Նիկոլ Փաշինյանն այցելելու է Փարիզ. Դաշնակցության կառույցները մերժում են նրա հետ ցանկացած հանդիպում

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն 168.am-ին է փոխանցել իրենց հայտարարությունը՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզ կատարելիք այցի հետ: Հայտարարության մեջ ասված է․

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելելու է Փարիզ: Այս այցելությունը, որն իրականացվելու է  պարզապես նախընտրական հաշիվներով, մերժում ենք: Նախևառաջ, նա այսուհետ պաշտոնապես ոչ մի հանգամանք չունի ներկայացնելու Հայաստանը: Փաշինյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններում թեկնածու է, ինչպես մյուս թեկնածուները: Ըստ այդմ՝ այս այցելությունը մենք համարում ենք զուտ անձնական, և ոչ մի ձևով այն չի կարող ունենալ համայնքային բնույթ:

Երկրորդ՝ Փաշինյանը Հայաստանն ու հայ ժողովրդին տարել է նվաստացուցիչ պարտության, և տակավին մի քանի օր առաջ  խոստացել է ստորագրել հերթական փաստաթուղթը, որն ավելի վաղ ստորագրած անձնատվության խայտառակ ու ամոթալի հայտնի  փաստաթղթի շարունակությունն է: Երրորդ՝ այն պահին, երբ մեր Հայրենիքը խորը ճգնաժամի մեջ է, երբ թշնամին հատել է մեր սահմանները, երբ թշնամու բանակն ամեն ժամ սպառնում է նոր հարձակումով և ներխուժումով, երբ ունենք նոր գերիներ, գերագույն հրամանատարի կոչումին և աթոռին կառչած անձը լքում է երկիրը և մեկնում արտասահման: Այս անպատասխանատու և դասալիք պահվածքն անընդունելի ու դատապարտելի է:

Դաշնակցության մեծ ընտանիքը, իր ուղեկից միություններով, տարբեր միավորներով և իր բոլոր հաստատություններով մերժում է նրա հետ որևէ տեսակի կապ կամ հանդիպում, և ևս մեկ անգամ  զգուշացնում է բոլորին՝ ոչ մեկը չհամարձակվի այս անտեղի ու անպատշաճ այցելությանը տալ համայնքային բնույթ»:

Տեսանյութեր

Լրահոս