«Որևէ մեկը լուրջ չի վերաբերվել ծրագրային հիմնադրույթներին. ընտրություններից հետո էական փոփոխություն չենք ունենալու կրթության և գիտության ոլորտում». Փորձագետ
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը մի քանի օր է, ինչ մեկնարկել է, սակայն գիտության ոլորտի ներկայացուցիչներն այս ընթացքում այդպես էլ չեն լսել, թե կուսակցություններն ու դաշինքներն ինչպիսի՞ իրատեսական ծրագիր ունեն կրթության և գիտության հետ կապված:
Շատերը փնտրել են նրանց ծրագրերը, կարդացել են ու մեկ կարծիք ունեն՝ «կենացային մակարդակի» է:
«Նայել եմ բոլորի ծրագրերը, և կրթությանն ու գիտությանն առնչվող կետերը ոչ միայն կենացային են, այլև արտագրություններ կան: Դա նշանակում է, որ որևէ մեկը լուրջ չի վերաբերվել ծրագրային հիմնադրույթներին: Ըստ էության, կրթության վերաբերյալ բոլորը գրեթե նույն բանն են ասում: Կան մտքեր, որոնք կրկնվում են որոշ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում: Սա նշանակում է, որ ընտրություններից հետո էական փոփոխություն չենք ունենալու կրթության և գիտության ոլորտում, եթե այսպիսի վերաբերմունք կա»,- մեզ հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
Նրա կարծիքով՝ ամենակարևոր բանը, որից պետք է սկսել, դա կադրային փոփոխությունն է:
«Սա այն բնագավառն է, որ կադրերը որոշում են ամեն ինչ: Որովհետև նրանք պետք է ունենան փորձ, գիտելիքներ և կարողանան կրթության և գիտության ոլորտի կառավարման համակարգը փոխել: Շատերն ասում են՝ եկեք միայն ֆինանսավորման չափն ավելացնենք, սակայն կարծում եմ, դա էլ չի փոխի որևէ բան, եթե ոլորտում որոշումներ կայացնող մարդիկ մնում են նույնը կամ գրեթե նույն կարգի մարդիկ են լինում: Այսինքն, առանցքայինը փորձառու և գիտելիքներով հարուստ կադրերի ներկայությունն է կրթության և գիտության բնագավառում՝ որոշումների կայացման մեջ:
Համեմատության համար ասեմ, որ Ադրբեջանում կա Ալիևի անվան հիմնադրամ, որը հիմնականում խրախուսում է ադրբեջանցի երիտասարդների կրթությունն արտասահմանում: Այդ մարդիկ անգամ եվոպական ֆոնդերի կարիքը չունեին, որովհետև ըստ պահանջարկի՝ ֆինանսավորում էր բոլոր երիտասարդներին: Կարող էին Անգլիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի լավագույն բուհերում սովորել, իսկ վերջին շրջանում Ադրբեջանը սկսեց կրթությունը ֆինանսավորել նաև ավագ դպրոցում: Երեխաները կարողանում են անգամ շատ բարձր վճարով սովորել Մեծ Բրիտանիայի լավագույն ավագ դպրոցներում: Գիտեք, գիտությունը կղզյակներով չի զարգանում, և եթե դու չունես այնպիսի գիտնական, որը հասկանում է՝ ճակատը որտեղ է, որ ուղղություններով է զարգանում, և ինչպես պետք է այդ զարգացումը տանել, դու ոչ մի բան չես կարող անել:
Հետևաբար, պետք է խրախուսել և՛ կրթության արտահանումը, և՛ ներմուծումը: Բարձրագույն կրթության ոլորտում կարելի է ներգրավել արտասահմանցիներին, որովհետև դա փափուկ ուժ է, կարող ենք օգտագործել:
Հիշենք, թե Սովետական Միությունն ինչքան ուսանող ուներ երրորդ աշխարհի երկրներից, և հիմա նրանց միջոցով Ռուսաստանը կարողանում է ազդեցություն ունենալ Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում և մնացած երկրներում: Իսկ Հայաստանը, կարծում եմ, գոնե Մերձավոր Արևելքի երկրների պարագայում կարող է այդ դերակատարությունն ունենալ՝ հաշվի առնելով դպրոցները, որ մենք ունենք դեռևս խորհրդային ժամանակաշրջանից»,- նշեց Ատոմ Մխիթարյանը:
Նա ընդգծեց՝ չկա ընդհանուր վերլուծություն, որպեսզի հասկանալի լինի, թե որ ուղղությամբ ինչ պետք է արվի:
«Գոնե մի հանրային քննարկում կազմակերպվի՝ գան, խոսեն, ու հասարակությունը հասկանա, թե ով ինչ պատկերացում ունի գիտության և կրթության ոլորտի վերաբերյալ»,- նկատեց կրթության փորձագետը:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի բարձրմոլեկուլային միացությունների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Նաղաշ Միրաքյանն էլ ասաց.
«Հայաստանում գիտությունը մոտենում է կրիտիկական կետի, որից հետո այն վերականգնելը կամ զարգացնելը կլինի գրեթե անհնար: Խնդիրն այն է, որ գիտնականների և դասախոսների մեծամասնությունը միջինից բարձր կամ թոշակային տարիքում են գտնվում, ինչը ենթադրում է, որ մոտակա մի քանի տարիների ընթացքում արդեն իսկ գիտությամբ զբաղվող նվիրյալների թիվն ավելի կնվազի: Հաջորդ խնդիրն այն է, որ սովետական կրթություն անցած դասախոսները և գիտնականները համապատասխան գիտելիքներով զինված փոխարինողներ չունեն, ինչի պատճառով մեր գիտական և կրթական ցենզը տարեցտարի նվազում է: Ցածր աշխատավարձով աշխատող այս նվիրյալները միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետներ են պատրաստում, ովքեր հետագայում կարողանում են աշխատել կամ դասավանդել աշխարհի լավագույն համալսարաններում և տեխնոլոգիական կենտրոններում:
Տարեցտարի դիմորդների կողմից բնագիտական առարկաների հանդեպ ուշադրությունը նվազում է, ինչի պատճառով բնագիտական շատ բաժիններ այլևս չեն բացվում, իսկ մնացածը շատ քիչ ուսանողներ են ունենում: Բարձր դասարանների շատ-շատ աշակերտներ նույնիսկ չեն էլ ուզում բուհում սովորել: Երկար տարիներ կրթությամբ և գիտությամբ զբաղվող մասնագետի աշխատավարձը չի բարձրացվել, նույնիսկ հակառակը՝ նվազել է: Այս պատճառով երիտասարդ շատ մասնագետներ հեռանում են Հայաստանից կամ ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ուրիշ մասնագիտություն են ձեռք բերում: Եթե պետության վերաբերմունքը դեպի կրթությունը և գիտությունը մոտակա 1-2 տարում կտրուկ չփոխվի, մենք շատ ծանր հետևանքների առջև կկանգնենք»: