«Չեմ հիշում, որ Փաշինյանի «Одноклассники»-ի ընկերները դուրս գան փողոց, ասեն՝ էս ի՞նչ եք ասում մեր վարչապետին». Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի համար նախընտրական բուռն քարոզարշավը կանխատեսելի էր:
«Դեռ նախագահներն էին ասում, որ սա լինելու է ամենախայտառակ ընտրություններից մեկը՝ կեղտոտ տեխնոլոգիաների կիրառման առումով: Նույնիսկ տեխնոլոգիաներ էլ չեն կիրառվում, այլ հանրահավաքների ժամանակ լեզվակռիվ է սկսում վարչապետի ԺՊ-ն իր հակառակորդների հետ: Այլ հարց է, որ ընտրարշավի բովանդակությունը շատ ավելի սուր է, քան գուցե ես էլ կարող էի պատկերացնել: Շատ անձնավորված բնույթ է կրում. մենք տեսնում ենք, որ գործող վարչապետը ուղղակիորեն հարձակվում է նախկին նախագահների վրա, սպառնում է լեշ դարձնել, գետնին փռել, տարբեր պիտակներ է կպցնում, անվան հետ է խաղում: Փողոցային մակարդակի քարոզչություն է վարում Նիկոլ Փաշինյանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի վարքագիծը նա հետևյալ կերպ է բացատրում. «Նիկոլ Փաշինյանն աստիճանաբար սկսում է հասկանալ, որ իրեն չի հաջողվում հաղթել: Ես առայժմ ասում եմ հաղթելու մասին, որովհետև հաղթելու համար պետք է ունենաս մեծամասնություն խորհրդարանում. Ինքը սկսում է հասկանալ, որ կունենա ներկայություն խորհրդարանում, գուցե՝ բավականին ազդեցիկ ներկայություն, բայց դա հեռու է նրանից, որպեսզի ինքը կարողանա հայտարարել, որ հաղթել է: Այսինքն՝ երբ խոսվում է 60 տոկոս ձայների հավակնության մասին, դա ընդամենը քաղաքական տեխնոլոգիական հնարք է, և փորձ է անում ուղղակի կոնսոլիդացնել իր եղած ընտրազանգվածը, և ամենակարևորը՝ կոնսոլիդացնել և մարտունակ վիճակում պահել թիմը»:
Քաղտեխնոլոգը չի բացառում, որ կարող են քաղաքացիական բախումներ տեղի ունենալ, բայց նա թերահավատորեն է վերաբերվում Փաշինյանի ընտրազանգվածի վճռականությանը. «Տեսեք՝ 8 ամիս շարունակ ընդդիմությունը թե՛ փողոցներում, թե՛ տարբեր բնակավայրերում Փաշինյանի հասցեին ինչ ասես՝ ասում է: Ես չեմ հիշում որևէ դեպք, որ Փաշինյանի «Одноклассники»-ի ընկերները հավաքվեն, փորձեն դուրս գալ փողոցներ և ասեն՝ էս ինչ եք ասում մեր վարչապետին: Այսինքն՝ մի բան է, երբ իրենց վարչական ռեսուրսով հավաքում են մի տեղ, կամ վիրտուալ տարածքում ֆեյքերի և ոչ ֆեյքերի միջոցով ինչ-որ մի կոնտենտի շուրջ քննարկում են կազմակերպում, թրենդ են ձևավորում և այնտեղ փորձում տեղավորել թամաշա զանգվածին, և մեկ այլ բան է, երբ, ասենք, այդ զանգվածն ինքնակազմակերպվում է կամ ինչ-որ կոչով հայտնվում է փողոցում:
Ուզում եմ ասել, որ կան զանգվածներ, որոնք պասիվ կողմնակիցներ կարող են լինել, բայց գործ անող կառույցներ չեն: Այս առումով՝ ես թերահավատորեն եմ վերաբերվում, որ Փաշինյանի կողմնակիցները դուրս կգան հրապարակ, դուելի կկանչեն կամ ընդհանրապես դուելի կմասնակցեն: Այս առումով, այնուամենայնիվ, կառույցներն են աշխատում, և միայն այդ ֆոնին մյուսները մասնակից են լինում, ինչպես դա եղավ 2018թ. թավշյա հեղափոխության ժամանակ՝ որոշակի կառույցներ այդ օպերացիան իրականացրին, մյուսները ֆոն էին պահում, այդ թվում նաև՝ «Քաղաքացիական պայմանագիրը»»:
Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ Փաշինյանի արդեն այցելած մարզերում և հեռավոր գյուղերում, որտեղ մարդիկ պաշտոնական քարոզչության տակ են մնացել, իրավիճակը կարող է կտրուկ փոխվել, եթե ընդդիմադիր ուժերն այցելեն այդ վայրեր. «Ընդդիմադիրները հերթով այցելելու են այնտեղ, և հասկանալի է, որ պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն են տալու, պիտակավորումներ են տալու Նիկոլ Փաշինյանին: Նրանց մտածելակերպում ոչ թե բան կփոխվի բովանդակային առումով, այլ նրանց մտածելակերպի վրա ազդելու է իրենց էմոցիոնալ ֆոնը: Այսինքն՝ այսօր իրենք պատկերացնում են, որ բոլոր հարցերը Հայաստանում շատ հեշտ լուծում է միայն Ն․ Փաշինյանը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը «царь и бог» է, բայց այնտեղ գնում են այլ մարդիկ և կոտրում են այդ կարծրատիպը։ Այսինքն՝ ցույց են տալիս, որ այնպես չէ, որ Ն․ Փաշինյանն անձեռնմխելի է՝ քննադատության առումով, այն էլ ինչպես է քննադատվում: Բավական է նրանք միացնեն Փաշինյանի Սյունիք կատարած այցի տեսագրությունը, դա շատ բան կփոխի: Այդ զանգվածի մոտ ավելի շատ աշխատում են բնազդները՝ վախի բնազդը, ակնածանքի, հույս ունենալու. Հենց զգան, որ իրավիճակում փոփոխություն է լինում, այդ պատկերը փոխվում է, իրենց մոտ Նիկոլ Փաշինյան փրկիչն աստիճանաբար կամ շատ կտրուկ կարող է փոխվել Քոչարյան փրկիչով, կամ Վանեցյան փրկիչով, և այլն: Այդ զանգվածն այդպիսին է, այնտեղ ոչ թե ուղեղն է աշխատում, այլ բնազդները»:
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ առնվազն 4 ուժ կհայտնվի խորհրդարանում. «Խոսքը ՔՊ-ի մասին է, «Հայաստան» դաշինքի, ԲՀԿ-ի և «Պատիվ ունեմ» դաշինքի: Այս քառյակը խորհրդարանում ներկայացված է լինելու և որոշ համադրության պարագայում հնարավորություն է ունենալու ձևավորել իշխանություն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում