Վրաստանի տնտեսությունը 2021 թվականին կաճի 10 տոկոսով. Ղարիբաշվիլի

Վրաստանի տնտեսության աճը 2021 թվականին, ըստ լավատեսական սցենարի, կկազմի 10 տոկոս, իսկ ըստ վատագույն սցենարի՝ 7 տոկոս: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանի կառավարությունը 2021 թվականին երկրի տնտեսական աճի կանխատեսումը վերանայել է 4,3 տոկոսից մինչեւ 6,5 տոկոս: Ֆինանսների նախարարությունը դիտարկում է իրադարձությունների զարգացման երեք սցենար: Լավատեսական սցենարի համաձայն, կանխատեսվում է զբոսաշրջության ավելի արագ աճ՝ 2019 թվականի 40-45 տոկոսի մակարդակով: Ենթադրվում է դինամիկ տնտեսական աճ նաեւ տնտեսության մյուս հատվածներում: «Տնտեսության վերականգնումն արդեն սկսվել է, իսկ ապրիլին գրանցվել է 45 տոկոս աճ, ինչն աննախադեպ ցուցանիշ է եւ բացառիկ դեպք: Մայիսին մենք նույնպես սպասում ենք բարձր ցուցանիշի: Համապատասխանաբար, տնտեսությունը վատագույն սցենարով կաճի 7 տոկոսով, իսկ լավատեսականով՝ ավելի քան 10 տոկոսով»,-ասել է Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով՝ բարձր տնտեսական աճը կնպաստի աշխատատեղերի ավելացմանը, իսկ զբոսաշրջիկների թվի աճը եւ տնտեսության բացումը դրականորեն կանդրադառնա բնակչության բարեկեցության վրա: Վրաստանի տնտեսության բնագավառում զբոսաշրջության բաժինը COVID-19-ից առաջ կազմել է մոտավորապես 10 տոկոս: Ուստի դրա վերականգնումը չափազանց կարեւոր է երկրում գործարար ակտիվության վերստեղծման համար: Կորոնավիրուսի համավարակը հսկայական վնաս է հասցրել տեղի բիզնեսին: Վրաստանի տնտեսությունը շարունակում է վերապրել COVID-19-ի ծանր հետեւանքները, որն ընդգրկել է բացարձակապես բոլոր ոլորտները: Տնտեսության անկման տեմպերն արագացան կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում, ինչը հանգեցրեց 2020 թվականին ՀՆԱ-ի 6,2 տոկոսով նվազման, հաղորդել է Sputnik-ը:

Տեսանյութեր

Լրահոս