Արտագաղթում են նաև նրանք, ովքեր կայացել են, ունեն ֆինանսական միջոցներ և տեղափոխում են նաև իրենց կապիտալը․ Գևորգ Պողոսյան
Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանից մեկնողների քանակը գերազանցել է ժամանողների քանակին․ հունիսի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը՝ համեմատական անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։
«2020 թվականի արդյունքներով, ըստ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի մուտքերի և ելքերի տվյալների, հաշվեկշիռը դրական էր, իսկ 2021 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ բավականին բացասական էր»,- մանրամասնել էր նա։
Թեև հասարակական ու մասնագիտական տարբեր շրջանակներ, հիմնվելով նաև վիճակագրական ցուցանիշների վրա, ամիսներ շարունակ ահազանգում են արտագաղթի նոր ալիքի մասին, սակայն Միգրացիոն ծառայությունից դեռևս չեն շտապում գնահատականներ տալ․ նշում են՝ համավարակով պայմանավորված՝ այս տարվա և անցյալ տարվա տվյալները համադրելի չեն։
«Ճիշտ է, այս տարի առաջին եռամսյակում մեկնողների մեծ թիվ ենք ունեցել, աննախադեպ միգրացիոն սալդո (նկատի ունեմ՝ ելքերի ու մուտքերի տարբերությունը՝ մասնավորապես ՀՀ անձնագրով սահմանահատումների դեպքում), բայց մենք սա չենք դիտարկում ընդհանուր տարիների կտրվածքով միգրացիոն դինամիկայի ընդհանուր պատկերում, որովհետև վերջին երկու տարիներն անոմալ էին, և միգրացիոն դրսևորումների պատկերը խիստ աղավաղված է,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը՝ հավելելով, որ եթե անցյալ տարի համավարակով պայմանավորված սահմանափակումներն են ազդել թվերի վրա, այս տարի՝ այդ սահմանափակումների հանումը,- Մենք վաղ ենք համարում գնահատականները, թե մեծ արտագաղթ է սկսվել Հայաստանից, որովհետև առնվազն տարին պետք է ամփոփվի, փակվի, մեր սեզոնային միգրացիայի գործոնը պետք է հաշվի առնենք՝ տեսնենք, թե տարվա վերջում ովքեր են վերադառնում, և այդ կտրվածքով դիտարկենք՝ արդյո՞ք դա արտագաղթ էր՝ գնացին ու չեկան, թե՞ մեր սեզոնային միգրացիան էր, որն ամեն տարի ունեցել ենք»։
Նելլի Դավթյանը նկատեց, որ տվյալներն ընդհանուր են՝ ներառում են և՛ ՀՀ քաղաքացիների, և՛ օտարերկրացիների մուտքի ու ելքի մասին տեղեկությունը:
ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի գնահատմամբ՝ արտագաղթի վտանգը կա, իսկ համավարակի գործոնն անգամ ինչ-որ առումով կասեցնող դեր է ունեցել․ «Հատկապես պատերազմում տարած ահավոր պարտությունից հետո ենթադրվում էր և սպասվում էր, որ արտագաղթի ավելի մեծ ալիք կլինի, բայց հենց կորոնավիրուսի պայմաններն էին, որ կասեցնում էին արտագաղթը։ Այժմ սահմաններն աստիճանաբար բացվում են, ՌԴ-ն արդեն ընդունում է ՀՀ-ից մեկնողներին, և պետք էր սպասել, որ արտագաղթի ալիք կլինի, բայց այստեղ երկու ալիքներ են մեկնողների. առաջինն այն մարդիկ են, որոնք մշտապես մեկնել են արտագնա աշխատանքի և ստիպված էին ձմռանը մնալ կորոնավիրուսի պատճառով, իսկ երկրորդ ալիքն այն մարդիկ են, որոնք պատերազմում մեր պարտությունից հետո տրամադրություններով պայմանավորված՝ պարզապես տեղափոխվում են ապրելու այլ երկիր, հիմնականում՝ Ռուսաստան, քանի որ վիզային ռեժիմն այնտեղ ավելի թեթև է։
Երկրորդ ալիքը երկրի համար ավելի մեծ վտանգներ է պարունակում, որովհետև այն մարդիկ են, որ գնում են՝ չվերադառնան»։
Սոցիոլոգը նկատեց, որ մեկնողները սովորաբար բոլոր խավերից են՝ անապահովներ, միջին խավ, նրանք, ովքեր կայացել են, ունեն ֆինանսական միջոցներ և տեղափոխում են նաև իրենց կապիտալը։
Այդուհանդերձ, Գևորգ Պողոսյանի համոզմամբ՝ քաղաքական վիճակի կայունացման դեպքում արտագաղթի ալիքը հնարավոր է կանխել և անգամ ներգաղթ ապահովել․ «Մենք հիմա ՌԴ Դեմոգրաֆիայի ինստիտուտի հետ ծրագիր ենք իրականացնում, որը կոչվում է «Հայերը՝ Ռուսաստանում․ ինտեգրվե՞լ, թե՞ վերադառնալ»։ Մեզ, իհարկե, հետաքրքրում է երկրորդ բաղադրիչը․ վերադարձի, հայրենադարձության ռեսուրսն ենք ուզում ուսումնասիրել։ Մեզ հետաքրքիր է, թե ո՞ր պայմաններում մեր հայրենակիցները կվերադառնան, կվերադառնա՞ն, թե՞ չեն վերադառնա, և այլն։ Եվ կարող եմ ասել, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են տնտեսական, քաղաքական և հիմնականում անվտանգային վիճակի բարելավման դեպքում (այսինքն՝ պատերազմի վտանգն այսքան ակնառու չլինի) վերադառնալ»։
Նա հավելեց, որ ինստիտուտն ամեն տարի իրականացնում է արտագաղթի միտումների մասին ուսումնասիրություններ․ այս տարի տվյաները գուցե ամփոփեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։