Եթե լռում է դիվանագիտությունը, խոսում են թնդանոթները. Արցախի նախագահները՝ պատերազմի մասին
Լազարևյան ակումբի հերթական հավաքին մասնակցել է նաև Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Նա իր ելույթում հիշեցրեց, որ ակումբի վերջին հանդիպումը Երևանում կայացել է 2019-ի դեկտեմբերին, ապա հավելեց. «Այս ընթացքում մեր տարածաշրջանում տեղի են ունեցել արմատական աշխարհաքաղաքական փոփոխություններ. Թուրքիայի օգնությամբ և միջազգային վարձու մարդասպանների մասնակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը տարածաշրջանում ստեղծել է բավականին վտանգավոր ռազմաքաղաքական կոնֆիգուրացիա:
Այդ ագրեսիայի հետևանքով Արցախի տարածքների մոտ 70 տոկոսը օկուպացվել է, հայրենիքը պաշտպանելիս հազարավոր երիտասարդներ են զոհվել, հարյուրավորներն անհետ կորել են, և նաև գտնվում են ադրբեջանական գերության մեջ, հազարավոր մարդիկ դարձել են փախստական»:
Նախագահը նաև նկատել է՝ Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ շարունակելու են իրենց հարձակողական քաղաքականությունը, և հավելել, որ այդ մարտահրավերին պետք է դիմակայել միասնական ջանքերով. «Ռուսաստանի հետ հարաբերությունները մեր ողջ պատմության ընթացում ունեցել են և ունեն հատուկ նշանակություն»:
Բակո Սահակյան այս համատեքստում նաև հիշեցրել է Ռուսաստանի ներդրումը տարածաշրջանային անվտանգության գործում և մասնավորապես ռուս խաղաղապահների դերակատարությունն Արցախում:
Անդրադառնալով Արցախյան հակամարտության էությանը՝ նա ընդգծել է.
«Ես համարել և համարում եմ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կարելի որակել՝ որպես զուտ տարածաշրջանային հակամարտություն,- Լազարևյան ակումբի նիստում նշեց Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը՝ պարզաբանելով,- Այն ամենաիսկական համաշխարհային հակամարտություն է, և, բնականաբար, այդ հակամարտության մեջ առկա են համաշխարհային հետաքրքրություններ»:
«Ես զգացողություն ունեի, որ Ղարաբաղում պատերազմն անխուսափելի է,- ակումբի նիստում այս մասին էլ նշել է Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը՝ մանրամասնելով,- Որովհետև ակնհայտ էր, որ բանակցային գործընթացը սառեցված է, հայկական կողմը խուսափում է բանակցություններից, և ըստ երևույթին, առանձնապես չպատճառաբանելով դա։ Եվ եթե լռում է դիվանագիտությունը, խոսում են թնդանոթները»: