Ե՞րբ էր ծրագրված ԱՄՆ փոխպետքարտուղարի այցը Երևան, ո՞վ է դիմավորելու Ֆիլիպ Ռիքերին և ո՞րն է այցի օրակարգը
Մեկնարկել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի այցը տարածաշրջան: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն օրերս հաղորդել էր, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով։
«Վրաստանում փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը հանդիպում կունենա Վրաստանի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ՝ քննարկելու Վրաստանի կուսակցությունների ապրիլի 19-ի համաձայնագրի լիարժեք իրականացումն ու Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ շարունակվող ագրեսիան ու օկուպացիան։
Հայաստանում և Ադրբեջանում փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը»,- ասված էր դեսպանատան տարածած հաղորդագրությունում:
Հունիսի 7-ից մեկնարկած նախընտրական քարոզարշավի ֆոնին Ռիքերի այցը տարածաշրջան և Հայաստան կարող էր դիտարկվել նաև նախընտրական կոնտեքստում, որպես աջակցություն գործող իշխանություններին: Սակայն օրերս միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հստակեցրեց, որ ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության առաջիկա այցը Հայաստան որևէ ներքաղաքական ենթատեքստ չունի և որևէ կերպ չի կարող դիտարկվել՝ որպես աջակցություն գործող իշխանություններին ընտրություններին ընդառաջ:
Նա նշել էր նաև, որ այցը տեղի է ունենալու հունիսի 9-ին, և այն ծրագրված է եղել ամիսներ առաջ, թեև դեսպանատունն այս և այցի կոնկրետ օրվա մասով որևէ տեղեկատվություն չի հաղորդում:
168.am-ի ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ, այցը ծրագրված էր շատ ավելի վաղ, նույնիսկ Բայդենի աշխատակազմի հաստատումից առաջ: Մեզ փոխանցված տեղեկատվության համաձայն, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը Հարավային Կովկաս՝ նույն երթուղով՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան, պետք է այցելեր դեռևս անցյալ տարվա սկզբին:
«Այցը նախատեսվում էր փետրվար-մարտ ամիսներին, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի տարածման պատճառով: Ուստի այցը կապել պատերազմի կամ, առավել ևս, ընտրությունների հետ՝ անմիտ է, պարզապես այցի օրակարգը հարմարեցվել է ներկայիս առաջնահերթություններին ու աշխարհաքաղաքական պահանջներին: Ներկայումս քննարկման ավելի լայն օրակարգ կա, քան նախկինում, քանի որ կան բազմաթիվ չկարգավորված հարցեր Ղարաբաղյան հակամարտության խնդրում, ինչպես նաև սրացումներ հայ-ադրբեջանական սահմաններին, որի հարցով ուղղվել են առաջարկներ ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահությանը, ինչպես նաև էապես այլ է աշխարհաքաղաքական միջավայրը»,- ասաց մեր աղբյուրը:
Ուշագրավ է, որ Ռիքերի այցը Հայաստան տեղի է ունենում մի իրավիճակում, երբ ՀՀ-ում չկա Արտաքին գործերի նախարար, հայտնի չէ՝ ինչ է կատարվում ԱԳՆ-ում, և հայտնի չէ, թե ԱԳՆ որ պաշտոնյան է դիմավորելու, ընդունելու ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետին, ինչ է խոսելու, հատկապես, երբ նման մակարդակի այցեր ՀՀ հաճախ չէ, որ լինում են, իսկ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ։
Հայտնի դարձավ, որ միայն այսօր՝ բարձրաստիճան այցի նախօրեին, Տիգրան Ավինյանը ստորագրել է Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին, Գագիկ Ղալաչյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոններից ազատելու մասին որոշումները: Իսկ Արմեն Ղևոնդյանը, ով ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2020թ․ նոյեմբերի 27-ից, չի ազատվել զբաղեցրած պաշտոնից, և շատ հավանական է, որ նա կկատարի նախարարի պարտականություններն այս փուլում:
Իսկ թե ԱԳՆ ո՛ր պաշտոնյան կընդունի Ռիքերին՝ կարելի է միայն կանխատեսել, քանի որ ԱԳՆ նոր խոսնակ ևս նշանակված չէ: Փաստորեն ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով այս պահին կարող է ընդունել Ռիքերին՝ փոխվարչապետն է, այս դեպքում՝ Տիգրան Ավինյանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ից արձակուրդում է՝ քարոզարշավ է իրականացնում։
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատարի այցը տեղի է ունենում մի փուլում, երբ տարածաշրջանային քաղաքականությունը եռում է, իսկ ՀՀ-ում չկա դիվանագետ ու բանակցող:
Ավելին, այցը նախորդում է հունիսի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Բայդեն-Էրդողան հանդիպմանը, որի օրակարգում նաև Ղարաբաղյան հակամարտությունն է, ինչպես նաև հունիսի 16-ին Ժնևում Բայդեն-Պուտին հանդիպմանը:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ Ռիքերի այցը Վրաստան հաստատեց, որ Հարավային Կովկասում և Սևծովյան ավազանում Վրաստանն ԱՄՆ-ի առանցքային գործընկերն է, ինչի հաստատումը չափազանց կարևոր է Վրաստանի համար, ինչը է՛լ ավելի կարևոր է ներքաղաքական անկայուն զարգացումների ֆոնին:
«Կարևոր էր այցը Վրաստանի եվրաատլանտյան հեռանկարների տեսանկյունից, քանի որ Վրաստանը չի մասնակցի առաջիկայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, սակայն կունենա հնարավորություն հետագա մերձեցմանը ՆԱՏՕ-ի հետ: Ամերիկյան կողմը ևս մեկ անգամ իր աջակցությունը հայտնեց Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Վրաստանի դերին Ռուսաստանի զսպման տեսանկյունից, և տարածաշրջանային վեցի ձևաչափին ևս, կարծում եմ, եղել է անդրադարձ, որը համագործակցության կարևոր հարթակ է Իրանի և Թուրքիայի հետ: Սա է եղել օրակարգը:
Իսկ այցերի օրակարգերը Հայաստան և Ադրբեջան կենտրոնացած են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնմանը, դրան խոչընդոտող հանգամանքներին՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցին սահմանային իրավիճակը խաղաղ հարթելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերին և տարածաշրջանային համագործակցության ձևաչափերին»,- ասաց վերլուծաբանը:
Նրա խոսքով, այցը միանշանակ չունի հայաստանյան ներքաղաքական կոնտեքստ, քանի որ այցի օրակարգը շատ ավելի լայն է:
«Այցը լիովին տեղավորվում է ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի շրջանակում և միտված է հասկանալու, թե որն է լինելու այս տարածաշրջանի դերը՝ առանձին վերցված Վրաստանի, ապա՝ Հայաստանի ու Ադրբեջանի դերը ԱՄՆ-ի համար տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նպատակների շրջանակում»,- ասաց նա: