Սակայն արդյո՞ք այդպես է և արդյո՞ք մեր հաջողությունների համար միայն մենք են գովեստի ու լավ խոսքերի, վերաբերմունքի արժանի։

Աստվածաշնչում մի այսպիսի հատված կա․«Այնպես որ՝ մի բան չէ նա, ով տնկեց, ոչ էլ մի բան է նա, ով ջուր տվեց, այլ՝ նա, ով աճեցրեց՝ Աստված» (Ա Կոր 3։7)։ Մենք միշտ չէ, որ գիտակցում ենք Աստծո գործերի կարևորությունը մեր կյանքում։ Մշտապես կենտրոնանալով արդյունքի՝ հաջողության վրա՝ մոռանում ենք, թե ում շնորհիվ է, որ հասել ենք դրան, և ով է մեզ համար բացել դեպի հաջողության տանող դռները։

Դիտենք հաջողության հասած, մրցանակներ ստացած մարդկանց ելույթները․ միշտ չէ, որ նրանք երախտագետ են Տիրոջը։ Այո՛, բոլորն իրենց հաջողությունների համար շնորհակալ են իրենց ծնողներին, ընկերներին, լսարանին ու հանձնաժողովի անդամներին, սակայն շատ քչերն են, որ շնորհակալ են Աստծուն:

Մեկ անգամ ևս խորհենք այս երևույթի մասին։ Մեր անհաջողությունների շրջանում մշտապես դիմում ենք Տիրոջը՝ որպես մեր միակ հույսի ու ապավենի, սակայն արդյո՞ք նույնպիսի ջանասիրությամբ շնորհակալություն ենք հայտնում ձեռքբերումների պահերին։ Միաժամանակ Սուրբ Գիրքն ասում է․ «Ով որ տնկեց, և ով որ ջուր տվեց, մի են, բայց յուրաքանչյուր ոք իր վարձը կստանա ըստ իր վաստակի. որովհետև Աստծուն գործակից ենք» (Ա Կոր 3։8-9)։ Մեր եսասիրական կասկածները, թե այդպիսով չենք կարևորում մեր անձը, միանգամայն փարատվում են այս խոսքերով, քանի որ յուրաքանչյուրը ստանում է իր վարձքը՝ իր կատարածի համար:

Այսպիսով՝ մեր ձեռքբերումների հարցում փորձենք առավել ճիշտ գնահատել և իսկապես հասկանալ՝ ո՞ւմ շնորհիվ ենք հայտնվել այդ տեղում: Այդկերպ է, որ պիտի ապրենք հանգիստ խղճով ու հոգով մշտապես փառաբանելով Տիրոջը:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս