Բաժիններ՝

Մանկավարժների դեֆիցիտ Հայաստանում. պետությունն իրավիճակային լուծում է առաջարկում

Հունիսկ 4–ին ԱԺ-ն ընդունեց « «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ ֆեսբուքյան իր էջում գրել էր,  համաձայն այդ լրացման՝ «տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, բայց մանկավարժի որակավորում չունեցող անձինք կարող են որպես ուսուցիչ աշխատել դպրոցում, եթե ուսուցչի թափուր հաստիքը չի համալրվել մանկավարժի որակավորում ունեցողի կողմից։ Անհրաժեշտ պայման կլինի մանկավարժության ուղղությամբ առնվազն 30 կրեդիտ հավաքելը»: Հենց փոխնախարարի գրառման տակ մեկնաբանություններով քննարկումներ էին սկսվել, թե ինչպե՞ս կանդրադառնա օրենսդրական այդ փոփոխությունը կրթական համակարգի վրա: 168.amկրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից հարցրեց, թե արդյոք այս ճանապարհով խնդի՞ր է դրվում՝ լուծել ուսուցիչների չլրացվող հաստիքների հարցը:

«Այո, որովհետև որոշ մասնագիտությունների գծով Մանկավարժական համալսարանում բավական քիչ են ընդունվում վերջին տարիներին, նաև հեռավոր փոքր գյուղերի համար է խնդիր մանկավարժներ գտնելը: Նույնիսկ Երևանում ունենք դպրոցներ, որոնք երկար ժամանակ չեն կարողանում ուսուցիչ գտնել, որովհետև կա այդ սահմանափակումը, որ պետք է ունենա մանկավարժական կրթություն, ինչը ոչ միշտ է հնարավոր: Այս տարբերակով հնարավորություն է տրվում այն շրջանավարտներին, որոնք չունեն մանկավարժական կրթություն, ստանալ 30 կրեդիտ և աշխատել: Հիմա կան համալսարաններ, որոնք այդպիսի դասընթացներ են անում, Դուք կարող եք լրացուցիչ վճարել, այդ դասընթացներն անցնել և ստանալ մանկավարժի որակավորում, սա հնարավորություն է տալու խնդիրը մի փոքր մեղմել և ներգրավել մարդկանց, ովքեր այլ համալսարաններ են ավարտել, բայց մանկավարժությունից հավաքել են այդ 30 կրեդիտը»,- ասաց Խաչատրյանը:

Մեր հարցին, թե օրենքում այս լրացումն արդյոք չի՞ նպաստի, որ ավելի պակասեն Մանկավարժական համալսարան դիմողները, փորձագետը պատասխանեց, որ դիմողներն արդեն իսկ քիչ են:

«Քանի որ այնտեղ դիմորդները պակասում են, խնդիր է առաջանում՝ այլ բուհերի միջոցով լրացնել այդ պակասը, այս որոշումը հենց այդ պատճառով է կայացվել, որ Մանկավարժական դիմողների թիվը քիչ է: Չեմ կարծում, որ սա կարող է էլ ավելի նվազեցնել, հետագայում հնարավոր է, բայց այս փուլում շատ մեծ ազդեցություն չի ունենա»,- ասաց Խաչատրյանը:

Իսկ մանկավարժի որակավորում ստանալու համար կազմակերպվող դասընթացների ընթացքում ուսանողը կհասցնի՞ ձեռք բերել այն որակներն ու հմտությունները, որ պետք է ունենա ուսուցիչը:

«Իհարկե ոչ, բայց այստեղ մի գործոն կա, որ կարող է դրական ազդել, այն է, որ եթե տվյալ մարդու մեջ կան այդ մարդկային որակները  ուսուցիչ դառնալու, այդ 30 կրեդիտը կօգնի, բայց եթե իր մեջ չկա այդ որակը, հաճախ 180 կրեդիտն էլ չի օգնում: Սա իրավիճակով պայմանավորված որոշում է, ընդհանուր առմամբ լավ որոշում չէ, բայց երբ այս իրավիճակում ես, որ պակաս ունես ուսուցիչների, այդ տեսանկյունով նայելիս ինչ-որ իմաստով իրավիճակային լուծում է: Իհարկե, լավ կլինի, որ նորմալ կրթություն ունենա, 4 տարի բակալավրիատ և այլն, բայց հիմա իրավիճակն այսպիսին է, և սա ինչ-որ չափով կարող է մեղմել: Խնդիրը մասամբ, շատ փոքր չափով կլուծվի, բայց այստեղ մի դրական բան էլ կա. հաճախ ունենում ենք դիմորդներ, որոնք բարձր միավորով ընդունվում են, օրինակ՝ ԵՊՀ, և իրենք լավ սովորողներ են, եթե այս հնարավորությունը տան, այս տարբերակում հնարավոր է, որ լավ սովորող մարդիկ գնան դպրոց, սա էլ է կարևոր քայլ»,- ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս