«Ցավալին այն է, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է մարդկանց, ովքեր չեն հասկանում՝ ինչ է պետությունը». Արթուր Հովհաննիսյան
«Այսօր ընթացող քարոզարշավը, կարծում եմ, հենց այսպես էլ պատկերացնում էինք, որովհետև առաջին հերթին իշխող ուժն իր քարոզարշավն անցկացնում է այն հռետորաբանությամբ, ինչ որ անում էր մինչև քարոզարշավը իր մարզային այցերի ու հրապարակային ելույթների ժամանակ: Հռետորաբանությունը գրեթե չի փոխվել, ընդհակառակը, ավելի է մակարդակն իջել, ռուսերեն ասած՝ իջել ենք «ниже плинтуса»»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, գեներացվող ատելության խոսքին:
Ըստ նրա՝ սա թույլ չի տալիս, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե այս կամ այն ուժը երբ դառնա իշխանություն կամ պահպանի իշխանությունը, ուր է տանելու մեր երկիրը:
«Հենց միայն իշխանական քարոզարշավը իրականացվում է նորից նախկինների, «ջարդելու ենք, փշրելու ենք, քաղաքական վենդետա ենք անելու» և նման այլ ձևակերպումների տրամաբանության մեջ: Այս քարոզարշավը հնարավորություն չի տալիս ապագայի մասին մտածելու, թեպետ ընդդիմադիր որոշ ուժեր խոսում են այդ մասին»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Վերջինս սա բացատրում է նրանով, որ իշխող ուժը հավանաբար շատ լավ է ճանաչում իր ընտրազանգվածին և խոսում է իր ընտրազանգվածին հաճո լեզվով:
«Եվ երկրորդ, այսպես է խոսում, որովհետև միգուցե չունի այլ բան ասելու: Ի՞նչ ձեռքբերումների մասին պետք է խոսի գործող իշխանությունը այս 3 տարիների ընթացքում, երբ բոլոր ուղղություններով ձախողել է»,- ասաց փաստաբանը:
Արթուր Հովհաննիսյանը կարծում է՝ իշխող ուժի կողմից լուրջ տեխնոլոգիաներ են կիրառվում ընտրողների վրա:
«Նույն տեխնոլոգիաներն են, ինչ աղանդավորների դեպքում է կիրառվում, հոգևորսության նման մի բան է, որովհետև շատ դժվար է այս ամենը տեսնելուց հետո չհասկանալ, որ դու խաբված ես, եթե ժամանակին ընտրել ես գործող իշխանությանը: Ուրեմն մի բան այն չէ»,- ասաց փաստաբանը:
Խոսելով քաղաքացիական պատերազմի վտանգի մասին՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ շատ կուզենար՝ ինչ էլ որ լիներ, չկրկնվեր 2008թ. մարտի 1-ը:
«Ես չեմ պնդում, որ իշխանությունները ցանկանում են բախումների գնալ, բայց վստահ չեմ, որ այն ատելության խոսքը, որն այժմ գեներացվում է իշխանությունների կողմից, ինչ-որ պահի վերահսկողությունից դուրս չի գալու, և բախումներ չեն լինելու: Դրա համար Մարդու իրավունքների պաշտպանն էլ բազմիցս խոսում է, որ ատելության խոսքը իսպառ պետք է վերանա քարոզարշավի պրակտիկայից, բայց դեռ արդյունք չկա»,- ասաց նա:
Հարցին, թե որպես իրավաբան՝ իրավունքի տեսանկյունից ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ իր որդուն մյուս գերիներով փոխանակելու՝ Ալիևին ուղղված առաջարկը, և առհասարակ կա՞ արդյոք նման նախադեպ, Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ չգիտի ժպտա՞, քմծիծա՞ղ տա, թե՞ ողբա:
«Դա ուղղակի հեքիաթի ժանրից է: Ի՞նչ է նշանակում՝ տղայիս տամ, գերիներին տվեք: Ադրբեջանի նախագահի գնահատմամբ՝ այդ երկրում գերիներ չկան, կան տեռորիստներ: Հիմա հարց՝ ի՞նչ է նշանակում՝ մի անձի, ով որևէ կարգավիճակ չունի, փոխանակել գերիների հետ: Ոչ միջազգային և ոչ էլ ներքին պայմանագրերով նման ընթացակարգ չկա: Սովորական պոպուլիզմ է, որևէ իրավական հենք չունի»,- ասաց փաստաբանը:
Անդրադառնալով այսօր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ իրավաբանների հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն արտահայտությանը, թե ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում կլոնացված իրավաբանների մի համայնք է ձևավորվել, որի 60%-ը ատում է սեփական ժողովրդին, Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ ենթադրում է՝ բոլոր այն ապօրինությունները, որոնք այս 3 տարիների ընթացքում կատարվել են գործող իշխանությունների կողմից, չէին կարող վրիպել առաջին հերթին իրավաբանների աչքից:
«Դրա համար է այս սևեռումը իրավաբանների նկատմամբ: Բայց իրավաբաններն են, որ 3 տարի շատ ակտիվ պայքարում են ապօրինությունների դեմ ու մարդու իրավունքների պաշտպանության համար, և միգուցե դա դուր չի գալիս գործող իշխանություններին: Ես հպարտ եմ, որ սովորել ու ավարտել եմ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը՝ Մայր բուհ-ի ամենակայացած ֆակուլտետներից մեկը, և այդ գիտելիքն է ինձ այսօր թույլ տալիս պարզ հասկանալ՝ ինչ է կատարվում երկրում, և այո, ես շատ եմ սիրում իմ ժողովրդին»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Խոսելով Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ Լենա Նազարյանի սկանդալային հայտարարության մասին, երբ վերջինս ասաց՝ իսկ միգուցե հասարակությունն Ադրբեջանի՞ց պահանջի մեր գերիներին, չէ՞ որ իրենք չեն նրանց պատանդ պահողը, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ իշխանության պարտականությունն է գերիներին վերադարձնելը, մասնավորապես, ինչպես որ նրա պարտականությունն է ՀՀ տարածքների անվտանգության ապահովումը և ժողովրդի պաշտպանությունը:
«Եթե սա չի արվում, ուրեմն չկա պետություն: Այսինքն՝ եթե դու քո քաղաքացուն թողնում ես անպաշտպան, և այլ երկիր առևանգում է նրան ու պահում իր մոտ, ու դու քո լծակներով ոչինչ չես անում, նշանակում է՝ դու չկաս: Եթե չունենք պետություն, այլ հարց է: Բայց մենք ունենք պետություն, ուղղակի ցավալին այն է, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է մարդկանց, ովքեր չեն հասկանում՝ ինչ է պետությունը: Հետո էլ խոսում են ժողովրդին սիրելու մասին»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Ավարտին նա կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին, որովհետև սա առաջին հերթին վարչապետի ընտրություն է, և շատ կարևոր է հասկանալ, որ հունիսի 20-ին մենք ընտրելու ենք վարչապետ:
«Կամ մենք սիրում ենք մեր հայրենիքը ու գնում ենք ընտրության, կամ չենք սիրում ու չենք գնում»,- եզրափակեց Արթուր Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում