«Ինչո՞ւ եք հենց Դուք՝ որպես իրավապաշտպան անկախ ՀԿ-ի ղեկավար, Կառավարության կամ իրավապահ մարմինների փոխարեն՝ արձագանքել ՍԴ դիմելու իմ հայտարարությանը». Արման Թաթոյանը՝ Դանիել Իոաննիսյանին
Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը տեղեկացրել էր այն մասին, որ Սահմանադրական դատարան (ՍԴ) է դիմելու ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2021թ. ապրիլի 28-ի փոփոխությունների սահմանադրականությունը ստուգելու խնդրով: Հիշեցնենք, որ այդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում «նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելու համար»:
Ըստ ՄԻՊ-ի՝ օրենքի հիմնավորումները խիստ մակերեսային են, մարդու իրավունքների խախտումների վտանգներով, ցույց տված չեն օրենսդրի մտադրության և իրավապահ մարմինների ու դատարանի հայեցողության սահմանները փոփոխությունները կիրառելու հարցում: Մատնանշված չէ որևէ երկրի փորձ, ցույց տված չէ, թե այդ ինչ միջազգային պահանջների հիման վրա են կատարվում այդ փոփոխությունները և վերլուծված չեն մարդու իրավունքների տեսանկյունից ռիսկերը:
Արման Թաթոյանի այդ մտադրությանն անդրադարձել է «Անկախ դիտորդ» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ում տարօրինակ է թվացել ՄԻՊ-ի դիրքորոշումը:
«Այսինքն, ըստ պարոն Թաթոյանի, եթե, օրինակ, որևէ հիմնարկի տնօրեն արգելում է իր աշխատակիցներին մասնակցել որևէ ուժի քարոզչությանը՝ դա չպիտի լինի քրեորեն պատժելի:
Ինձ միամտաբար թվում էր, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է պաշտպանի մարդկանց՝ իրենց նախընտրած քաղաքական ուժի քարոզարշավին մասնակցելու սահմանադրական իրավունքը, որն ամրագրված է Մայր օրենքի 42-րդ, 46-րդ և 48-րդ հոդվածներում:
Շատ միամտաբար ինձ նաև թվում էր, որ ՄԻՊ-ը պետք է կողմ լինի, որ պետությունը ունենա լծակներ՝ մարդու և քաղաքացու սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանության և դրանց դեմ ապօրինի միջամտության դեմ պայքարի համար:
Բայց արի ու տես, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանը քայլեր է ձեռնարկում, որ հնարավոր լինի անպատիժ խոչընդոտել քաղաքացիների քարոզչությանը մասնակցելու իրավունքը»,- գրել էր Դանիել Իոաննիսյանը:
Վերջինիս այս գրառումն անարձագանք չի թողել Մարդու իրավունքների պաշտպանը, ով նախ տարակուսել էր, թե ինչու է Դանիել Իոաննիսյանը՝ որպես իրավապաշտպան անկախ ՀԿ-ի ղեկավար, Կառավարության կամ իրավապահ մարմինների փոխարեն՝ արձագանքել ՍԴ դիմելու իր հայտարարությանը:
«Դուք տեսնո՞ւմ եք, որ իմ հայտարարությամբ վիճարկվի ինքնին ողջ հանցակազմի կամ առնվազն օբյեկտիվ կողմի առկայությունը կամ էլ ընտրական իրավունքի ոլորտի հանցանքների դեմ պայքարը: Այնպես որ, իմ հայտարարության հետ Ձեր արձագանքը որևէ կապ չունի, խնդրում եմ տեքստը ճիշտ մեկնաբանել: Հայտարարության գնահատականները վերաբերում են ընթացակարգային թերություններին»,- գրել էր Արման Թաթոյանը:
Հաջորդիվ Պաշտպանը հարց է ուղղում, թե եթե նա առաջ է բերում բովանդակային հարցեր ապա ինչպե՞ս կառաջարկի պաշտպանել այս իրավիճակներում հայտնված ու բողոք ներկայացրած կոնկրետ մարդկանց իրավունքները:
«Օրինակ` կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ է նշանակում՝ նախընտրական քարոզչությանը որևէ եղանակով խոչընդոտելը` ոչ թե հավաքը, այլ ամբողջ քարոզչությունը: Կարո՞ղ եք ասել` որո՞նք են չափանիշները: Իրավապահ մարմինները ի՞նչ կանոններ ունեն, ե՞րբ պետք է մարդկանց բերման ենթարկել կամ ձերբակալել ու ե՞րբ բավարարվել քրեական վարույթ հարուցելով: Ասենք, մեկ անգամ բարձր գոռալը կամ հայհոյա՞նքն է խոչընդոտ, թե՞ 2 անգամը կամ 10 րոպեում 4 անգամ, թե 5 անգամ բարձր գոռալը կամ էլ հեռախոսով նկարելը. ձեր չափանիշը բարձր է` որևէ եղանակով խոչընդոտելը: Տեղյա՞կ եք, որ նման ահազանգեր կան այն մասին, որ ձերբակալում է արձանագրվել հեռախոսով նկարելու համար, նաև ահազանգերով պնդումներ կան հենց այս հոդվածով բաժին բերվելու և խախտումներ թույլ տալու, այդ թվում` բռնության ենթարկվելու վերաբերյալ: Ի՞նչ անի այն մարդը, ով տարվել է վարչական իրավախախտման համար, բայց հետո իրավապահ մարմիններն էլ չեն կողմնորոշվում՝ ինչ կոնկրետ հիմքերով փոխակերպեն 149.1-րդ հոդվածի:
Իսկ կարո՞ղ եք ասել՝ այս գործերով մինիմալ իրավունքների ապահովման ի՞նչ մեխանիզմ պետք է գործի: Վստա՞հ եք, որ իրավապահ մարմինները, այդ թվում` մարզերում, սպառիչ տիրապետում են այդ փոփոխություններին ու առավել ևս կիրառությակ նրբություններին: Տեղյա՞կ եք, որ մեզ ուղղված պարզաբանումներում նշել են, որ չունեն դիրքորշում կիրառության հարցերի վերաբերյալ, ու դա օբյեկտիվ է: Կամ կարո՞ք եք մատնանշել՝ որ երկրների փորձից օգտվեն կամ ՀՀ ո՞ր միջազգային պարտավորություններով պետք է ղեկավարվեն դատարանները մարդկանց դատապարտելիս»,- գրում է ՄԻՊ-ը:
Արման Թաթոյանը Դանիել Իոաննիսյանին հորդորել է նաև ընդհանրական ու «քաղաքական» գնահատականներ չտալ:
«Իմ գնահատականները միշտ են հիմնված կոնկրետ դեպքերի վրա: Դրա համար էր, որ քանի դեռ պրակտիկա չկար, չէի արձագանքում, թեև վտանգներ տեսնում էի: Եվս մեկ բոլորին վերաբերող ընդհանուր, բայց կարևոր կանոն` մշակել ես նախագիծ, ապա անկախ վերահսկողության համար անհրաժեշտ է առավել բազմակողմանի նայել հարցերին»,- եզրափակել է Մարդու իրավունքների պաշտպանը: