Ընտրություններից հետո թեկուզ ջրհեղեղ

Նիկոլ Փաշինյանն այնքան է արժեզրկել Հայաստանում քաղաքական պայքարը, որ ընտրություններից առաջ իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելու փոխարեն, քաղաքական ուժերը հայտնվել են էժանագին շոուների մեջ. բոլորը՝ բոլորին մեղադրում են։ Որ ընդդիմությունն է մեղադրում իշխանություններին, բնական է։ Բայց որ իշխանությունն է մեղադրում ընդդիմությանը՝ երկիրն այս օրի հասցնելու համար, ոչ մի կերպ չես կարողանում հասկանալ։

Երեք տարի ունենալ իշխանություն ու սեփական ձախողումների համար կրկին մեղավորներ փնտրել նախկինների մեջ, ոչ մի տրամաբանության չի ենթարկվում։

Չնայած Հայաստանում վաղուց շատ բան տրամաբանությունից դուրս է։

Դժվար է պատկերացնել մի իշխանություն, որը կարող էր այսքան անպատասխանատու լինել երկրի ու ժողովրդի հանդեպ։ Նիկոլ Փաշինյանը ինչպես երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած եկավ իշխանության, այնպես էլ երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած չի ուզում հեռանալ, չնայած նրա՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը աղետ է երկրի համար։

Կաթվածահար վիճակի են հասցրել պետական կառավարման ամբողջ ապարատը։ Ոչ մի կառույց նորմալ չի աշխատում ու չի կատարում իր ֆունկցիաները։ Պետական ապարատը մատնված է անգործության։

Թշնամին լցվում է մեր երկիր, մեր տարածքից գերիներ է տանում, մարդկանց առևանգում, իսկ մեր Պաշտպանության նախարարությունն ու ազգային անվտանգության ծառայությունը լուռ հետևում են, թե ինչ է լինելու վաղը։ Իշխանությունը մի բան էլ արդարացումներ է փնտրում իր անգործության համար։

Կառավարման ճգնաժամը սպառնալիք է դարձել երկրի ինքնիշխանության համար։ Իսկ մի խումբ պատեհապաշտներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, զավթել են իշխանությունը, ամուր կպել են իշխանական աթոռներից ու իրենց արկածախնդրությամբ երկիրը տանում են կործանման։

Պետական ապարատում բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում, բայց ծպտուն չեն հանում, չեն ուզում կանգնեցնել այս պրոցեսը։ Ավելին, իրենց լռությամբ ուղղակիորեն մասնակցում են պետության կործանմանը։

Կառավարությունը դարձել է մի ամորֆ մարմին, որը հլու-հնազանդ կատարում է Նիկոլ Փաշինյանի կամքը։ Ազգային ժողովի մասին նույնիսկ անիմաստ է խոսել։ Երկրի նախագահն էլ եղած-չեղած մի հաշիվ է։

Այսպիսի քայքայված ու անգործունակ պետական կառավարման համակարգ Հայաստանում երբևէ չէր եղել։ Անգամ պաշտպանության ու անվտանգության համակարգերը չեն գործում։

Նիկոլ Փաշինյանը ձախողել է ամեն ինչ, բայց այնպես է հոխորտում, որ բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Կարծես ընդդիմությունն ու նախկիներն են 3 տարի ղեկավարել երկիրը ու հասցրել այս խայտառակ վիճակին, պատերազմ են պարտվել, Հայրենիք են կորցրել, հազարավոր զոհեր ու վիրավորներ են տվել։

Այնտեղ է հասել, որ հայտարարում է՝ մենք ոչ թե մեղադրյալ ենք, այլ մեղադրող։ Երկիրը քանդել է ու մի բան էլ ուրիշներին է մեղադրում դրա համար։

Այդ սկզբունքով էլ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Մի կողմից թիրախավորել է նախկիններին ու նրանց, ովքեր համարձակվում են կանգնել ընդդիմության կողքին, մյուս կողմից՝ մտել է պետության գրպանը ու պետության հաշվին սրան-նրան լավություն է անում՝ ընտրություններում ձայն ստանալու ակնկալիքով։

Ընտրություններից առաջ իշխանությունը, ի դեմս կառավարության, ամեն ինչ անում է բյուջեի միջոցների հաշվին ընտրողներին կաշառելու համար։ Նախատեսված գումարները չեն բավականացնում՝ սկսել են ապագայի համար պլանավորված միջոցները ծախսել։ Մի տեղից վերցնում են, մեկ այլ տեղ են դնում։ Պահուստային ֆոնդում էլ գումար չկա, որ ծախսեն։

Թե ի՞նչ է լինելու հետո, երբ գա ապառիկով վերցրած գումարներով նախատեսված ծախսերը կատարելու ժամանակը, հայտնի չէ։ Ընտրություններից հետո՝ թեկուզ ջրհեղեղ։

Տարբեր ուժերի կողմից ընտրողներին կաշառելու փաստերից են խոսում, այն դեպքում, երբ պետական բյուջեն դարձրել են նախընտրական ծախսեր կատարելու ու ապագայի խոստումներ տալու միջոց։

Այնտեղ ենք հասել, որ իշխանական պատգամավորը սոցիալական հարթակներում բացեիբաց առաջարկում է համայնքային ճանապարհներն ասֆալտապատելու դիմաց ձայները տալ իշխող ուժին։ Գործ ունենք ընտրակաշառք առաջարկելու բացահայտ երևույթի հետ, բայց դա անուշադրության է մատնվում ու անհետևանք է մնում։

Փոխարենը՝ իշխանությունը չեղած տեղից փորձում է ընտրակաշառքի փաստեր բեմադրել և դրանում մեղադրել հակառակորդներին։

Ընտրություններից առաջ կառավարությունն այսուայնտեղ գումարներ է հատկացնում, սուբսիդիաներ է տրամադրում։ Դա էլ քիչ է, որոշումներ է ընդունում տարբեր ոլորտներում աշխատավարձեր բարձրացնելու վերաբերյալ։ Ոչ թե այսօր, այլ ապագայում։

Այսպիսի խոստումներ, այն էլ՝ ընտրություններից առաջ, իհարկե, իշխանությունները միշտ էլ կարող են իրենց թույլ տալ։ Այլ բան, թե հետո որքանով կիրականացնեն։ Նախկինում էլ են շատ խոստումներ տվել։ Հիմա տեսնում ենք, թե ուր ենք հասել։

Խոստացել էին բարեկեցիկ ու անվտանգ երկիր կառուցել, այնինչ՝ վտանգված է երկրի ապագան։ Բարեկեցության մասին ընդհանրապես անիմաստ է խոսելը։ Բախտի բերմամբ փողոցից իշխանության աթոռներին հայտնվածների բարեկեցությունը, անշուշտ, բարձրացել է։ Իսկ ժողովրդի՞նը։ Ժողովրդի անվան տակ եկան իշխանության ու ժողովրդի մասին մոռացան։ Քանդել են երկրի անվտանգությունը, պաշտպանությունը, պետական կառույցները, տնտեսությունը։

Սոցիալական իրավիճակը երկրում աղետալի է։ Մարդիկ միջոցներ չունեն՝ համատարած գնաճի պայմաններում լուծելու իրենց տարրական խնդիրները, իսկ իշխանության վեջը չէ։ Ո՞վ է մտածում ժողովրդի սոցիալական վիճակը թեթևացնելու մասին։ Երկիրն այն օրի են հասցրել, որ մարդիկ պատրաստ են զրկանքներ կրել՝ հանուն պետության անվտանգության, երկրի սահմանների ամրապնդման ու պաշտպանունակության բարձրացման։ Բայց դա էլ չեն կարողանում կամ չեն ուզում անել։

Էլ ինչի՞ համար է այս իշխանությունը, երբ ոչ մի հարց չի կարողանում լուծել։ Եթե այսօր չի կարողանում լուծել, կրկին ընտրվելու դեպքում կարողանալո՞ւ է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս